Aravot.am-ը ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանին այսօր «Հայելի» ակումբում հարցրեց՝ Մարտի 1-ի հետ կապված ձեր դիտարկումները բուռն քննադատության արժանացան, հատկապես շշերը հավաքելու դրվագը, դրա հետ կապված Ալեն Սիմոնյանը ասել էր, որ Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է, թե ինչպես եք դուք համոզել, որ դեսպանատների մոտ պատսպարվել ցանկացող մարդկանց տանեք «Հրազդան» մարզադաշտ, ինչո՞ւ եք փորձել նման բան անել:
Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Նախ, իշխանության ներկայացուցիչներին կոչ կանեմ Մարտի 1-ի հետ կապված հարցերով դիմեն իրենց պրոպագանդիստական օրգանին, որը կոչվում է ՀՔԾ: Ես Մարտի 1-ի վերաբերյալ որեւէ դիտարկում չեմ արել վերջերս, ընդամենը նկարագրել եմ համառոտ այն, ինչին ես մասնակցել եմ ու այն, ինչին ականատես եմ եղել: «Հրազդան» մարզադա՞շտ, Մարտի 1-ին ֆուտբոլ չկար; Սա ցույց է տալիս, թե իշխանության ներկայացուցիչներն ինչքան անտեղյակ են ամեն ինչին: Դուք ասացիք շշեր հավաքել, ես ասել եմ շշեր ջարդել: Իհարկե, դրանք այն շշերն էին, որոնք քրեական խմբերի կողմից ջարդած խանութներից տարբեր մարդիկ տանում էին եւ խնդիր կար, որ հանկարծ այդ շշերը չօգտագործվեին ցուցարարների կողմից: Այդ մարդիկ շատ լավ գիտեն ինչ է եղել, ինչ ես ասել եմ, որեւէ արտառոց բան չկար, որովհետեւ դրա մասին բոլորը գիտեին ու հիմա շատ լավ իմացողներն իրենց դրել են ռետինե խողովակի տեղ: Փորձում են մոլորեցնել Մարտի 1-ի զոհվածների հարազատներին ու օգտագործել բացառապես քաղաքական նպատակներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ