Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածուները այցելեցին Նոր Նորք վարչական շրջան:
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանք խոստացան, որ ընտրվելու դեպքում մեծ ուշադրություն են դարձնելու պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը, կադրային քաղաքականությանը, հենվելու են ամբողջ ազգային կադրային ռեսուրսի վրա.
«Չի կարելի որեւէ մեկ քաղաքական ուժի ռեսուրսի վրա հենվելով ձեւավորել արդյունավետ պետական կառավարման համակարգ, մեր ազգն ունի մի քանի անգամ շատ ավելի ռեսուրս»:
Պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանն էլ խոստացավ, որ վաղը կեսօրին Երեւանի հյուրանոցներից մեկում կներկայացնեն իրենց նախընտրական ամբողջ ծրագիրը:
Ժիրայր Սեֆիլյանն էլ հիշեցրեց, որ «Սասնա ծռերից» երկուսը դեռ անազատության մեջ են. «Բայց համոզված ենք, որ ամեն օր մեր քաղաքական հաստատուն ամեն մի քայլի արդյունքում եւ մինչեւ դեկտեմբերի իննը կլինեն բավականին անակնկալներ եւ մեր ընկերների ազատությունը կլինի բոլորի համար տեսանելի»:
«Սասնա ծռերին» աջակցող «Մուդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ ասաց, որ «Սասնա ծռերն» այն քաղաքական ուժն է, որն ունի գաղափար, մոտակա երկու տարվա համար հստակ ծրագիր, խորացված, մտածված քայլեր, հեռակա նպատակներ. «Մեր ընդդիմախոսները փորձում են ազգային նպատակները ծաղրի առարկա դարձնել, մենք ուզում ենք ոչ թե պարզապես բարեկեցիկ կյանք, ոչ միայն ապահով երկիր, այլեւ՝ հայկական պետություն, որը կիրականացնի հայերի երազանքները»:
Նա նաեւ հորդորեց՝ ովքեր ուզում են, որ հեղափոխությունը դուրս գա տեղապտույտից ու հասնի տրամաբանական ավարտին, պետք է ձայնը տա «Սասնա ծռերին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ