Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը». Դավիթ Շահնազարյան

Նոյեմբեր 27,2018 13:57

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ ցուցակի 3-րդ համարով առաջադրված Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «ՀՀԿ-ի երեկվա միջոցառմանն ավելի շատ մարդ էր մասնակցում, քան Փաշինյանի երթին»:

Անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ ապրիլյան հաղթանակն ավելի կարեւոր էր, քան արցախյան պատերազմում տարած հաղթանակը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ դեկտեմբերի 4-ին ասուլիսով հանդես կգա ու կապացուցի, որ «այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, ես խոստանում եմ՝ դուք բոլորդ դրանում կհամոզվեք, Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչ հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ինքն առաջադրվել է ՀՀԿ ցուցակով, քանի որ համարում է, որ այլ ընդդիմություն գոյություն չունի, մյուսներն ուղղակի հեղափոխականներ են. «Երեւանի քաղաքապետի ընտրություններին, երբ ընդդիմություն չէր մասնակցում, արդյունքում ձեւավորվել է այսպես կոչված հեղափոխական ավագանի եւ նորընտիր քաղաքապետի առաջին գործողությունները բարբարոսություններ էին, թե ինչպես էր նա տները քանդում: Սա պետք է՝ հասկանալու համար, թե ինչ է առանց ընդդիմության իշխանությունը: Երեկ չէ առաջին օրվանից իշխանությունն անցավ կատարյալ ամբողջական հակաքարոզչության: Իշխանությունն իր մեջ քաղաքական բովանդակություն բացարձակապես չունի, քաղաքական պայքարի ընդունակ չէ: Իրենք հստակ հասկացել են, որ մեծամասնություն ստանալու խնդիր ունեն»:

Լրագրողները փոխանցեցին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀԿ-ն պիտի բանակի մասին ծպուտ չհանի, որովհետեւ 20 տարի թալանել են բանակը: Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Հենց ՀՀԿ-ն է, որ պիտի խոսի: Հայաստանում առաջին անգամ իշխող քաղաքական ուժը, իշխանությունից հեռանալով՝ ընդունել է իր սխալները ու չի խուսափում պատասխանատվությունից: Դուք չե՞ք զգացել, որ բանակի նկատմամբ առաջին օրվանից հարձակումներ են գնում Փաշինյանի կողմից, չե՞ք զգացել: Հիմա արդեն բանակը դարձել է իր թիրախը: Երբ առաջին գծից մարտական գեներալներին ու սպաներին ծանուցագրերով կանչում են ՀՔԾ եւ ինչ-որ կապիտանի հավասար աստիճան ունեցողները նրանց սպասացնում են ժամերով, դա ուղղակի ուղղված է բանակի դեմ, ավելին՝ դրա նպատակն է բանակը բերել այն վիճակի, ինչ վիճակի այսօր ոստիկանությունն է: Դա նպատակն է, ոչ թե դա գալիս է անփորձությունից: Բանակն այնքան նուրբ օրգանիզմ է, որ բանակի հետ պետք է հասկանալ ինչ ես անում: Հայտարարություններ են եղել իշխանության կողմից, որ ԱԱԾ-ի կողմից հրամանատարներ են կալանավորվել: Օրինակ, 41-45 թվականին խորհրդային բանակի գեներալներն ու գնդապետները, բարձր սպայական կազմը ումի՞ց էր ավելի շատ վախենում՝ թշնամո՞ւց դիմացը կանգնած, ոչ, НКВД -ից՝ թիկունքում կանգնած: Բանակում նման բաների մասին ԱԱԾ-ն ուղարկում է գրություն սովորաբար բանակի ղեկավարությանը, ձեզ թվում է այն ժամանակ, երբ ես ԱԱԾ-ն էի ղեկավարում, նման բաներ չե՞ն եղել, շատ-շատ են եղել: Ես տեղյակ էի պահում դրանց մասին այն ժամանակ ՊՆ նախարարին՝ Սերժ Սարգսյանին, բայց ԱԱԾ-ն որեւէ ձերբակալություն բանակում չի կատարել»:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ այսօրվա ԱԱԾ-ին չի մեղադրում. «Բանակի թուլացումը կատարվում է վարչապետի հրահանգով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930