«Այս սեւ պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, իբը ՀՀ-ում սո՞ւգ է, իբր ՀՀ-ն սե՞ւ է: Եթե նկատի եք ունեցել, որ այս ընտրություններում ձեր քաղաքական մահն է գրանցվելու, նշանակում է, որ առաջին անգամ իրավիճակը սթափ եք գնահատել»,-Շիրակում այսօր նախընտրական հավաքի ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ի քարոզչական պաստառներին, ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի իննին կկայանան արտահերթ ԱԺ ընտրություններ:
Մեկնաբանելով ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի այսօրվա հայտարարությունը, թե դեկտեմբերի իննին «Իմ քայլը» դաշինքի համար անակնկալ է սպասվում, Փաշինյանը նշեց. «Գիտեմ՝ ի՞նչ անակնկալ է սպասվում: Այդ օրը պարզվելու է, որ իրենց տնեցիք անգամ իրենց օգտին չեն քվեարկել»:
Ինչ վերաբերում է որոշ քաղաքական ուժերի գնահատականներին, որ նոր խորհրդարանը կարճ կյանք է ունենալու, Փաշինյանն ընդգծեց. «Հանկարծ չշշկռվեք, դուք եք որոշելո՞ւ նոր խորհրդարանի կյանքի տեւողությունը: Սա ձեր համար Սերժ Սարգսյանի թուլամորթ եւ թուլակամ իշխանությունը չէ: Բոլորիդ եմ ասում՝ մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որեւէ մեկը չհամարձակվի մեկնաբանել որպես թուլություն: Նման մի քանի դեպք եղել է, եւ այդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը: Որեւէ մեկին խորհուրդ չեմ տա այդ ճանապարհով գնալ»:
Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում ՀՀԿ-ն քննադատել էր Փաշինյանի գործունեությունը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ