Քաջարանցիները Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը հիշեցին նախորդ իշխանությունների օրոք եղած մի շարք արատավոր երևույթներ: Այնուհետև դժգոհեցին՝ բոլոր հողերը սեփականաշնորհել են, իրենք չեն կարողանում սեփականաշնորհել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լուսավորիր Հայաստանը» կարգախոսով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) քարոզարշավ է իրականացնում երեք մակարդակով՝ մարզային, երևանյան և ռեյտինգային։ Երևանյան քարոզարշավը գլխավորում են Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը։
ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը, ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Բաբաջանյանը մի շարք այլ թեկնածուների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցան Ագարակում, Քաջարանում, Կապանում, Մեղրիում և այլ քաղաքներում:
Արման Բաբաջանյանն իր ելույթում հայտարարեց`սյունյաց աշխարհից քարոզարշավ սկսելը մեծ պատիվ է: Այնուհետև նշեց. «Դեկտեմբերի 9-ին ընտրում ենք հնի և նորի, անցյալի և ապագայի միջև: Մենք մեր ամեն քվեով ոչ ենք ասում անցյալին և մեր հայացքն ուղղում ապագային: Դեկտեմբերի 9-նն այդ բոլոր արատներին վերջ դնելու շանսն ու հնարավորությունն է: Դեկտեմբերի ինն այդ անցյալի մնացորդներին, որ ուզում են վերականգնվել, հուղարկավորելու, վերջ դնելու, նրանց մոռացնել տալու օրն է: Ժամանակն է նոր, պայծառ, լուսավոր, գիտելիք ունեցող, 21-ր դարին հարիր գործիչների, ովքեր իշխանությունը, պետությանն ամեն օր պատասխանատվության կոչ կուղղեն»:
ԼՀԿ պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանը հավաստիացրեց՝ «Լուսավոր Հայաստանի» քվեաթերթիկը վերցնելով՝ դուք կատարում եք ձեր քայլն ընդառաջ այդ փոփոխությունների: Դուք փոփոխություն եք կատարում քաղաքական կյանքում, մշակույթի, կրթության մեջ, առօրյայում: Մենք ենք այդ փոփոխությունները. զարգացումը հնարավոր է նոր քաղաքական ուժերի միջոցով»:
ԼՀԿ պատգամավորի թեկնածու Արկադի Խաչատրյանը հայտարարեց՝ այսօր ՀՀ-ն նոր իրողությունների առաջ է կանգնած, ապրում ենք նոր Հայաստանում, և Սյունիքը, Քաջարանը, Կապանը աշխարհագրորեն գտնվելով ՀՀ ռազմավարական նշանակություն ունեցող աշխարհագրական դիրքում` քաջարանցու սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունը, բարեկեցության բարձրացումը չափազանց կարևոր է ՀՀ-ի համաչափ զարգացումն ապահովելու համար»:
Պատգամավորի թեկնածուն կարևորեց կապիտալը մայրաքաղաքից մարզեր բերելու, նոր կապիտալ ևս մարզեր բերելու անհրաժեշտությունը:
Քաջարանցի պատգամավորի թեկնածուները մտահոգություն հայտնեցին՝ իրենց նվաստացած են զգում, քանի որ ԱԺ-ում Կապանից, Քաջարանից պատգամավորներ չկան. ըստ նրանց՝ հազարավոր ձայները, որ իրենք տվել էին, փաստորեն, կորան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ