«Մեր կարգախոսն է` «Նոր իրավիճակ, նոր լուծումներ», իսկ նոր լուծումն այն է, որ քաղաքական դաշտում փորձում ենք առաջ տանել ոչ թե անձերի, այլ գաղափարի ու ծրագրի առաջնահերթությունը: Մենք դիրքավորվել ենք որպես ձախակողմյան ուժ, այսինքն` ժամանակակից պետությունը տեսնում ենք որպես սոցիալապես պատասխանատու պետություն»,- նոյեմբերի 26-ին «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի եւ լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը:
Ասաց, որ նախընտական քարոզչությունը նախատեսում են մարզային այցելությունների ձեւաչափով, նաեւ Երեւանում կիրականացնեն բակային հանդիպումներ` ընտրողների հետ, կունենան ասուլիսներ, ֆեյսբուքյան լայվեր:
«Մեր պաստառները կարող է շատ չտեսնեք փողոցներում, մենք այդքան մեծահարուստ չենք, որ մեզ թույլ տանք ամբողջ քաղաքով մեկ թանկարժեք պլակատներ կպցնել, բայց մնացած հնարավորություններից կօգտվենք»,-հայտնեց Հայկ Գրիգորյանը:
Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Հայկ Փայտյանն էլ նշեց, որ կարեւորում են համակարգային փոփոխությունները, այդ առումով նորություններ են ուզում ներդնել կրթության ոլորտի, ընտրական օրենսգրքի, սահմանադրության եւ այլ բարեփոխումներում:
Փայտյանն ասաց, որ ցանկանում են ապակուսակցականացնել հատկապես կրթական ոլորտը` սկսած դպրոցներից, բուհերն էլ խոստանում են դարձնել ինքնաֆինանսավորվող: «Մենք կրթությունը տեսնում ենք որպես տնտեսության գերակա ճյուղ, գտնում ենք, որ ունենք այն պոտենցիալը, որ կարող ենք դառնալ կրթություն արտահանող երկիր»,-ընդգծում է «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ