Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր նախընտրական քարոզարշավը, ինչպես ավագանու ընտրությունների ժամանակ, սկսեց Երեւանի կենտրոնից՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ: ՀՅԴ-ի կարգախոսն է՝ «Հավատարիմ հողին ու հային»:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ՀՅԴ պատգամավորների թեկնածուների ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը: Նա այսօր, քարոզարշավին իր ելույթում ասաց. «Արամ Մանուկյանի մոտից մեկնարկած այս ընտրարշավը մեզ պարտավորեցնում է մեր ժողովրդի անկեղծ, շիտակ խոսել, ներկայացնել մեր մտածումներն ու գնահատականները եւ մեն անելիքները՝ ներկա ստեղծված իրավիճակի հետ կապված»:
Ռուստամյանը նշեց՝ Հայաստանում այսօր անցումային շրջան է, եւ սա պատմական մի կարեւոր շրջափուլ է. «Այս անցումային շրջանում առաջացել են շատ լուրջ մարտահրավերներ եւ վտանգներ: Դաշնակցությունը գալիս է այս ընտրություններին մասնակցելու, որպեսզի այդ վտանգների, մարտահրավերների մասին խոսելով դրանց չեզոքացման ճանապարհներն ու լուծումներն առաջարկի: Այսօրվա ամենակարեւոր վտանգը, որ մենք տեսնում ենք՝ նորը չդառնա հանկարծ լավ մոռացված հին, կամ նախկինների նոր փաթեթավորումը լինի: Դրա վտանգն այսօր իրական է»:
Ռուստամյանն ասաց, որ տեսել են՝ ցանկացած իշխանություն, բոլոր իշխանությունները միշտ ունեցել են գայթակղություն՝ գալով իշխանության՝ առաջին հերթին զբաղվել այդ իշխանության ամրապնդմամբ. «Եվ դա կատարել են նույն ձեռագրով, արդյունքում մենք քաղաքական ու տնտեսական հին մենաշնորհները փոխարինել ենք նորերով: Սրանից պետք է ձերբազատվել: Այսօր դրա նշանները կան. առաջին նշանն այն է, որ մենք միասին որոշել էինք, որ ավելի ու ավելի պետք է ամրապնդվի այս խորհրդարանական համակարգը, ավելի հավասարակշռված դառնա մեր իշխանությունների եւ վարչակազմի գործունեությունը: Այս առումով, մեր առաջին քայլերից մեկն այն է, չնայած որ իշխանությունները հայտարարում են, որ 100%-ով բոլոր խոստումները կատարված են, այսօր ունենք մի կարեւոր չլուծված հարց՝ մինչեւ հիմա, իրենց իսկ ձեւակերպած՝ սուպերվարչապետական համակարգից չենք հրաժարվել: Մենք չունենք նաեւ երաշխիք, որ եթե փորձեն ամրապնդել սեփական իշխանությունը, սա չբերի նրան, որ սուպերվարչապետականը փոխարինենք սուպերնախագահականով»:
Ըստ Ռուստամյանի, մյուս վտանգները, որոնք նշմարվում են, նրանք են, որ այսօր նույն դեմքերը պահպանվել են. «Բայց պարզվում է, որ օլիգարխներ չկան, այլեւս նրանք մեծահարուստներ են, կայացած ձեռներեցներ են: Սա նրանից է, որ այսօր նրանք դարձել են յուրային»:
Տնտեսական դաշտում, Ռուստամյանի ներկայացրած մտահոգությունն այն է, որ այս ոլորտում պահպանվել են բոլոր նույն սուբյեկտներն՝ իրենց գերակա դիրքերով, սակայն հայտարարում են, որ մենաշնորհներ չկան.« Թերեւս այն պատճառով, որ այդ մենաշնորհները դրսեւորում են իրենց նվիրվածությունն ու պատրաստ են ծառայել այսօրվա իշխանություններին: Այս ցանկը կարելի է շարունակել: Մենք 90-ականներից տեսել ենք, թե ինչպես իշխանության ամրապնդումը, սեփական իշխանությունների դիրքերի ամրապնդումը բերեց նրան, որ մենք մսխեցինք մեր համազգային զարթոնքի ներուժը: Մենք մսխումով հասել էինք նրան, որ կանգնել էինք արցախյան հաղթանակը կորցնելու վտանգի առաջ: Դաշնակցության անելիքն ու պարտականություն այն է, որ մենք նույն սխալները չկրկնենք»:
Ռուստամյանն ասաց, որ այս ընտրություններին մասնակցելու իրենք հայտ են ներկայացրել, որպեսզի գիտակցված մերժումով անցնենք զարգացման.«Որովհետեւ, այն, ինչ մինչեւ հիմա տեղի է ունեցել, դա վարչախմբի փոփոխություն է, բայց ոչ հեղափոխություն: Հեղափոխությունն առջեւում է, եւ բոլոր այն հայտարարությունները, որ հեղափոխությունը կատարված է, իշխանափոխությունը չի կատարված, ճիշտ ախտաճանաչում չէ իրավիճակի, որովհետեւ հեղափոխություն սկսում է իշխանություն ստանալուց հետո, իշխանության գալով է հեղափոխություն սկսվում: Կեղծ հեղափոխություններն ավարտվում են իշխանության գալով: Մենք հենց դա է, որ ուզում ենք ապահովել մեր երկրում, որ այն ակնկալիքները, որ մեր ժողովուրդն այս ամենից սպասում է, հուսալքություն չապրի»:
Ռուստամյանի կարծիքով՝ ՀՅԴ-ն իր խոստացած նոր սկիզբը դրել է՝ խորհրդարանական համակարգը, որն, ըստ իրեն, հաջողությամբ է պսակվել: ՀՅԴ ցուցակը գլխավորող պատգամավորության թեկնածուն՝ Ռուստամյանը վստահեցրեց՝ պատմությունը փաստելու է՝ գարնանը մի վարչախմբի մյուս վարչախմբին իշխանության անարյուն փոխանցման հիմքերը խորհրդարանական համակարգն էր.«Այդ սկիզբը դեռ չի բերել արդար Հայաստանին: Որպեսզի այդ սկզբով հեղափոխությունը կարողանանք լիարժեք դարձնենք, կես ճանապարհին չթողնենք, որպեսզի նա ծառայի բոլորին, այլ ոչ թե միայն իշխանության եկած վարչախմբին»:
Ռուստամյանն ասաց, որ տեսել են, թե ինչպես է ժողովրդի 80% վստահություն ստացած իշխանությունն, այդ վստահություն օգտագործել ի շահ իր իշխանության ամրապնդման եւ ինչպիսի կործանարար ընթացք է դա ունեցել մեր երկրում: Հեղափոխությունը կատարված կլինի, ըստ Ռուստամյանի, երբ պաշտոններին նշանակվեն ոչ թե խնամի, ծանոթ-բարեկամ սկզբունքով, այլ արժանիներին եւ հեղափոխության դրական հետեւանքները ամեն մեկի տուն մտնի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ