Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք գիտե՞ք՝ պրոֆեսիոնալ հանցագործները որտեղ են թաքցնում դիակները՝ նոր դիակների քողի տակ». Դավիթ Շահնազարյանը՝ Փաշինյանի մասին

Նոյեմբեր 27,2018 13:13

«ՀՀԿ-ն արել է երկու կարեւոր քայլ՝ ի շահ մեր պետության: Առաջինը՝ այն, որ այսօր իշխող վարչախումբն ու նրա պարագլուխը անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա , իրենց ասելով՝ հեղափոխություն: Եթե այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել: Դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումով: Առնվազն հարգանքի է արժանի այս քայլը: Եթե որեւէ մեկը կարծում է,որ իշխող կուսակցությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառել, խորապես սխալվում են: Ի՞նչ է, Երանոսյան Լյովան  պիտի հրաման չկատարե՞ր»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու Դավիթ Շահնազարյանը:

ՀՀԿ-ի երկրորդ պետականամետ քայլը, ըստ Դավիթ Շահնազարյանի, այն է, որ ՀՀԿ-ն մասնակցեց ընտրություններին. «Երբ դեռ որոշված չէր՝ ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրությանը, թե՞ ոչ, ես հանդիպեցի կուսակցության ղեկավարներից մեկի հետ, հարց տվեցի՝ մասնակցելո՞ւ եք ընտրություններին, թե՞ ոչ, գիտե՞ք ինչ պատասխան հնչեց՝ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի, եւ շատ վտանգավոր է ունենալ այսօր ՀՀ-ում կասկածելի լեգիտիմությամբ ընտրություն»: Նա ասաց, որ այս ընտրությունները փաթաթված էին մեր հասարակությանը, ու չգնահատել ՀՀԿ-ի կողմից նման փաստարկը՝ չի կարելի:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ իշխող վարչախումբն ու նրա ղեկավարն ամեն ինչ անում են՝ ընտրությունների վրա ստվեր գցելու համար. «Վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում է»:

Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ՀՀ անկախության պատմության ընթացքում երբեւէ մարտահրավերներն այսքան լուրջ չեն եղել ու այսքան շատ չեն եղել: Նա նախ խոսեց համաներման մասին՝ ասելով. «Աննախադեպ իրավական ակտ է, պետությունն իր իրավունքները զիջում է մասնավոր անձանց՝ զոհվածների հարազատներին, պատկերացնո՞ւմ եք: Նկատի ունեմ 2 տարի առաջ ոստիկանական գնդում տեղի ունեցած ահաբեկչական գործողություն իրականացնողներին: Դա գործողություն էր առաջին հերթին պետության դեմ: Քանի որ այսօրվա գործող վարչախմբի պարագլուխը հայտարարում է, ըստ էության, որ ինքը պետությունն է, ասում է՝ նախկին պետության վրա կրակել եք, մենք նոր պետություն ենք: Ավելին՝ ինքը հայտարարում է, որ՝ ժողովուրդը ես եմ, չնայած արդեն պարզ է, որ այդպես չէ: Նա ասում է, որ հանցագործությունները կատարողների համաներման որոշումը պետք է ընդունեն զոհված ոստիկանների հարազատները, այն ոստիկանների, որոնք պետության վրա արձակած կրակոցներն ընդունեցին իրենց վրա: Պատկերացնո՞ւմ եք ինչքան թույլ պետք է լինի պետությունը, որ արդարադատության իրականացումը թողնի մասնավոր մարդկանց վրա: Այդ մարդկանց ազատ արձակելը լրջագույն հարված էր մեր ողջ իրավապահ համակարգի վրա: Ոստիկանությունը երբեւիցե չի եղել այսքան թույլ եւ նվաստացած՝ իշխանության կողմից՝ պետության կարեւորագույն ատիրիբուտներից մեկը: Այսօրվա ոստիկանապետն այս մասին առնվազն պետք է մտածի: Սա արժանապատվության հարց է եւ կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչն ի զորու չէ անել ներկայիս իշխանությունը»:

Խոսելով ներկայիս իշխանության մասին՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Դուք գիտե՞ք պրոֆեսիոնալ հանցագործները որտեղ են թաքցնում դիակները կամ իրենց հանցագործությունները՝ նոր դիակների կամ նոր հանցագործությունների տակ: Օրինակներ բերեմ՝ օգոստոսին, երբ մամուլում հայտնվեց գաղտնալսման ձայնագրության մասին, նույն օրը երեկոյան վարչապետին հանրահավաքում պետք էր մի այնպիսի նորություն, որը կխլացներ դա, եւ բացառապես դա էր պատճառը, որ նույն երեկոյան նա հայտարարեց՝ պառկեցնել ասֆալտին, ծեփել պատին: Այդ գաղտնալսման աղմուկը, որն ինքնըստինքյան մեծ ու շատ աղմկալի իրադարձություն էր, ըստ էության, լռեցվեց այդ հայտարարություններով: Նման օրինակները շատ են: Երբ նա մասնակցում էր ՀԱՊԿ-ի վերջին գագաթաժողովին, ու երբ արդեն իր համար ակնհայտ դարձավ ինչ ինքը գիտեր իրականում դեռ օգոստոսից, որ ՀՀ-ն չի պահպանելու ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, անմիջապես դրանից հետո հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էլի մի ցնցող հայտարարություն արեց: Մամուլը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, ըստ էության չանդրադարձավ նրան, ինչ տեղի էր ունեցել ՀԱՊԿ-ում: Իսկ հայտարարությունն այն էր, որ ՀՀ-ում 800 հազար այսպես կոչված անբան կա: Գիտեք, նույնիսկ մեր թշնամիները հայ ժողովրդին նման գնահատական չեն տվել, նույնիսկ օսմանյան կայսրությունում ու դրանից հետո: Հասկանո՞ւմ եք՝ անբան, ծույլ… պետք էր նոր ինֆորմացիոն առիթ՝ փակելու հերթական տապալումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930