Երևանի մամուլի ակումբի նախագահ (ԵՄԱ) Բորիս Նավասարդյանի տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու կառավարությունն առավելագույն լուսաբանումներն են արձանագրել: Դիտարկվել է ութ ԶԼՄ՝ վեց համապետական հեռուստաընկերություն և երկու առցանց լրատվամիջոց՝ news.am, 1in. am: Այսօրվանից կդիտարկվեն նաև մարզային յոթ հեռուստաընկերություններ:
«Մեդիա կենտրոնում» ներկայացնելով նոյեմբերի 9-19-ը ԵՄԱ կողմից կատարված ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլի լուսաբանման մշտադիտարկման արդյունքները, Բորիս Նավասարդյանն ասաց. «Լուսաբանումների թվով առաջատար է քաղաքական ուժերից ՀՀԿ-ն, Իմ քայլը, ԲՀԿ-ն: 11 կուսակցությունները լուսաբանվածության տեսանկյունից կարելի է բաժանել երեք խմբի. առաջինում են ՀՀԿ-ն, Իմ քայլը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, հաջորդ խմբում են Լուսավոր Հայաստանը ՄԵՆՔ-ը, Սասնա ծռերը և չորրորդ խմբում՝ առավել քիչ լուսաբանումներ ստացողներն են՝ ՕԵԿ-ը, Ազգային առաջընթաց կուսակցությունը, Քաղաքացու որոշումը և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը: Նրանք, գոնե այն փուլում, որ կատարում էինք մշտադիտարկում, բավականին քիչ ուշադրության են արժանացել: Ուստի այս առումով հրավիրում ենք ԶԼՄ-ների ուշադրությունը, քանի որ դա ըստ էության, համարվում է օրենքի խախտում: Եթե այսպես կոչված աութսայդերներն իրենք իրականացնում են որոշակի քարոզարշավ, նրանց նախընտրական միջոցառումներին արժի ավելի մեծ ուշադրություն դարձնել»:
Իսկ թե ինչու է ընտրվել մշտադիտարկման հենց այդ ժամանակահատվածը, Բորիս Նավասարդյանն ասաց. «Արդեն նոյեմբերի 9-ից կուսակցությունները բավականին ակտիվ սկսում էին ներկայացնել իրենց պլանները՝ կախված ընտրությունների մասնակցության հետ: Այդ ժամանակահատվածն ավարտվում է նոյեմբերի 18-ով, երբ դեռ պաշտոնապես գրանցված չեն ընտրությունների մասնակից կուսակցությունները»:
Դառնալով ՀՀԿ-ի և Իմ քայլի՝ մեդիա լուսաբանումներին՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «ՀՀԿ-ն և «Իմ քայլը» դաշինքն առավել սկզբունքային մոտեցման են արժանացել ԶԼՄ-ների կողմից այն առումով, որ իրենք ներկայացվել են բավականին հաճախ բացասական և դրական համատեքստում, ոչ թե չեզոք: Դա ՀՀԿ-ի հաջողությունը կարելի է համարել գոնե մեդիա ոլորտում: Մեդիայի առումով նրանք հասել են իրենց նպատակին. լսարանին կարողացել են ներկայանալ որպես հիմնական բանավեճի մեջ մտած քաղաքական ուժ Իմ քայլի հետ: Մասամբ կարելի է ասել ՀՀԿ-ի ձգտումը՝ սև ու սպիտակի, իրականություն դարձավ ԶԼՄ լուսաբանման մեջ: Առայժմ իրենք իրենց քարոզչական խնդիրը կատարում են: Իրենց շատ չի մտահոգում, որ իրենց բացասական հիշատակումները շատ ավելի են, քան դրականները»:
Դառնալով ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մասին անդրադարձերին՝ Բորիս Նավասարդյանն ասաց. «ԲՀԿ-ն ունի ութ դրական և մեկ բացասական անդրադարձ այս ընթացքում, բայց ութից յոթը Կենտրոն հեռուստաընկերությամբ էր: ՀՅԴ-ի դեպքում կա հինգ դրական և ոչ մի բացասական հիշատակում և հինգն էլ Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ: Սա նշանակում է՝ ունենք միտում, որ արձանագրել ենք բոլոր վերջին համապետական ընտրություններին. որքան էլ ՀՀ օրենսդրությամբ արգելեն կուսակցական հեռուստաալիքները, փաստորեն, այդպիսիք կան»:
Հարցին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանքային ժամերին քարոզչությամբ զբաղվելը միջազգային չափանիշների խախտո՞ւմ է, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Եթե ֆորմալ տեսակետից վերցնենք, ապա իրականում որևէ միջազգային իրավական նորմ չի խախտվում, մանավանդ, որ միջազգային նորմերը տարբեր երկրներում նաև տարբերվում են իրարից: Կան երկրներ, որտեղ ընդհանրապես քարոզչությունը սահմանափակված չէ որևէ ժամանակ, չկա լռության օր: Սա չեմ ասի այն միջադեպի մասին, որ եղել է երեկ, և նկատվել է, որ շտապօգնության մեքենայի վրա նաև քարոզչական դրոշ էր տեղադրված, այստեղ միանշանակ կարող ենք խոսել վարչական ռեսուրսի չարաշահման մասին: Կան բարոյական նորմեր, որոնք ազդում են ընտրողների տրամադրվածության վրա, որ նախընտրական փուլում իշխանության ներկայացուցիչները, որոնք նաև մասնակցում են այս կամ այն կուսակցության, քաղաքական ուժի նախընտրական պայքարին, հնարավորության սահմանում իրենց ակտիվությունը պետք է պակասեցնեն, մեզ մոտ ավանդաբար մի քիչ այլ պատկեր է. ինչքան մոտենում են ընտրությունները, պաշտոնատար անձինք ավելի ակտիվանում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի