Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքական ամուսնություն»՝ առանց երեխայի. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 27,2018 12:15

«Ժողովուրդ» օրաթերթը դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների, նախընտրական քարոզարշավի եւ հանրության սպասելիքների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

– Պարոն Սարտիրոսյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին ծանո՞թ եք։ Համաձա՞յն եք, որ այսօր ծրագրերը, քարոզարշավի բովանդակային մասը մղվել է հետին պլան, եւ առաջնային տեղում պոպուլիզմն է։

– Հայաստաևյան նախկին ընտրություններում ուժ, փող ունեցողներն առաջարկում էին ծրագրեր, որոնք կազմվել էին մասնագետների կողմից, բայց անգամ այդ մասնագետները գիտեին, որ տվյալ ծրագիրը պարզապես թղթի կտոր է, որը իրական կյանքի հետ կապ չուներ։ Այսօր գոնե ինչ-որ բաներ փոխվել են, ու կարող է պատահել այնպես, որ ներկայացվող ծրագրերն իրագործվեն։ Սակայն այսօր Հայաստանը ինտելեկտուալ առումով սարսափելի ծանր վիճակում է։ Վերջին 20 տարվա ընթացքում հնդկական ու հայկական տխմար սերիալներն իրենց գործն արել են, դպրոցներում կրթության ցածր որակն իր գործն արել Է։ Ուստի այս համատարած անգրագիտության ֆոնին խոսել ծրագրերից, նշանակում է փորձել ազդել հանրության փոքրամասնության վրա։ Հիմարը կուզենա կորցնել մեծամասնությանը եւ աշխատել, ասենք, 800 հոգու հետ, որոնք ունակ են կարդալ, խոսել ծրագրերի մասին։

– Բայց չէ՞ որ ժողովրդին էմոցիաներով երկար չես պահի, հանրության գիտակից հատվածը ցանկանում է ծանոթանալ հստակ ծրագրերի, ուզում է տեսնել խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ։ Ի դեպ, նրանց մի մասը կողմնորոշված չէ, եւ բովանդակային առումով հարկավոր են երաշխիքներ՝ այս կամ այն ուժի հետեւից գնալու համար։

– Ես իմ վաճառած գրքերի քանակով գիտեմ, որ Հայաստանում մոտավորապես 100 հոգու է հետաքրքրում ինտելեկտի գործոնը։ Սա է Հայաստանի խղճուկ, սարսափելի վիճակը։ Հայաստանի աղետը Ադրբեջանը չէ, այլ անկրթությունը, անմշակույթ լինելը։ Երբ հանդես եմ գալիս քննադատություններով, ինձ ասում են, որ չի կարելի միանգամից բուժվել, ասում եմ. «Ո՞նց, այսինքն՝ դուք գիտեք, որ հիվանդ եք, եւ բուժումը չե՞ք սկսում հենց այսօրվանից»։

– «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը տեսակետ է հայտնել, որ այս խորհրդարանն ունենալու է 2 տարվա կյանք։ Նա կարեւորել է երկու տարվա ընթացքում նոր Սահմանադրության մշակումը, ժողովրդի կամարտահայտությամբ դրա ընդունումը, հետո արդեն այդ Սահմանադրության հենքի վրա նոր ընտրությունների անցկացումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը։

– Գալիք ընտրությունը կարեւոր է, բայց էապես ավելի կարեւոր է դրա հաջորդ ընտրությունը։ Հաջորդ ընտրությունը ցույց է տալու բոլոր միտումները։ Այն տիպի ընտրություն, որը տեղի կունենա դեկտեմբերին, արդեն ունեցել ենք, այսինքն՝ ամուսնություն արդեն եղել է, բայց հաջորդ ընտրություններում երեխա չի ծնվել։ Հիմա մեզ պետք է ընտրություն, որի արդյունքում կծնվի երեխա՝ հաջորդ լեգիտիմ ընտրությունը։ Մենք ունեցել ենք սկիզբը, բայց չենք ունեցել շարունակությունը։ Հիմա ամենակարեւորը այդ շարունակականությունն ապահովելն է, հիմնական խնդիրը այդ «բալիկի» ծնունդի ապահովումն է։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930