Ըստ Հանրապետական կուսակցության երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ ՀՀԿ-ն գալիս է ապացուցելու, որ կարող է ճիշտ քննադատության ենթարկել այս կառավարությանը. «ՀՀԿ-ում մշտապես եղել են փոփոխություններ, որոնք հիմնականում խորքային փոփոխություններ են եղել: Այսօր մենք գալիս ենք ապացուցելու, որ այն փորձը, որը մենք տարիներ շարունակ կուտակել ենք, ցանկանում ենք որպես ընդդիմություն ծառայեցնել մեր երկրին»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Դիտարկմանը, որ այսօր քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների բաժանում է ՀՀԿ-ն, ոչ թե իշխող կուսակցությունը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.«Համաձայն չեմ, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները դադարեցրել են սևերի ու սպիտակների պայքարը: Նայեք Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթները՝ էլ թաղեց մեզ, էլ քաղաքականապես ու իրապես լուծում չունենք, մի խոսքով շարունակում է նույն հռետորաբանությունը»:
Հայկ Մամիջանյանը նշեց նաև, որ իրենք քարոզարշավի ընթացքում հանդիպում են քաղաքացիներին, շփվում նրանց հետ: Հարցին՝ ինչպե՞ս են քաղաքացիները դիմավորում նրանց, հաշվի առնելով, որ հեղափոխության օրերին ՀՀԿ-ին ուղղված սև ժապավեններ, ծաղկեպսակներ էինք տեսնում, Մամիջանյանը պատասխանեց. «Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մարդիկ դրանք ինքնաբուխ էին անում: Այդ ամենն ուղղորդված էր, իսկ հիմա ժամանակը ցույց կտա՝ ում քաղաքական սև ժապավենը որտեղ կփակցվի»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրի կետերից մեկում նշել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ձայն լսելի է լինելու, երբ ժամանակին այդ կուսակցության ղեկավարին մոտեցող քաղաքացիները ստանում էին պատասխաններ. «Եկել եք օրս փչացնեք, որ ի՞նչ անեք: Այսպես եք անում, որ «խիարը» թարս է աճում», Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Դուք նշեցիք իրարից տարբեր մի քանի իրադարձություններ: Այդ կինը, որ մոտեցել էր ՀՀ նախագահին, հանրապետության տարբեր պաշտոնյաների կողմից բազմաթիվ օգնություններ է ստացել: Դրանից հետո ես չեմ տեսել այդ կնոջ կողմից որևէ տեղ բողոքի ակցիաներ: Այդ միջադեպը ֆեյսբուքյան հեշթեգերի համար շատ լավ եղավ»:
Եզրափակելով խոսքը՝ Հայկ Մամիջանյանը Իմ քայլը դաշինքին ցանկացավ նույնչափ քննադատություն, որքան իրենց են ժամանակին քննադատել:
Մարիամ Հակոբյան