«Սասուն Միքայելյանը միտքը ձեւակերպել է, հետո՝ պարզաբանել: Բանը հասել է նրան, որ որոշ ՀՀԿ-ականներ՝ Շուշան Պետրոսյան, Արմեն Աշոտյան, Արցախյան ազատամարտը, ուշադիր լսեք, որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից»,-Սպիտակում այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով ազատամարտիկ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի՝ քննադատված հայտարարությանը, ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ ԱԺ ընտրությունները:
Փաշինյանը շարունակեց միտքը. «Տո ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում ասկոլկա կա… դուք այդ ումի՞ց եք պաշտպանում, դուք, որ երկար տարիներ բերաններդ ջուր առած՝ ղեկավարել եք բանակի թալանը, հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը: Թույլ չեմ տալու: Չեմ հիշում, որ որոշները, այդ թվում՝ Արցախում, որեւէ նախադասություն ասած լինեն այն ժամանակ, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել եւ կերակրել է իր արջերին-շներին»:
Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Սասուն Միքայելյանին քննադատողներին. «Բա ո՞ւր էիք այդ ժամանակ, ա՛յ ազատամարտի «պաշտպաններ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ