ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Իմ քայլը» դաշինքի անդամները Վանաձորում էին: Նրանց այստեղ դիմավորեցին հարյուրավոր համախոհներ: Աշխատանքից դուրս էին եկել եւ Հայքի հրապարակ շտապել նաեւ «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաների աշխատակիցները:
Բազմաթիվ վանաձորցիներ հանդիպման էին եկել, որպեսզի իրենց հուզող հարցերով դիմեն Նիկոլ Փաշինյանին: Նրանց մեծ մասը, սակայն հարցն ուղղելու հնարավորություն այդպես էլ չունեցավ. «10-12 մլն դոլարի օֆշորային գոտում գողացած փողեր ունենք, Փաշինյանն ասաց մինչեւ վերջին կոպեկը հետ ենք վերադարձնելու: Հիմա ես եկել էի, որ իմանամ այս հարցի պատասխանը, բայց չկարողացա մոտենամ, հնարավորություն չունեցա: Եթե այդ օֆշորային գումարները վերադարձնի ու ժողովրդին հասնի, ինձ օգտակար կլինի»,- ասաց քարոզարշավին ներկա մասնակիցներից մեկը:
Մի կին էլ վարչապետի պաշտոնակատարին անձնական հարցով էր ուզում դիմել, սակայն նրան նույնպես հարց տալու հնարավորություն չընձեռվեց. «30 տարի դոմիկում ենք ապրում, ոչ մեկն ուշադրություն չի դարձնում: Էդ դոմիկն այնքան ենք ռեստավրացիա արել, որ էլ տեղ չունի: Ո՛չ թույլ են տալիս մենք մեր դոմիկը սեփականաշնորհենք, ո՛չ մեր ապրած հողը մեզ նվեր են տալիս, որ մենք մեր տունը սարքենք ու պետության վզից վեր կենանք: Ոչ մի բանով մեզ չեն օժանդակում, շատ արհամարված ենք, թքած ունենալու տարբերակն է»:
Հավաքվածներն ասում են, որ հույսը նոր կառավարության հետ են կապում: Դրական արդյունք են ակնկալում: Քարոզարշավի մասնակիցներից ոմանք դաշինքի անդամների համար նաեւ նվերներ էին պատրաստել:
Վանաձորցիների հետ հանդիպումը «Իմ քայլը» դաշինքի անդամներն ավարտեցին արդեն ավանդական դարձած ծափերով:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ