«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավն այսօր մեկնարկեց Ազգային ժողովի բակից:
Ասուլիսի ձեւաչափով պատգամավորի թեկնածուները խոսեցին նախընտրական ծրագրից, իրենց անելիքներից: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենց նախընտրական ծրագրով նախատեսում են անցումային խորհրդարան. « Աժ-ն երկու տարի հետո այլեւս պետք է ամփոփած լինի անցումային փուլի անելիքն, ու նորից արտահերթ ընտրություններ լինեն, այդ ընթացքում նոր Սահմանադրություն պետք է ընդունվի, որից հետո կլինեն արտահերթ ընտրությունները»:
Նրա խոսքով՝ պետք է բացառել բոլոր ընտրակեղծիքները, չտրվել գայթակղություններին, զգուշանալ քրեական օլիգարխիայից, որը, ըստ Վարուժան Ավետիսյանի՝ նախորդ ռեժիմից մնացել է. «Քրեական օլիգարխիան պետք է իր տեղում մնա ու չխառնվի ընտրություններին: Մեր կարգախոսն է՝ ժամանակն է անել այս կամ այն՝ մեր ծրագրային դրույթները՝ իրավունք, արդարություն, պետական կառավարման համակարգի արդյունավետացում, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն, պաշտպանություն, Արցախի միացում, հայրենիք-սփյուռք… Վերջապես մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլել մեր ժողովրդի կամքը»:
Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե արդյոք ՊՊԾ գունդը գրավելը չի կարող բացասական ազդեցություն ունենալ իրենց վարկանիշի վրա, Վարուժան Ավետիսյանը հիշեցրեց, որ այդ օրերին նույնիսկ BBC-ն հարցում էր կատարել և չէր գտել մի քաղաքացի, որ դատապարտեր իրենց արարքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ