Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը քարոզարշավը սկսեց աղոթքով

Նոյեմբեր 26,2018 18:40

Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանն ու իր թիմը հավատացած են` առաջին անգամ Հայաստանում կանցկացվեն արդար ընտրություններ: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում Լեւոն Շիրինյանն ասաց, քարոզարշավի մեկնարկից առաջ: Քրիստոնեա-ժողովրդավարները քարոզարշավի մեկնարկը տվեցին Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքից:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանին եւ նրա թիմակիցներին իրենց համակիրները դիմավորեցին աղ ու հացով: Լեւոն Շիրինյանն իր կուսակցականների, համակիրների հետ միասին եկեղեցում աղոթեցին երկրի բարօրության և քարոզարշավի խաղաղ ընթացքի համար, զրուցեցին հոգևոր սպասավորի հետ: Ապա եկեղեցու բակում ճերմակ աղավնիներ բաց թողեցին երկինք: Նրանք քայլերթով. Սբ Հռիփսիմեի տարածքից ուղևորվեցին դեպի Էջմիածնի հրապարակ, ապա մեքենաներով դեպի Արմավիր և այլ բնակավայրեր:

Լեւոն Շիրինյանը համոզված է, որ 1996 թվականի ընտրություններից հետո, որոնք ինքը բնութագրում է «զանգվածային զեղծարարություն», Հայաստանի ընտրական համակարգն ու պետականությունը բնականոն հուն կմտնեն։

Կուսակցությունն, ի դեպ, շտաբներ չունի: ՔԺՎԿ-ի քարոզիչները մեքենաներով տեղից տեղ կշարժվեն եւ հանրությանը կներկայացնեն իրենց տեսլականները: Խոստանում են նոր տեխնոլոգիաներ կիրառել, նաեւ` ընտրարշավը քաղաքականացնել և գաղափարակայնացնել։ Վարկանիշային ընտրակարգն էլ «ճահիճ» են համարում:

«Եթե գնալու ենք ազգովի նորից ռեյտինգով ձայն ճարելու ճանապարհով, Սերժի ռեժիմը հետ է գալու, որովհետև հենց այստեղ է նախկին ռեժիմի ներկայացուցիչների հույսն ու հավատը։ Հեղափոխությունը պաշտպանած ուժերն այս հարցում պետք է լինեն շատ կազմակերպված»,- ասաց Լեւոն Շիրինյանը:

Քաղաքագետին ու իր թիմին այս քարոզարշավի ընթացքում միացել է իրենց մոսկվայաբնակ հայ համակիրներից գործարար Արարատ Տեր-Անտոնյանը: Հենց այդ պատճառով է Երևան ժամանել: Գործարարն ասում է` իր առաքելություն այս օրերին պիտի լինի հարազատ կուսակցության կողմից արվող քրիստոնեական արժեքների և գաղափարների քարոզչության տարածումը:

Լեւոն Շիրինյանն էլ ասում է`Արարատ Տեր-Անտոնյանը իրենց օտարերկրացի միակ համակիրը չէ. առաջիկա օրերին իրենց կմիանա նաև Ֆրանսիայից ժամանող մյուս հայրենակիցները: Լեւոն Շիրինյանը կատակում է` ինքն էլ իր հերթին է հայրենադարձություն ապահովում:

Կուսակցության համամասնական ցուցակի մյուս թեկնածուները՝ Մարիամ Մանուկյանը, Հայկ Սուքիասյանը, գործարար Հայկ Սանոսյանն էլ հանդիպումների ժամանակ ներկայացնում էին նախընտրական ծրագիրը:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն առաջիկա ողջ շաբաթը կանցկացնի հանրապետության մարզերում, հանդիպումներ կունենա ընտրողների հետ, իսկ մյուս շաբաթվա ընթացքում մտադիր են քարոզարշավն անցկացնել Երևանի համայնքներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930