Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի յոթին Գյումրիում տեղի կունենա ՀՀ կառավարության արտագնա նիստը: Այս մասին այսօր Գյումրիում նախընտրական հավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց. «Պետք է հստակ հասկանանք խնդիրը, որովհետեւ մինչ օրս տնակային ավանի ճակատագիրը լուծելու համար տարբեր տեսակետներ են հնչում»: Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին տեղի կունենան արտահերթ ԱԺ ընտրություններ:
Փաշինյանն ընդգծեց. «Պետք է հասկանալ, որ որոշ մարդիկ առհասարակ բնակարան չեն ստացել, ոմանք էլ ստացել են, բայց ընտանիքը մեծացել է, եւ ստացած բնակարանում չեն տեղավորվում: Մարդիկ էլ կան, որոնք ստացած բնակարանը ինչ-ինչ պատճառներով վաճառել են եւ վերադարձել տնակներ: Այս ամենը հատ-հատ պետք է քննարկենք, գույքագրենք եւ փորձենք լուծել խնդիրները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Արթիկում այս պահին մի քանի ներդրումային ծրագրեր են իրականացվում. «Կարի ֆաբրիկա է բացվելու՝ մոտ ութ հարյուր աշխատատեղով: Այսօր էլ մեկ այլ ներդրումային ծրագիր ենք քննարկելու. նպատակ կա վերելակների գործարան ստեղծել: Իսկ Գյումրիում տեքստիլ-արտադրամաս է բացվելու, որը նախատեսված է դեկտեմբերի յոթին, եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի ընթանա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ