«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է «Մենք» դաշինքը գլխավորող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, ի՞նչ սկզբունքով են կազմվել «Մենք» դաշինքի ցուցակները։
– Երկու հիմնական սկզբունք, առաջինը՝ ի՞նչ ծառայություններ ունի մարդը հայրենիքի հանդեպ, ի՞նչ է արել, եւ երկրորդ սկզբունքը՝ կիսո՞ւմ է արդյոք այն գաղափարախոսությունը, ինչը ունի «Մենք» դաշինքը։ Քանի որ մեր մոտեցումները ե՛ւ տնտեսության առումով, ե՛ւ աշխարհաքաղաքական մոտեցումների առումով իրարից ոչնչով չեն տարբերվում, եւ ուզում եմ նշել, որ սա բացառիկ բան է, միանշանակ նպատակահարմար է ընտրությունների դաշինքով գնալ։ Երկրորդ՝ կար խնդիր, քանի որ ես մշտապես դաշինքով էի մասնակցել, հիմա առանձին մասնակցելը դառնում էր վտանգավոր, որովհետեւ երբ դու մեծից իջնում ես փոքրի, դու կասկածի տակ ես դնում քո անցողիկության հնարավորությունը։ Սա արդեն կասկած է առաջացնում, թե վախեցար։ Իսկ հերիք է՝ դու ցույց տաս, որ վախեցար՝ կարող ես չանցնել, բոլորն են սկսում կասկածել՝ դու կանցնես, թե չէ, եւ քո մրցակիցներն էլ դա օգտագործում են։ Միասնականությունը շատ կարեւոր եմ համարում երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու, ե՛ւ դաշինքով, ե՛ւ հենց «Մենք» անվանումով ուզում եմ, օրինակ, ցույց տալ, որ խնդիրներ լուծել պետք է ոչ թե ձեւական դաշինքներով, այլ իրական դաշինքներով, իրական համախմբմամբ, գաղափարական նույն ուժերի միավորմամբ։ Մեր դաշինքը քաղաքագիտական առումով ամենագրագետ ձեւավորված դաշինքն է։
– «Մենք» դաշինքը նոր է ձեւավորվել. մտավախություն չկա՞, որ այն դեռ չի ընկալվել հասարակության կողմից։
– Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մտավախություն պիտի չունենա «Քաղաքացիական պայմանագիրը», որովհեւոեւ «Իմ քայլը» դաշինքը ավելի շատ ՔՊ-ն է, եւ այնտեղ դաշինքային հարաբերություններ չեն, իսկ մերը իրական դաշինք է։ Իհարկե, մտահոգություններ կան, բայց դա հաղթահարելու համար պետք է աշխատել։ Պետք է ճիշտը ասել, հանրության հետ հաճախ հանդիպել, լինել բակերում, փորձել հնարավորինս շատ քվե հավաքել։ Ընտրությունների խնդիրը քվեներ հավաքելու մեջ է, բերքահավաք պիտի անես եւ դա պիտի անես գրագետ եւ խելացի, առանց չարության, որովհետեւ առանց էն էլ ժողովուրդը հոգնել է վեճերից ու կռիվներից, պիտակավորումներից։ ժողովուրդը հանգիստ կյանք ու լուծումներ է ուզում տեսնել, ժողովուրդը պաշտպանվածություն է ուզում, ու եթե դու ունես բանալիներ, որոնք իրենց հոգեհարազատ կլինեն, դու քվեներ կունենաս։ Ժամանակը բոլորին է ստուգում, չկան ժամանակի մեջ չստուգվող մարդիկ։
– Քաղաքական ուժերը, խոսելով իրենց շանսերի մասին, ասում են՝ գնում ենք խորհրդարան երկրորդ ուժը լինելու։ Այսինքն՝ բացի «Իմ քայլից» բոլորը պայքարում են երկրորդ տեղի համա՞ր։
– Դա շատ օրինաչափ է, որովհետեւ ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո իշխանության է գալիս հեղափոխություն կատարած ուժը։ Ես համարում եմ, որ «Իմ քայլը» վաստակել է առաջին տեղը լինելը։ Այստեղ օրինաչափ է, ու գնալ, ասել, թե «Իմ քայլը» վաստակել է, բայց մենք եկել ենք հաղթենք, դա որեւէ ուժ հիմա չի կարող իրեն թույլ տալ։ Եթե «Իմ քայլը» կաշխատի այնպես, որ կգոհացնի ժողովրդին, վաղն էլ դա հնարավոր չի լինի, իսկ եթե ոչ, ժամանակը իրենց էլ կփորձի։ Ես խնդիրը ավելի շատ դնում եմ երկրին պիտանի լինելու տեսանկյունից։ Խնդիրը փորձել եմ լուծել թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, թե՛ Սերժ Սարգսյանի եւ դա անում եմ նաեւ հիմա։ Խնդիրը ոչ թե չարությունն է, այլ երկրում եղող խնդիրները ճիշտ մեկնաբանելն ու լուծման ուղիներ առաջարկելը։ Ու երբ տեսել ես, որ գործող իշխանությունը հակառակն է անում ու սեփական շահի մասին է մտածում, քան ժողովրդի, որ իրենք էս երկիրը հետ են գցում իրենց պահվածքով, որ իրենց գործունեությամբ վտանգներ են առաջացնում, սկսել ես քննադատել այդ մարդկանց։ Բայց ես մշտապես քննադատել եմ առանց պիտակների, թույլատրելիի սահմաններում։ Եթե ինչ-որ տեղ էլ երբեւէ վիրավորել եմ, ներողություն եմ խնդրել։
Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում