Մինչ Հայաստանում մեկնարկեց քարոզարշավն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ռուսները որոշեցին շուռ տալ «սեղանը» Սեւ ծովում
Ամբողջ սյուժեն սկսվեց դասական սադրանքի ժանրի կանոններով։ Ուկրաինական ռազմածովային ուժերի նավերը ուկրաինական Սեւծովյան նավահանգստից ուղեւորվում էին Ազովի ծովում գտնվող ուկրաինական նավահանգիստ, մինչդեռ պարզվեց, որ նրանք «ներխուժել են Ռուսաստանի տարածք», եթե որպես այդպիսին համարենք բռնակցված Ղրիմին հարող ակվատորիան։ Մյուս կողմից՝ Ազովի ծովում ազատ նավարկության վերաբերյալ ռուս-ուկրաինական պայմանագիրը դեռ գործում է, եւ Կերչի նեղուցից բացի՝ չկա այլ տարբերակ Սեւ ծովից Ազովի ծով մտնելու, ինչպես նաեւ դա անելու առանց «Ռուսաստանի տարածք ներխուժելու»։
Սակայն Մոսկվային դա քիչ է հետաքրքրում, եւ ուկրաինական փոքրիկ եւ բավականին հին բուկսիրն ուղղակի գրոհի ենթարկվեց ռուսական ռազմանավերի կողմից։ Հայտնի դարձավ նաեւ, որ եւս երեք ուկրաինական ռազմանավ ենթարկվել է գրոհի եւ գրավվել ռուսական զինուժի կողմից։ Պաշտոնական Կիեւը տեղի ունեցածը գնահատում է որպես միջազգային պայմանագրերի եւ իրավունքի կոպտագույն խախտում եւ ագրեսիայի ակտ, իսկ պաշտոնական Մոսկվան Ուկրաինայի ղեկավարությանն անվանեց «բանդիտներ» եւ «մայդանային գոպկոմպանիա»։
Դրան զուգահեռ՝ սրվել է իրավիճակը Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում, որտեղ դեռ հայեր են մնացել, եւ որտեղ Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական առաքելություն է իրականացնում որոշ ռազմական մասնագետների ներգրավմամբ։ Ասադի ԶԼՄ-ները հաղորդում են քիմիական զենքի կիրառման եւ դրանից հարյուրավոր տուժածների մասին, այնուհետեւ Սիրիայի ընդդիմադիրներին համակրող լրատվամիջոցները հայտնում են լայնամասշտաբ օդային ռմբակոծությունների մասին, որոնցից եւս հարյուրավոր մարդիկ են տուժել…
Նավթի գների անկումը, Պուտինի վարկանիշի ռեկորդային անկումը, ռուսաստանցիների աշխարհայացքի՝ ռեժիմի համար անբարենպաստ տեղաշարժերը դրդում են Կրեմլին նոր ռազմական արկածախնդրությունների ընդդեմ հարեւանների եւ շուռ տալու սեղանը։ Բնականաբար, թիրախի ընտրության ընթացքում Ուկրաինան կարող է թվալ որպես ամենաէֆեկտիվը պրոպագանդայի տեսակետից, որպեսզի մեծապետական շովինիզմի եւ լյումպեն-կայսերապաշտական հիստերիայի նոր ալիքով խեղդեն եւ խեղեն սոցիալական բողոքը։ Չմոռանանք, թե ինչ նախորդեց եւ հաջորդեց Ղրիմի բռնակցմանը. 1991 թվականից հետո ամենաբազմամարդ ցույցեր Մոսկվայում, Պուտինի երրորդ ժամկետ, «ռուսկի միռ»-ի եւ ԵԱՏՄ-ի գաղափար, որը սատարեցին հետխորհրդային բռնապետ-«դինոզավրերը», հայաստանյան նվաստացում սեպտեմբերի 3-ին, Եվրամայդան Կիեւում, սպանդ Կիեւի փողոցներում, Յանուկովիչի փախուստ դեպի Ռուսաստան, Ղրիմի բռնակցում, Պուտինի պատմական ելույթ՝ հիտլերյան ընդգծված երանգներով, ռուսական ներխուժում Դոնբաս, դրան զուգահեռ՝ խորացող եւ ընդլայնվող պատժամիջոցներ ընդդեմ Մոսկվայի մինչ օրս։
Ի դեպ, խորացնելու եւ ընդլայնելու մասին։ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ մենք պետք է խորացնենք եւ ընդլայնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Հետհեղափոխական ժամանակաշրջանում այդ «խորացնելու եւ ընդլայնելու» հռետորաբանությունը հասկանալի էր եւ արդարացված այն իմաստով, որ թավշյա հեղափոխությունը ապահովագրվի ռուսական ամենակոշտ միջամտությունից, ինչը հրահրվում էր նաեւ ներկայիս «մտահոգված» քաղաքական ուժերի կողմից։ Եվ եթե դա հաջողվեց, ապա իրականում, հռետորաբանությունից դուրս, այդ հարաբերություններն օբյեկտիվորեն վատթարացան։ Այժմ վարչապետի պաշտոնակատարն ուղղակի բացատրություններ է պահանջում մեր «դաշնակիցներից», մեր ԱԳՆ-ը հայտարարում է, որ, ասենք, Բելառուսի կողմից Ադրբեջանին զինելն ուղղակի դեմ է կոլեկտիվ անվտանգության տրամաբանությանը։ Դա էլ է միանգամայն հասկանալի եւ արդարացված, քանզի ուղղակի իրականությունն է այդպիսին՝ անտրամաբանական եւ աբսուրդային բոլոր առումներով։ Այսինքն՝ հարաբերություններում եթե ինչ-որ բան «ընդլայնվեց եւ խորացավ», ապա դա դեռ միայն դժկամությունն է հետհեղափոխական Հայաստանի, նրա կողմից վարվող քաղաքականության նկատմամբ, ինչը, ասենք, պարոն Լուկաշենկոյի կողմից կոչվեց «փողոցային կանոններ», որոնցով «չի կարելի մտնել մեծ քաղաքականություն»։
Պետք է ընդունել, որ գնալով ավելի դժվար կլինի համատեղել անհամատեղելին։ Որքան էլ Հայաստանն ունենա բացատրություններ, թե ինչու պետք է զգուշավորությամբ վերաբերվել հայ-ռուսական հարաբերություններին՝ հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, այդ բացատրություններն արժեզրկվում են միջազգային թատերաբեմում Մոսկվայի ահագնացող լկտիության պատճառով։ Եվ շարունակելով Մոսկվային անվանել «դաշնակից», որն ի ցույց է դնում բոլորի աչքի առաջ, թե ինչ որակի «դաշնակից» է, չափազանց դժվար է լինելու սեփական համբավն անձեռնմխելի պահելը։
Երբ քո «դաշնակիցն» իրեն պահում է որպես մանր քրեական, իսկ դու՝ այդ բարքերը մերժածդ, այդ բարքերի դեմ պայքարածդ, այդ բարքերը հաղթահարածդ, ցանկանում ես «խորացնել եւ ընդլայնել» հարաբերություններն այդ մանր քրեականի պահվածքով «դաշնակցի» հետ, որին սկսել են համարել ավելի վտանգավոր, քան «Ալ-Քաիդա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներն են, որն ինչպես եւ Բելառուսը, նավերով զենք է մատակարարում «գործընկեր» Ալիեւին, ընդ որում՝ բազմապատիկ անգամ ավելի մեծ ծավալներով, եւ եթե դա եւս եւ բազմապատիկ անգամ ուղղակի դեմ է կոլեկտիվ անվտանգության տրամաբանությանը, ապա անխուսափելիորեն հարցեր են առաջանալու՝ «խորացնելու եւ ընդլայնելու» ենք, որ ի՞նչ անենք։
Գուցեեւ որոշ ժամանակ այդ հռետորաբանությունն իներցիայով շարունակի աշխատել, սակայն ճշմարտության պահն անխուսափելիորեն կթակի մեր դուռը, եւ երբ «բալանսի» բերենք, թե ինչ ունենք եւ ինչ չունենք, կարող է բավականին տխուր պատկեր ստացվել։ Ի վերջո, եթե երկրի ներսում ներդրումների եւ բիզնեսի համար խոչընդոտները վերացվում են, եւ դա չափազանց կարեւոր է ապագայի համար, ապա դժվար կլինի ռազմավարական կարեւորության ներդրողներին համոզել ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ վարվում է քաղաքականություն, որը հաշվի չի առնում այդ «կոլեկտիվ անվտանգության տրամաբանությանը դեմ» գործող, ահագնացող պատժամիջոցների ներքո ճռռացող «դաշնակից» եւ նրա հովանավորյալ բռնապետական ռեժիմների պատանդի կարգավիճակից դուրս գալու միանգամայն տրամաբանական հրամայականը։
Ուստի հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, սակայն իրականությունը պահանջելու է կոնկրետ քայլեր կոնկրետ ժամանակաշրջանում։ Փաստորեն, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա՝ պահպանելով դաշնակցային հարաբերություններ Մոսկվայի հետ։ Սակայն փաստ չէ, որ Մոսկվայի մեր «դաշնակիցները» կհաշտվեն դիվերսիֆիկացվող, ազատ, ինքնիշխան Հայաստանի գոյության հետ։ Եվ ըստ ամենայնի, գոնե հրապարակային հարթության վրա, մնում է հարցը բաց՝ ո՞րն է լինելու Երեւանի հաջորդ քայլը։
Նկարում՝ ռուսական բեռնատար նավը փակել է Կերչի նեղուցը (Deutsche Welle)։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» ,
27.11.2018
իսկապէս շշմեցուցիչ է… բնաւ չէ՞ք ուզէր նկատի ունենալ որ Ղրիմի շուրջ այժմ վերարծարծուած ճգնաժամը Արեւմուտքի գրգռումի պատճառով գոյացաւ… ճիշդ ինչպէս որ տեղի ունեցաւ Ղրիմի «կորուստը» Ուկրայինայի համար… նոյն պահուն երբ, այո, Հալեպը սկսան ռմբակոծել իսլամիստները, Արեւմուտքի – եւ Թուրքիոյ – հրահրումով…
եւ երբ նոյն արեւմտեան ուժերը, արհեստական պատրուակներով, պատռեցին Պարսկաստանի հետ խաղաղութեան միտող պայմանագիրը, եւ կը ջանան պատերազմ սկսիլ այդ երկրին դէմ..
մինչ անոնց ամենամթին լծակները ամէն բան կ’ընեն որ թոյլ չտան Թրամփին լեզու գտնել Փութինին հետ
եւայլն, եւայլն
բացարձակ ռուսատեացութիւնը կոյր դարձուցած է ձեր մէջ ամենախելացիները անգամ, ինչպէս օրինակի համար այս լրագրողը
ՌԴ-ի հետ հարաբերություններին շատ եմ անդրադարձել: Անդրադառնամ միայն այս հատվածին՝ «…դժվար կլինի ռազմավարական կարեւորության ներդրողներին համոզել ներդրումներ կատարել մի երկրում, որտեղ վարվում է քաղաքականություն…»: Կարծում եմ, որ «ռազմավարական կարեւորության ներդրողներին» այսօր հետաքրքրում է և վաղը ևս կշարունակի հետաքրքրել մեր սեփական թնջուկը՝ Ամուլսարը, և ոչ թե Պուտինի հետ Նիկոլի լավ կամ վատ լինելը: