Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Ասելու ենք՝ ինչ է արել ՀՅԴ-ն, որպեսզի կանխվի արյունահեղությունը սկսած՝ 90-ականներից, վերջացրած՝ վերջին ժողովրդական շարժմամբ»

Նոյեմբեր 26,2018 21:21

Այսօր մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավը: ՀՅԴ-ն իր քարոզարշավը սկսեց Երեւանի կենտրոնից՝ առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանի մոտից: ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու առաջադրված Արծվիկ Մինասյանն իր թվարկեց մի քանի պատճառ, թե ինչու ՀՅԴ-ն այս ընտրություններում պետք է ստանա առավելագույն վստահությունը. «1-ին պատճառը՝ Դաշնակցությունը ունի հստակ ծրագրեր, սկսած՝ ազգի պահպանությունից,ավարտված սոցիալ-տնտեսական կոնկրետ ծրագրերով՝ հիմնված հստակ արժեհամակարգի վրա: Այսօր ցույց տվեք մրցապայքարի դուրս եկած առնվազն 2 կուսակցություն, որն այս չափանիշին բավարարում է, չեք գտնի: Այդ կուսակցությունները շրջափակվել են, ստեղծվել են անձի կամ անձանց շուրջ եւ չեն տեսնում Հայաստանի զարգացման ապագան»:

Մինասյանի նշած մյուս պատճառն այն է, որ ՀՅԴ-ն անձի կուսակցություն չէ, այլ գաղափարի շուրջ հավաքված եւ պատասխանատվություն կրող քաղաքական ուժ է.«Ամեն մի դաշնակցական 128 տարվա պատմություն ունի այս պահին… եւ ոչ թե թիթեռի պես ստեղծվող, օրվա մեջ թռչող, հեռացող անձինք, քաղաքական գործիչներ, կամ պահի տակ ստեղծված քաղաքական-բիզնես միավորներ»:

3-րդ պատճառը՝ ժողովրդին քվեն ստանալու, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ Դաշնակցությունը ժողովրդի ծոցից ու ազգի տառապանքից ծնված կուսակցություն է, եւ այդ տառապանքը, ձգտում է ձեւավորելու հզոր երկիր.«Այսօր Դաշնակցությունը տանում է պայքարը Հայ դատի, յուրաքանչյուր հայի պայքարը, եւ հետեւաբար, Դաշնակցությունը հայ ժողովրդի, հայ ընտանիքի կուսակցությունն է, այլասերվածության դեմ պայքարող կուսակցությունն է, հայ ընտանիքն ու ավանդույթները քանդող երեւույթների դեմ վճռական պայքարող կուսակցությունն է: Ի վերջո, Հայ Յեղափոխական դաշնակցությունը յուրաքանչյուր հայն է»:

Մինասյանը նաեւ ասաց. «Թող որեւէ մեկին չթվա, որ Դաշնակցությանը եթերներից , սոցցանցերով հնչող կեղծ մեղադրանքները տեղ են հասնում: Ո՛չ, այս օրերին մենք բաց տեքստով ասելու ենք, թե ինչ է արել ՀՅԴ-ն, որպեսզի կանխվի արյունահեղությունն այս երկրում, սկսած՝ 90-ականներից, վերջացրած՝ վերջին ժողովրդական շարժմամբ: Ինչ գործողություններ է արել Դաշնակցությունը, որպեսզի հայը հայի դեմ դուրս չգա, որպեսզի նոր մարտի 1-եր չլինեն»:

Մինասյանը հայտարարեց՝ «Դաշնակցությունն արդար, ազնիվ եւ անկեղծորեն ներկայացնելու է իր մոտեցումները: Մենք մեր բաց ձեռքերով, ամուր բազկով, մեր ավանդական արժեքներով պետք է մեր երկրում հաստատենք արդարության եւ արժանապատվության ապագա Հայաստանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930