«Ես համաձայն եմ Սասուն Միքայելյանի հետ. եթե տեղի չունենար հեղափոխությունը, արցախյան պատերազմում տարած հաղթանակը վտանգի ներքո կհայտնվեր»,-Շիրակի մարզում այսօր քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի քննադատված, իսկ այնուհետեւ՝ պարզաբանված խոսքին, հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա շարունակեց. «Այսօր մարդիկ են դուրս եկել, որոնք տասը եւ քսան տարի ՀՀ զինված ուժերը թալանած թիմի ներկայացուցիչներ են, եւ որոնց ղեկավարների գիտությամբ տեղի է ունեցել այդ թալանը: Նման մարդկանց լեզուն պտտվում է բանակի մասին խոսել: Էլի եմ՝ ասում, ծպտուն չհանե՜ք բանակի մասին, «հանրապետական» եք, ինչ եք… դուք թալանել եք բանակը, դուք թալանել եք երկիրը: Դուք արժեքներից չխոսեք, որովհետեւ արժեզրկել եք բոլոր արժեքները: Դուք ծախել եք ՀՀ քաղաքացու արժանապատվությունն ու «բրաբուսներ» առել ձեր համար: Հիմա պետք է ծախեք այս «բրաբուսները», որպեսզի վերադարձնեք ժողովրդից գողացվածը»:
Փաշինյանի բնորոշմամբ՝ ոմանք հիմա ասում են, թե «այսպես չեն աշխատում վարչապետ», մինչդեռ այդ խոսքն իրեն ծանոթ է. «Երբ ուսանող էի, ասում էին՝ ուսանողը պետք է այսպես կամ այնպես լինի, հնազանդ լինի, դեկանի ենթական լինի, իշխանությանը հնազանդ լինի: Հետո, երբ լրագրող էի, իսկ հետագայում՝ քաղաքական գործիչ, ասում էին, թե լրագրողը պետք է այսպես կամ այնպես լինի… երբ բանտ նստեցի, ասում էին՝ այդպես չեն բանտ նստում, այսպես են նստում… պատգամավոր ժամանակ էլ ասում էին՝ պատգամավորն այդպիսին չպետք է լինի: Հետո էլ ասում էին, որ հեղափոխությունն այդպես չեն անում, որ սրանք Սերժի մարդիկ են, ո՞նց կարող է հեղափոխությունն առանց բռնության լինել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ