Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. Էլեկտրաէներգիայի սակագինը 3-3,5 դրամով իջնելու տեղ ունի

Նոյեմբեր 26,2018 17:32

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 3-3,5 դրամ իջեցնելու ռեզերվ կա: Այսօր հայտարարեց ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Միքայել Մելքումյանը, որը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում կուսակից Գեւորգ Պետրոսյանի հետ ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագիրը:
Պարոն Մելքումյանը գտնում է, որ գազի սակագինն էլ իջնելու տեղ ունի, սակայն ասաց, որ այդ ոլորտում բանակցությունները շարունակվում են եւ պետք է սպասել:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա, ըստ տնտեսագետ Մելքումյանի, Հայաստանի էլեկտրական ցանցերի մասն այդտեղ մեկ երրորդ մասն է կազմում, մնացածը արտադրող կայանների գործունեության հետ է կապված:

Մանրամասները՝ տեսանյութում:

Միքայել Մելքումյանը գտնում է, որ երբեւիցե երկրի տնտեսական զարգացման խնդիրները չպետք է հակադրել մարդկանց սոցիալական խնդիրների արդիական լուծմանը.«Եթե ասում ենք, որ թոշակները, աշխատավարձերը պետք է բարձրացնենք, երբեք չպետք է հակադրվեն, ասեն՝  դե փողը ցույց տվեք բյուջեում, որտեղից պետք է դնեք, գումարները որտեղի՞ց, գումարները պետք է հայթայթել, գումարների տեղերը, հասցեները մենք գիտենք, դրա համար մեր ծրագրի առաջին կետում գրել ենք՝ մենք գիտենք երկիրը ինչպես պետք է այս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս բերել»:

Բարգավաճ Հայաստանը մնում է այն կարծիքին, որ երկրում չեն կարող լինել բեկումնային փոփոխություններ, եթե տեխնոլոգիական հեղափոխություն տեղի չունենա. «Աշխատանքի արտադրողականությունը, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտում, կատաստրոֆիկ ցածր է, որտեղ աշխատում են 400 հազարից ավելի մարդիկ: Պետք է կտրուկ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Եվ նրա աճի տեմպը պետք է բարձր լինի միջին աշխատավարձի աճի տեմպից»:

Ըստ պարոն Մելքումյանի՝ արդյունաբերության ավանդական ճյուղերը կարող են մնալ իրենց տեղում, սակայն կարեւոր է տնտեսության տեխնոլոգիական կառուցվածքը փոխելը. «Այսինքն՝ պետք է զարգանան բարձր տեխնոլոգիաները: Եվ ոչ միայն բարձր տեխնոլոգիաները: Աշխարհում կան այնպիսի ժամանակակից գործիքներ, որոնք պետք է օրենքով կարգավորվեն եւ դրանց իրավական բնույթ տան: Օրինակ՝ թվայնացման հետ կապված գործունեությունը, ցանցային մարքեթինգի հետ կապված գործունեությունը»:

Ըստ Միքայել Մելքումյանի՝ մեր երկիր պետք է տարեկան առնվազն մտնի 2-3 միլիարդ դոլարի ներդրումներ, որպեսզի բեկումնային փոփոխություններ լինեն տնտեսությունում: Իսկ զբոսաշրջիկների թիվն էլ, նվազագույնը 4-5 միլիոնի պետք է հասցնել:

Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս են գնահատում նոր կառավարության վեցամսյա գործունեությունը, արդյոք կարո՞ղ են ընտրվելու դեպքում անխոչընդոտ իրականացնել ԲՀԿ-ի ծրագրում ամրագրված տնտեսական խոստումները, հատկապես, որ Հարկային օրենսգիրքը մեծ փոփոխությունների չհասցրին ենթարկել, պարոն Մելքումյանը պատասխանեց, որ այն խնդիրները, որոնք 10-15 տարվա ընթացքում չէին լուծվում՝ համակարգային կոռուպցիա, ներկրման ֆորմալ մենաշնորհներ, մեկ-երկու ամսում լուծվել են: Այդուհանդերձ,պարոն Մելքումյանը կարծում է, որ փոքր ու միջին բիզնեսի հետ կապված կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ, պետք է վերացվեն արագաչափերն ու «կարմիր գծերը»:

Գեւորգ Պետրոսյանը գտնում է, որ պետք է բարձրացվի մանկավարժի, գիտնականի հասարակական նշանակությունը: Նրա խոսքով՝ մանկավարժն այսօր նույնացվում է ընտրակեղծարարի հետ.«Մշակույթը դոփում է տեղում: Մշակութային գործիչների մի մասը լքել է Հայաստանը,մյուս մասն էլ հնարավորություն չունի իր գործունեությունը ծառայեցնել Հայաստանի բարգավաճմանը»:
Պարոն Պետրոսյանի խոսքով՝ դատական նոր օրենսգիրքը նույնպես փոփոխելու անհրաժեշտություն կա, այն չի նպաստում երկրում արդարադատության լիարժեք իրականացմանը:
Գեւորգ Պետրոսյանը գտնում է, որ դատավորների թիվն էլ պետք է ավելացնել: Ըստ նրա՝ քաղաքացիական, քրեական գործերով դատավարությունները տարիներ են տեւում, եւ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով դրանք քննվում են որակի հաշվին, ինչից, տրամաբանական է, որ տուժվում է կամ հայցվորը, կամ մեղադրյալը:

Այն հարցին, թե ԲՀԿ-ն ո՞ր տեղում է հավակնում լինել, պարոն Պետրոսյանն ասաց, որ ասել այսինչ տեղում ենք լինելու, կնշանակի ժողովրդի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել.«Որովհետեւ, եթե ժողովուրդը դեռ չի արտահայտել իր մոտեցումը, մենք իրավունք չունենք մեզ համար դերաբաշխումներ կատարելու, մեզ համար տեղեր որոշելու: Մենք հարգում ենք ժողովրդի կարծիքը»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930