«Որոշ գյուղերի մարդիկ ինձ ասացին, որ վախենում են ՀՀԿ-ից: Իշխանությունը վերադարձվել է ժողովրդին, ուստի վերջինս որեւէ քաղաքական ուժից վախենալու հիմքեր չունի: Քաղաքական ուժերը պետք է ձեզանից վախենան»,-Սպիտակում այսօր դիմելով քաղաքացիներին՝ ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ ԱԺ ընտրությունները: «Այն ՀՀԿ-ական գյուղապետերը, որոնք մտածում են մարդկանց վախեցնել, իմացեք՝ անձամբ գալու եմ ձեր հետեւից եւ վզներիցդ դուրս եմ շպրտելու ձեր գրասենյակներից»,-ասաց Փաշինյանը, ապա հարցադրում արեց,-«ո՞նց թե, այս երկրում մարդ կա, որը համարձակվում է ժողովրդին վախեցնե՞լ»: Բազմության միջից հնչեց՝ «այո՜»: Փաշինյանն արձագանքեց. «Այո՞, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտին, ու տարիներով վեր չեք կենա ասֆալտից»:
Ապա Փաշինյանը ոստիկանությանը կոչ հղեց. «Չփորձի մեկը թփրտալ՝ գող կլինի, հաստավիզ կլինի…պատերով կտանք բոլորին… ձեր տեղը բանտերում է՝ գողեր, թալանչիներ, ստահակներ: Մեկդ չթփրտա՝ «աֆտարիտետ» եք, ինչ եք…»: Ապա Փաշինյանը կրկին դիմեց ընտրողներին. «Եթե չեք ուզում ՀՀԿ-ն այլեւս լինի, ուրեմն ոչ մի քվե մի տվեք նրան, ոչ մի ձայն ՀՀԿ-ին: Չի կարելի ներել, փորձն է դա ցույց տալիս: Որքան փորձում ենք սիրո եւ համերաշխության մթնոլորտը տարածել, ոմանք առիթավորվում են դրանից: ՀՀԿ-ականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը, ոչ մի ձայն ՀՀԿ-ին»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսին՝ «եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին». «Եթե ազատ քաղաքացի ես, ձայն չտաս ՀՀԿ-ին: Ձայն չտաք այն ուժերին, որոնք թեկուզ մի անգամ ընտրակաշառք կամ սպառնալիք են կիրառել: Ոչ մի ձայն այն ուժերին, որոնք մտածում են, թե ՀՀ-ում հնարավոր է զենքով եւ բռնությամբ հարց լուծել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ