«Վերջին շրջանում բացահայտված «սերժական» Դավիթ Շահնազարյանը հայտարարում է, թե մեր իշխանությունը եկել է Ղարաբաղը հանձնելու: Չեմ ուզում որեւէ զգացմունքային բաներ ասել, որովհետեւ ՀՀԿ-ն եւ Դավիթ Շահնազարյանը որեւէ էմոցիա չեն շարժում: Շահնազարյանը երիտհանրապետական է, նոր է ընդգրկվել ՀՀԿ-ի շարքերը»,-Ստեփանավանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ, անդրադառնալով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանի՝ Արցախյան հակամարտության առնչությամբ այսօրվա հայտարարություններին, ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրությունները:
«Բայց ուզում եմ հարցի պատասխանը ստանանք՝ հիմնվելով փաստերի վրա: Մեր կառավարությունը եւ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որն ասել է՝ ՀՀ ոչ մի ղեկավար չի կարող Արցախի հարցը լուծել, որովհետեւ լուծողը ժողովուրդն է: Եթե կլինի Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որը, իմ կարծիքով, ընդունելի կլինի ժողովրդի համար, ես այն կներկայացնեմ վերջինիս: Նա էլ կորոշի՝ ընդունե՞լ, թե ոչ: Սա է երաշխիքը, որ մեր իշխանությունը ուզենա էլ (եթե լինի խելագար եւ դավաճան իշխանություն), չի կարող իրականացնել այն, ինչ կա ՀՀԿ-ականների մտքում»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց՝ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որն Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում մատնանշել է՝ կարող է հանդես գալ ՀՀ անունից, բայց չի բանակցելու ԼՂՀ անունից. «ԼՂ դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը: Արցախի ժողովուրդն է հարցի լուծողը»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց. «Չեմ ընդունում այդ թվում Դավիթ Շահնազարյանենց՝ ժամանակին արտահայտած տեսակետը, թե Ղարաբաղի հարցին փորձագետի մակարդակով պետք է տիրապետի հինգ-վեց հոգի: Ես հակառակն եմ ասել՝ որքան շատ մարդ տիրապետի բանակցային գործընթացին, այնքան լավ մեզ համար, որովհետեւ ՀՀ զինված ուժերի, դիվանագիտական կորպուսի համար Ղարաբաղի հարցում չպետք է գաղտնիք լինի: Իսկ ժողովրդի պարագայում ես հաճույքով կպատմեի եղածը, բայց աշխատանքային նրբություններ կան»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Մենք հրաժարվում ենք պատասխանել «ՀՀ-ն պատրա՞ստ է փոխզիջումների» հարցին, քանի դեռ միջազգային հանրությունն Ադրբեջանին չի հարցնում այդ մասին: Երբ ստանաք պատասխանը, նոր կգաք՝ մեզ կհարցնեք: Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցն ուզում է լուծել այնպես, ինչպես ուզում է լուծել ձեզանից յուրաքանչյուրը: Եթե այսքանից հետո ՀՀԿ-ն ասում է, թե մեր կառավարությունն ուզում է Ղարաբաղը հանձնել, ուրեմն ՀՀԿ-ն ժողովրդին մեղադրում է նրանում, որ վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել: Ես գիտեմ՝ ժողովուրդն ինչպես է ուզում, հետեւաբար ՀՀԿ-ն ժողովրդին է մեղադրում Ղարաբաղը հանձնելու մեջ»:
Դավիթ Շահնազարյանի տեսակետը՝ այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ