«Ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին. ու դա կատարյալ դեմագոգիա է: Քանի դեռ փոխվարչապետ Ավինյանը, որը 35 հազար դոլարի տենդեր էր շահել, նա բանտախցում չէ, ուրեմն նրա մտքով թող չանցնի խոսել կոռուպցիայի մասին: Որեւէ իրական քայլ կոռուպցիայի դեմ բացարձակապես չի կատարվել: Ընդամենը պրոպագանդա», – այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀԿ ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանը:
Հարցին՝ նոր իշխանությունները կադրային սով ունե՞ն՝ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Որ ասում են՝ կադրային սով կա ներկայիս իշխանությունների մոտ, ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ: Ինչո՞ւ են այս կառավարության անդամները այսպես խեղճուկրակ, որովհետեւ չկա քաղաքական գիծ, չկա քաղաքական ուղղվածություն: Իրենց առջեւ քաղաքական ծրագիր էր դրված սկզբից ներդրումներ բերել, հետո՝ քաղաքական խնդիրներ, հետո՝ արմատախիլ անել ՀՀԿ-ն, անընդհատ խնդիրները փոխում են, թե չէ այս ընթացքում ինչ-որ մի բան սովորած կլինեին: Փաշինյանը առաջ խոսում էր՝ ներդրումներ, ներդրումներ, անընդհատ Գրիգոր Համբարձումովիչի՝ Թումանյանի Գիքորի նման էստի համեցեք էր անում՝ ներդրումներ, ներդրողներ: Չի կարող դա լինի, ներդրողներին պետք է օրինականություն»: Շահնազարյանն ասաց, որ վարչապետն իր սկանդալային ասուլիսում ասում էր՝ մեքենայի գույնը փոխելու համար անգամ գալիս են ինձ մոտ. «Դե որովհետեւ քո բոլոր նշանակած նախարարները բյուրոկրատներ են, որոշում չեն ընդունում: Ինքն էլ որոշում չի ընդունում, մինչեւ հիմա որեւէ որոշում չի ընդունել, «Լիդիանի» հարցով որոշո՞ւմ է ընդունել՝ ո՛չ»:
Լրագրողները հարցրին՝ ասում եք, որ ՀՀԿ-ն ընդունել է իր սխալները, ՀՀԿ-ի կոպտագույն սխալը ո՞րն է եղել՝ Շահնազարյանը պատասխանեց, որ կտրված է եղել հասարակությունից, բայց հիմա շատ ավելի կտրված է ներկայիս իշխանությունը, իսկ ՀՀԿ-ի լավ քայլը արտաքին քաղաքականությունն է եղել, որը վարել է:
Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այսօր չունենք քաղաքացիական սեկտոր, բոլորը հեղափոխականներ են, բայց մոռանում են, որ իրենք ձեւավորվել են ՀՀ-ում վերջին տարիների ընթացքում, երբ ՀՀԿ-ի իշխանությունն էր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ