Հաշվի առնելով, որ Ազգերի լիգայի արտագնա վերջին երկու հանդիպումներում (Ջիբրալթարի եւ Լիխտենշտեյնի հետ) Հայաստանից լրագրողներ չեն եղել, ՀՖՖ-ն այսօր ԶԼՄ-ներին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետ հանդիպելու հնարավորություն էր ստեղծել:
Ամփոփելով իր գլխավորությամբ հավաքականի անցկացրած վերջին չորս խաղերը՝ Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց. «Ընդհանուր արդյունքի գնահատականից, իհարկե, գոհ չենք, բայց եղան հանդիպումներ, ասենք՝ Մակեդոնիայի եւ Ջիբրալթարի հետ, որոնց արդյունքից գոհ եմ: Ճիշտ է, այդ երկու թիմերից մենք գոլեր բաց թողեցինք, բայց խաղում էինք առաջին համարով: Եթե չեմ սխալվում մեր առավելությունը մոտավորապես 70-30 հարաբերակցությամբ էր: Բայց այստեղ մի վտանգ կա. երբ անընդհատ մրցակցի դարպասի մոտ ես լինում, թիկունքում ազատ տարածություններ են գոյանում: Մենք գոլեր բաց թողեցինք մրցակցի հակագրոհների ժամանակ: Մեզ մոտ թիմային պաշտպանությունն ընդհանուր առմամբ կաղում էր: Թերեւս, մեր թիմային պաշտպանությունը ավելի լավ էր Մակեդոնիայի հետ երեւանյան խաղում, որում մենք հաղթեցինք: Մեր հավաքականը, որը խմբում երկու ֆավորիտներից մեկն էր, ավելի լավ արդյունք կարող էր գրանցել, եթե առանցքային ֆուտբոլիստներից մի քանիսը՝ Մարկոսը, Օզբիլիսը եւ մյուսները նույնպես, վնասվածքների պատճառով չբացակայեին»:
Հարցին, թե ինքն առաջիններից մեկն է, որ խոսել է հավաքականում սերնդափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին՝ այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվում, գլխավոր մարզիչը պատասխանեց, որ այսօր կան բավականին թվով երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ, որոնք արդեն ընդգրկվում են ազգային հավաքականի ընդլայնված կազմ, ու նրանցից մի քանիսին խաղաժամանակ տրամադրվել է, սակայն նրանք շատ պիտի աշխատեն հիմնական կազմում տեղ ունենալու կամ մոտ լինելու համար, ինչը ժամանակի խնդիր է: Մարզիչը նաեւ նշեց, որ որոշ դեպքերում ինքն է սխալվել՝ երիտասարդներին խաղային շատ ժամանակ չտրամադրելով:
Գյուլբուդաղյանցը խոսեց նաեւ կոպիտ սխալների ու վրիպումների մասին, որոնք սեփական դարպասը գնդակ ընդունելու պատճառ են դառնում. «Այդպիսի բաներ ֆուտբոլում լինում են: Դրանք անհատական անզգուշության հետեւանք են»:
Խոսելով հավաքականի՝ եկող տարվա ծրագրերի մասին՝ պարոն Գյուլցուդաղյանցը նշեց. «Մենք շատ շուտ պետք է հասկանանք մեր իրական տեղը եւ քայլեր ձեռնարկենք: Պետք է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիր գրվի, համակարգ ստեղծվի ավելի ուժեղ ֆուտբոլիստներ պատրաստելու համար: Պետք է մի բան անել, որպեսզի Յուրա Մովսիսյանը վերադառնա եվրոպական որեւէ ակումբ, որովհետեւ հավաքական հրավիրվելով նա ժամային գոտիների տարբերությանը դժվար է հարմարվում: Ես որպես գլխավոր մարզիչ ցանկանում եմ, որպեսզի Հայաստանում ոչ թե նոր թիմեր ստեղծվեն, այլ ակումբները զարգանան՝ ունենան իրենց մանկապատանեկան թիմերը, ակադեմիան, որտեղ աճեցնեն իրենց սեփական կադրերին: Այդպես կլուծվի նաեւ ներքին առաջնությունները տեղի ֆուտբոլիստներով, այլ ոչ թե լեգեոներներով լրացնելու խնդիրը: Ես կարծում եմ, որ լեգեոներների սահմանափակում պետք է լինի, բայց ոչ հիմա»:
Aravot.am-ի հարցին, որ Արմեն Գյուլբուդաղյանցը ամենից շատ կարեւորում է հավաքականում տեղի կադրերով սերնդափոխությունը եւ ի՞նչ կասի օրերս մեր 19 տարեկան ֆուտբոլիստների՝ միջազգային ընկերական խաղերում կրած խայտառակ պարտությունների մասին, մարզիչը պատասխանեց, «Դա, ինչ խոսք, լավ չէր: Բայց եկեք նայենք, թե ինչ թիմերի հետ էին խաղում՝ աշխարհի գրանդ երկրների հավաքականների: Ես սա արդարացնելու համար չեմ ասում: Մեր այդ տարիքային խմբի հավաքականում կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք եթե լուրջ մոտեցում ցուցաբերեն իրենց գործին, կարող են համալրել ազգային հավաքականը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ