Անդրադառնալով կրթական ոլորտին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ վերջին ամիսներին հաջողվել է փոխել դպրոցի միջավայրը եւ լուրջ հիմքեր դնել՝ առաջիկա բարեփոխումների համար
«Ժամը 15:15 է, փաստորեն, աշակերտները դասերից հետո են եկել հավաքի»,-Ստեփանավանում այսօր նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, կրթության եւ գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ այսօր Սպիտակում ու Վանաձորում նախընտրական հավաքների եկած աշակերտներին հետ են ուղարկել դպրոց. «Շատերը փախել էին, ուզում էին մեր թիմին տեսնել»:
Անդրադառնալով կրթական ոլորտին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ վերջին ամիսներին հաջողվել է փոխել դպրոցի միջավայրը եւ լուրջ հիմքեր դնել՝ առաջիկա բարեփոխումների համար. «Առաջիկայում պատրաստվում ենք քայլեր անել, որպեսզի բարձրանա կրթության որակը. առարկայական ծրագրերը վախեցնում են աշակերտներին: Ուսուցիչների սոցիալական խնդիրները գիտենք, մեր կառավարությունը վերահաստատում է՝ առաջիկա տնտեսական փոփոխությունների արդյունքում, երբ ավելանան բյուջեի եկամուտները, միջոցներն ուղղելու ենք այդ թվում կրթության եւ գիտության ֆինանսավորման ավելացմանը»:
Դիմելով ուսուցիչներին՝ Արայիկ Հարությունյանը վստահություն հայտնեց. «Այս ընտրություններում դուք թույլ չեք տա, որ ձեզ եւ դպրոցը ներգրավեն քաղաքական գործընթացի մեջ: Ով ուզում է լինի՝ թե իմ, թե «մտահոգների» (նկատի ունի ՀՀԿ-ին) կուսակցությունից… անմիջապես զանգում եք մարզպետարան եւ հայտնում, որ այս կամ այն թեկնածուն փորձում է ձեզ ճնշել, կամ ձեզ ներգրավել քաղաքական գործընթացի մեջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ