«168 ժամը» օտարերկրյա փորձագետների հետ քննարկել է այս ընտրություններին ընդառաջ երևակվող արտաքին քաղաքական պահանջները, դրանց իրատեսականությունն ու հեռանկարայնությունը։ Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Հայաստանում միշտ են եղել արևմտամետ ուժեր, հնչեցրել են ԵԱՏՄ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները կամ հարաբերությունների որակը վերանայելու պահանջներ, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում եղել են խնդիրներ, այդ թվում՝ հարուցված Ռուսաստանի կողմից։ «Այսինքն՝ եղել են խնդիրներ, որոնք դժգոհության և պաշտոնական մակարդակում համապատասխան քննարկումների արդյունքում, կարծում եմ, վերանայվել են և դեռ կվերանայվեն։ Բայց նման արմատական պահանջներ երբեք չեն հնչել, թեև զարմանալի չէ, որ նման պահանջներ հնչեցնում են «Սասնա ծռերը», որոնց մենք տեղյակ ենք հայտնի իրադարձությունների միջոցով։ Ես չեմ կարծում, որ ընդհանրապես հակառուսական այդ պահանջները և նրանց մյուս արտաքին քաղաքական պահանջներն աջակցություն են գտնելու հասարակության շրջանում, քանի որ դրանք դուրս են իրատեսականությունից։ Այդ պահանջներին լուրջ չեն վերաբերվի։ Արտաքին քաղաքականությունը մշակվում է՝ ելնելով փաստերից, իրողություններից և հնարավորություններից, նման ծրագրերը դուրս են այդ կոնցեպտից»,- նման կարծիք հայտնեց Ստանիսլավ Տարասովը։ Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները, որոնք նախկինում ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու կոչով հանդես եկող ալյանսում էին, հրաժարվեցին այդ պահանջից, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ-ռուսական սերտ հարաբերություններն անհրաժեշտ են ՀՀ–ին, քանի որ կան լուրջ խնդիրներ այս տարածաշրջանում։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: