Կառավարությունում ընտրություններից հետո նոր վերակազմավորում է սպասվում եւ գործազրկության նոր ալիք։ 18 նախարարության փոխարեն ունենալու ենք 11 կամ 12-ը։
Դրանց մի մասը միանալու է իրար, մյուսները կրճատվելու են։ Եթե հաշվի առնենք, որ ամեն նախարարություն՝ կից կառույցներով, մոտ 300-400 աշխատող ունի, բուն նախարարության ապարատում՝ 150-ի կարգի, ապա ստացվում է, որ կրճատումների արդյունքում առնվազն 3-3,5 հազար մարդ անգործ է մնալու։ Վարչությունների ու առընթեր կամ կրկնվող ֆունկցիաներով մարմինների կրճատվող հաստիքների հետ միասին գործազուրկ չինովնիկների բանակը, ամենահամեստ հաշվարկով, մոտենալու է 5 հազարին։
Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը ճշտում է. «Մի պատկերացրեք, որ վերակազմավորում է լինելու, մարդիկ ազատվելու են աշխատանքից ու վերջ։ Այդպես չի լինի»։ Սակայն որեւէ թվային տվյալ նա չհայտնեց։ «Այդ հարցերը հիմա քննարկվում են։ Աշխատանքային քննարկումներ են ընթանում կառավարությունում։ Դեռ վերջնական պատկեր չկա, եւ այս պահին որեւէ տեղեկություն հայտնել չենք կարող։ Վերջնական տարբերակը կլինի, կհրապարակենք»,- ասաց խոսնակը։ Որոշ լուրերի համաձայն, կրճատվողների մոտ մեկ երրորդը կտեղավորվի կառավարման համակարգում, սակայն նախընտրական փուլում թեկուզ 1000 պետական պաշտոնյայի մոտալուտ գործազրկության մասին պաշտոնապես հայտարարելն ինքնասպանություն կլիներ։ Ահա թե ինչու քննարկումները փակ են։
Ի մի բերելով ապարատում մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները՝ այս պահի դրությամբ ունենք հետեւյալ պատկերը։ Վերակազմավորման արդյունքում վերանալու են մշակույթի, սփյուռքի եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունները։ Սփյուռքի նախարարության փոխարեն ունենալու ենք վարչություն, սահմանափակ աշխատակազմով՝ ԱԳՆ-ի կազմում։ Փաստորեն, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջարկը՝ հզորացնել այն, ավելի մեծ գործառույթներով ու լծակներով գերատեսչություն դարձնել, որի մասին նա պատմում էր իր ասուլիսում, չի անցել։ Մշակույթի նախարարությունը, ըստ կառավարության աղբյուրի, միանալու է կրթության նախարարությանը։ Առանձին ստորաբաժանման կարգավիճակից զրկվելու են նաեւ հանրային ծառայությունները կարգավորող եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովները։ Պետեկամուտների կոմիտեն, այս պահին քննարկվող տարբերակում, կրկին միանալու է ֆինանսների նախարարությանը։ Կուլիսներում դա բացատրում են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից դժգոհություններով։
Միանալու են բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարությունները։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում