Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական խոստումների կատարումը պետք է հնարավորինս երաշխավորված լինի

Նոյեմբեր 26,2018 18:30

Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին հանրության շրջանում ծավալվող հիմնական դիսկուրսը ուղղված է մեկ հարցի պատասխանը գտնելուն՝ ու՞մ ընտրել կամ ո՞ր կուսակցությանը ընտրել: Ի դեպ,  այս հարցադրումները հնչեցնելիս բոլորն, ուղղակի կամ անուղղակի,  փորձում են հասկանալ՝ ո՞ր կուսակցությանն է կարելի վստահել հանրային կյանքի  մոտալուտ ապագայի ձևավորման պատասխանատվությունը  ելնելով  նրանից թե  ո՞ր կուսակցության նախընտրական խոստումներն են ավելի  համապատասխանում իր կամ իր ընտանիքի  անդամների  սպասելիքներին:

Հասարակության շրջանում նման դիսկուրս,  որպես կանոն,  ծավալվում է բոլոր ընտրություններից առաջ, սակայն այս արտահերթ ընտրությունների արդյունքներից,  պայմանավորված ապրիլյան իրադարձություններով, հանրության հիմնական հատվածի  սպասելիքներն ավելին են  հատկապես իշխող քաղաքական ուժից:

Թերևս, դա է պատճառը, որ այս օրերին ամենուրեք՝ ընտանիքներում, մտերիմների շրջապատում,  կաֆեներում, բուհերի միջանցքներում կամ լսարաններում, սոցցանցերում և հանրային բանավեճի  այլ հարթակներում    շահագրգիռ  քննարկումներ  են  գնում  գործող կառավարության մայիսյան խոստումների  կատարման  փաստացի արդյունքների շուրջ:  Թերևս նշյալ հանգամանքով էր պայմանավորված նաև այն, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը   հարկ համարեց  հանդես գալ   հրապարակային  յուրօրինակ հաշվետվությամբ:   Այսինքն, թեև  ակնհայտ  է  թե ո՞ր քաղաքական ուժն է  հաղթելու առաջիկա ընտրություններում,  կազմելու   Ազգային Ժողովում  քաղաքական մեծամասնություն  և   ստանձնելու  իշխանության ողջ պատասխանատվությունը, այդուհանդերձ   հանրության շրջանում ձևավորվել  է  միանգամայն բնական  հարցադրում՝  արդյո՞ք  այն քաղաքական ուժը, որին նա վստահել է  իր  կյանքում  հեղափոխական  փոփոխություններ իրականացնելու առաքելությունը,   ունակ է բավարարել իր սպասելիքները: Ընդ որում սպասելիքներ, որոնք ձևավորվել են հեղափոխական զարգացումների արդյունքում՝   առաջնորդի  և նրա կառավարության    խոստումների ու հավաստիացումների  հիման վրա:

Պատահական չէ նաև այն, որ հանրային քննարկումներում   ավելի ու ավելի  հաճախ է անդրադարձ կատարվում կառավարության առանձին անդամների թե՛ մասնագիտական կարողություններին  և  թե՛ կառավարման  նրանց փորձառությանը: Ընդ որում` այդ քննարկումներում գնալով ավելի  նկատելի է դառնում այն, որ  իշխող  քաղաքական ուժի  կողմնակիցները փորձում են, և հաճախ ոչ անհիմն, կառավարության թերացումները կամ սխալները պայմանավորել  նրա առանձին անդամների աշխատանքային որակներով: Եվ թեև հանուն արդարության հարկ է փաստել, որ ոչ պակաս շահագրգռվածությամբ քննարկվում և գնահատվում են  նաև ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած  այլ քաղաքական ուժերի անցած ուղին և քաղաքական կարողությունները, այդուհանդերձ  այդ քննարկումների գլխավոր     դերակատարը  Իմ Քայլը դաշինքն է, քանի որ նրանից են հանրության   հիմնական սպասելիքները:

Միաժամանակ  փաստ է, որ  Անկախ Հայաստանի պատմության մեջ, որպես կանոն,   ընտրություններից  հետո    հանրության սպասելիքները   միշտ չէ, որ   բավարարվել են   և   իշխանությունների  հետընտրական գործողությունները   հաճախ  չեն    համապատասխանել  նախընտրական   խոստումներին, ինչն էլ   պատճառ է դարձել  հանրային հիասթափության և հոռետեսության համար: Հետևաբար` բնական հարց է առաջանում՝ ի՞նչ անել  կամ ինչպե՞ս անել, որպեսզի    հանրությունը երաշխավորված լինի նրանում, որ կուսակցությունները  հետընտրական շրջանում իրենց գործունեության ողջ ընթացքում ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեն իրենց նախընտրական խոստումներին   և առավելագույն ջանքեր կգործադրեն դրանց իրականացման  ուղղղությամբ:

Ընտրություններին  մասնակցող ցանկացած կուսակցություն հանդես է գալիս  նախընտրական ծրագրով և խոստումներով՝ փորձելով  վստահեցնել  ընտրողներին, որ հաղթանակի դեպքում (Ազգային Ժողովում քաղաքական մեծամասնություն ունենալու պարագայում) կուսակցությունը կիրականացնի  իր նախընտրական խոստումները՝  դրանով արդարացնելով ընտրողների սպասելիքներն  իր գործունեությունից:

Իսկ ինչպե՞ս կամ պետական ո՞ր կառույցի միջոցով է   Ազգային Ժողովում մեծամասնություն կազմած քաղաքական ուժը   իրականացնելու իր նախընտրական խոստումները կամ ծրագիրը: Ակնհայտ  է, որ այդ կառույցը Կառավարությունն է, որին Սահմանադրությամբ վերապահված է հանրային կյանքի տարբեր ոլորտներում քաղաքականության մշակման և իրականացման  պատասխանատվությունը: Հետևաբար` Ազգային Ժողովում քաղաքական մեծամասնությունը ստանում է Կառավարություն ձևավորելու հնարավորություն, որպեսզի կարողանա  իրականացնել  հանրությանը տված   իր նախընտրական խոստումները:

Ուստի,  որևէ կուսակցություն չի կարող ստանձնել  սեփական քաղաքական պատասխանատվությամբ  հանրությանը տված  խոստումները կատարելու  պարտավորություն՝  առանց վերջինն իրականացնելու իրական կարողություններ ունենալու: Այս պնդումը  միանգամայն իրավաչափ է, քանի որ  չի կարող որևէ կուսակցություն իր նախընտրական խոստումներն իրականացնել, եթե իր կազմում չունի դրա համար անհրաժեշտ  ունակություններ ունեցող  անդամներ, որոնք կընդգրկվեն   կուսակցության  կողմից ձևավորվելիք  Կառավարության կազմում՝ ընտրություններում հաղթելու և քաղաքական մեծամասնություն կազմելու դեպքում:  :

Հետևաբար` պետք է փաստել, որ    Կառավարությունը դա Ազգային Ժողովի  մեծամասնության  քաղաքական  շարունակությունն է Գործադիր  իշխանությունում և պետք է ձևավորվի հենց  այդ  մեծամասնության կազմից: Ընդ որում` մեծամասնության կազմից, այլ ոչ թե մեծամասնության  հավանությամբ: Ինչու՞:

Բանն այն է, որ   ‹‹Կառավարությունը  ձևավորվում է քաղաքական մեծամասնության կազմից››  թեզը  նշանակում է,  որ   ապագա Կառավարության  անդամները պետք է ընդգրկված լինեն տվյալ կուսակցության նախընտրական ցուցակում,  ենթադրելի է՝   ցուցակի անցողիկ մասում, որպեսզի  անմիջապես և   ամենաակտիվ ձևով մասնակցեն  նախընտրական պայքարին՝ ներկայացնելով և պաշտպանելով համապատասխան ոլորտում իրենց կուսակցության ծրագրավորվող քաղաքականությունը: Արդյունքում, այդ թեկնածուները հենց իրենք անձամբ, մասնակցելով իրենց ոլորտին վերաբերող հրապարակային բանավեճերին, դե ֆակտո  հանրության առջև  կուսակցության անունից կստանձնեն, ընտրողների վստահությունը ստանալու դեպքում,  տվյալ ոլորտում  նրանց սպասելիքները բավարարելու  հրապարակային  պարտավորություն:  Ընտրական նման համակարգի պարագայում Կառավարությունը դառնում է  դե ֆակտո ընտրված մարմին, քանի որ ընտրողներն իրենց քվեն տվյալ կուսակցությանը տալով, միաժամանակ իրենց վստահությունն են  արտահայտում  այդ կուսակցության ձևավորած Կառավարությանը՝ նրա հաղթանակի դեպքում:

Առաջարկվող համակարգը նոր որակ և բովանդակություն կհաղորդի նաև նախընտրական բանավեճերին: Եթե հայտնի են կուսակցությունների ապագա կառավարությունների կազմերը, այսինքն` ապագա հնարավոր վարչապետների, փոխվարչապետների, պաշտպանության, արտաքին գործերի, ֆինանսների, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ նախարարների կուսակցական թեկնածուները, ապա լրատվամիջոցները ստանում են կատարյալ հնարավորություն կազմակերպել  եթերում  համապատասխան նախարարների թեկնածուների կոնկրետ և շատ առարկայական հեռուստաբանավեճեր  և ընտրողին  գործնականում հնարավորություն տալ գնահատել յուրաքանչյուր թեկնածուի մասնագիտական կարողությունները՝ տվյալ ոլորտում իր (ընտրողի) սպասելիքները  բավարարելու տեսանկյունից և ըստ այդմ ձևավորել սեփական քաղաքացիական դիրքորոշումը այս կամ այն կուսակցության հանդեպ: Այս պարագայում  ակնհայտ է, որ Կառավարություն ձևավորելու դեպքում Կառավարության  կազմում  ընդգրկված պատգամավորների  թափուր մանդատները կլրացվեն մեծամասնության ընտրական ցուցակի հաջորդ համարներում գրանցված պատգամավորի թեկնածուները:

Այս մոդելը հաջողությամբ  կգործի նաև հետընտրական կոալիցիայի ձևավորման դեպքում և կնպաստի, որպեսզի  կոալիցիոն գործընկերները  կառավարության պորտֆելները բաշխելիս առաջնորդվեն նախարարի այս  կամ այն թեկնածուի վերաբերյալ նախընտրական փուլում ձևավորված  հանրային կարծիքը հաշվի առնելով:

Կառավարությանը անվստահություն  հայտնելու դեպքում, քաղաքական մեծամասնությունը (կոալիցիան) նոր կառավարության կազմում կարող է թողնել նախկին կազմից այն անդամներին, որոնք արդարացրել են իրենց և իր կազմից (անհրաժեշտության դեպքում՝ իր ընտրական ցուցակից) Կառավարությունը համալրել  նոր անդամներով՝ ընդհուպ նշանակելով Վարչապետին:

Առաջարկվող համակարգի պայմաններում ընդդիմությունը ներկայացնող յուրաքանչյուր կուսակցություն  հնարավորություն  է ունենում  ձևավորել այսպես իր կոչված  ‹‹ ստվերային›› ոչ ֆորմալ կառավարությունը, որի կազմում կլինեն   այդ կուսակցության կողմից հայտարարված անձինք, ընդ որում  մի մասը, լինելով նախընտրական ցուցակի անցողիկ մասում,  որպես պատգամավոր, իսկ մի մասն էլ որպես կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված  պատգամավորի թեկնածու: Բայց բոլոր դեպքերում այդ կազմում հայտարարված յուրաքանչյուր քաղաքական գործիչ  ակտիվորեն կհետևի և կվերլուծի գործող կառավարությունում իր «օպոնենտ» նախարարի գործունեությունը, հանդես կգա հրապարակային  քննադատությամբ,  կփորձի  ազդել  հանրային կարծիքի ձևավորման վրա   և  նպաստել  ընդդիմություն հանդիսացող իր կուսակից գործընկերների արդյունավետ գործունեությանը Խորհրդարանում, այդ թվում հիմնավորված օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալուն :

Ավելին,  քաղաքական իրողությունների փոփոխության դեպքում ընդդիմությունը  անմիջապես պատրաստ կլինի  հանրությանը սեփական Կառավարությամբ ներկայանալուն: Եվ քանի որ  այդ  Կառավարությունը հանրությանը հայտնի կլինի դեռևս նախորդ նախընտրական մրցապայքարից և Կառավարության գործունեության վերաբերյալ  մասնագիտական քննադատական վերլուծություններից, ապա  այդ քայլը  չի որակվի որպես   քաղաքական անակնկալ, հնարավորինս բացառելով վերջինից  բխող բոլոր ոչ ցանկալի հետևանքները:

Իսկ կարո՞ղ է որևէ կուսակցություն չհրապարակել Կառավարության իր կազմը: Իհարկե կարող է, բայց ակնհայտ է, որ նման քաղաքական ուժը չի կարող որևէ կերպ հավակնել ազդեցիկ կամ  հիմնական քաղաքական խաղացողի կարգավիճակին և կունենա դրան համապատասխան  հանրային հեղինակություն: Կառավարության կազմի չհրապարակելը չի կարող ընտրություններին մասնակցելու խոչընդոտ դիտվել:

Քաղաքական համակարգի առաջարկվող մոդելը իր հետ բերում է   նաև հավելյալ  էֆեկտներ:

1.Առաջարկվող համակարգը էապես փոխում է կուսակցությունների նախընտրական ցուցակները կազմելու  տրամաբանությունը և կուսակցական ղեկավարների մոտիվացիան:

     Ցանկացած կուսակցություն պետք է ձգտի ընտրություններում ընտրողին ներկայանալ որպես  հանրային կյանքի բոլոր ոլորտներից քաջատեղյակ և բանիմաց  քաղաքական թիմ: Հետևաբար` նա առանձնակի ջանքեր կգործադրի իր նախընտրական ցուցակի անցողիկ մասերում ընդգրկել պրոֆեսիոնալների: Իսկ այս հանգամանքը ենթադրում է, որ կուսակցությունները ստիպված կլինեն մինչ ընտրությունները իրենց կազմերում ընդգրկել բանիմաց և մասնագիտական կարողություններ ունեցող այնպիսի անհատների,որոնք կիսում են նաև հանրային կյանքի կազմակերպման  տվյալ կուսակցության գաղափարաբանական հայեցակարգը: Իսկ իրական պրոֆեսիոնալներն  առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն այդ հանգամանքին, որպեսզի գնահատեն իրենց անձնական ընկալումների ու կուսակցության քաղաքական պլատֆորմի համատեղելիությունը: Այս հանգամանքը, ըստ էության, կարող է ազդակ դառնալ կուսակցությունների համար ձևավորել սեփական քաղաքական գաղափարաբանական պլատֆորմը՝ աջ, ձախ, աջակենտրոն, ձախակենտրոն և այլն:  Այսինքն, մի կողմից ձևավորվում են իրական իրավաքաղաքական խթաններ կուսակցությունների անհատական կազմը պրոֆեսիոնալներով համալրելու, հետևաբար  որակյալ քաղաքական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ներկուսակցական կարողություններ ձևավորելու     համար, մյուս կողմից այս պարագան կուսակցություններին կանգնեցնում է սեփական քաղաքական պլատֆորմը հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման  պահանջներին  համապատասխանեցնելու հրամայականի առջև, ինչն, անշուշտ, որակ և բովանդակություն կհաղորդի քաղաքականությանը: Կասկածից վեր է, որ այս ամենը բխում է հանրային կյանքի ժողովրդավարացման գործընթացն անշրջելի դարձնելու հրամայականից:

  1. Առաջարկվող համակարգը խթանում է  հասարակության  առողջ ուժերի հոսքը դեպի կուսակցություններ:

Քաղաքացիական և քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեցող,  հոգևոր և մտավոր արժեքներ կրող, մասնագիտական կարողություններ ունեցող մեր ոչ բոլոր քաղաքացիներն են ընդգրկված  կուսակցություններում և ուղղակի ներգրավված պետականաշինության գործընթացում: Մինչ դեռ քիչ չեն այն քաղաքացիները, որոնք շատ ավելի պատշաճ և պատասխանատու կարող էին իրականացնել պատգամավորի կամ համապատասխան նախարարի գործառույթները: Ուստի, հաշվի առնելով, որ կուսակցություններին է վերապահված հանրային կյանքի կազմակերպման քաղաքական պատասխանատվությունը, առաջանում է   վերջինիս արդյունավետ իրականացումը երաշխավորող իրավական համակարգերի ձևավորման  անհրաժեշտություն: Ներկայացվող առաջարկությունը երաշխավորում է, որ     ցանկացած ոք   քաղաքական կարիերա ձևավորելու իր առողջ ձգտումը կարող է իրականացնել իր քաղաքական ընկալումներին համապատասխանող գաղափարախոսություն դավանող    կուսակցության միջոցով՝ նրա կազմում: Այս համակարգը խթանում   է  հասարակության  առողջ ուժերի հոսքը դեպի կուսակցություններ՝ նպաստելով վերջիններիս քաղաքական կարողությունների զարգացմանը և միջկուսակցական մրցակցության ձևավորմանը:

3.Կուսակցությունները կարող են վերածվել փորձառու և հմուտ քաղաքական գործիչների ձևավորման իրական դարբնոցների:

Մասնագիտական կարողություններ ունենալը  որակյալ քաղաքական որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Հմուտ քաղաքական գործիչ դառնալու համար անհրաժեշտ է քաղաքական պայքարի փորձ, բանավիճելու և բանակցելու հմտություն և այլն: Այս  որակները հաջողությամբ  կարող են ձեռք բերվել  ներկուսակցական կյանքում ակտիվ մասնակցությամբ, ինչպես նաև միջկուսակցական պայքարի ընթացքում: Նման փորձառությամբ     բ կուսակցականների կազմը որևէ կուսակցության  քաղաքական ամենալուրջ կապիտալն է և ամենագլխավոր հաղթաթուղթը:

  1. Առաջարկվող համակարգը խթանում է ներկուսակցական ժողովրդավարությունը և նախադրյալներ ստեղծում մրցունակ կուսակցություններ ձևավորելու համար:

      Ներկուսակցական կյանքում իրական պրոֆեսիոնալների հայտնվելը կխթանի ներկուսակցական դիսկուրսի ծավալմանը, կնպաստի քաղաքական որոշումների նախապատրաստման գործընթացի  որակների բարելավմանը և նախադրյալներ կստեղծի աստիճանաբար քաղաքական պրոցեսից  ագրեսիվ միջակին դուրս մղելու համար՝ նպաստելով կուսակցության մրցակցային կարողությունների բարելավմանը:

Նկարագրված համակարգը ձևավորելու համար անհրաժեշտ է ընդամենը Ընտրական օրենսգրքում ամրագրել դրույթ, որ ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) կարող է հրապարակել իր ապագա Կառավարության կազմը և Կառավարության կառուցվածքի մասին օրենքը լրացնել դրույթով, որ Կառավարությունը ձևավորվում  է  Ազգային Ժողովում մեծամասնություն կազմող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կազմից:

Սույն տողերի հեղինակը նախկինում մամուլում (գլխավորապես Առավոտ օրաթերթում) իր մի շարք  վերլուծություններում  ներկայացրել  է   քաղաքական համակարգի  ձևավորման վերը նկարագրած   տարբերակը: Այս տարի ամռանը (հուլիսի 16)  այդ առաջարկը  ներկայացվել է Ազգային Ժողովի՝ Ընտրական օրենսգրքի լրամշակման նպատակով ստեղծված   աշխատանքային խմբին և ընդունվել է   Ազգային  Ժողովի բոլոր խմբակցությունների  կողմից, իսկ սույն թվականի նոյեմբերի 7-ին այս առաջարկը   օրենսդրական նախաձեռնության     կարգով Ազգային Ժողովում  դրվել է պաշտոնական շրջանառության մեջ: Ի դեպ, նախագծով առաջարկվում է վերը նկարագրված համակարգը  ուժի մեջ մտցնել 2021թ հետո  իրականացվող ընտրությունների պարագայում, որպեսզի կուսակցությունները ժամանակ ունենան իրենց կազմը նախապատրաստել ներկայացվող պահանջներին: Որպես  անցումային մոդել՝ նշված  ժամկետից հետո անցկացվող Ազգային Ժողովի առաջին ընտրությունների համար կարելի է պահանջը տարածել միայն ապագա Կառավարության այն անդամների վրա, որոնք ի պաշտոնե ընդգրկվում են  անվտանգության խորհրդի կազմում: Մի բան ակնհայտ է, որքան շուտ օրենսդրորեն ամրագրել առաջարկվող մոդելը, այնքան ավելի մեծ կլինեն որակյալ քաղաքական համակարգ ձևավորելու մեր հնարավորությունները:

 

Ազգային Ժողովի պատգամավոր

Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական

Միության նախագահ Խոսրով Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930