«ՀՀԿ-ն այսօր դուրս է եկել մեյդան, պաստառներն էլ սարքել է սեւով՝ տապանաքարի նման… եւ ճիշտ էլ արել է, որովհետեւ այս ընտրություններում պետք է արձանագրվի «Հանրապետական» թալանչիների քաղաքական մահը»,-Շիրակի մարզում այսօր քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Փաշինյանը, դառնալով ՀՀԿ-ին, ասաց. «Այս ընտրություններում ՀՀԿ-ին, որպես երկիրը քսան եւ ավելի տարի թալանած հանցավոր խմբավորման, պետք է նետել քաղաքական աղբանոցը՝ պատմության աղբանոցը»:
Փաշինյանը մեջբերեց. «ՀՀԿ-ն ասում է՝ «եթե մտահոգ եք բանակով, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին»… այ բանակը քսան տարի թալանած, սերմացու գողացող մկնե՜ր… դուք դեռ բարոյական իրավունք ունեք բանակի մասին խոսե՞լ: Դուք, որ մեր զինվորին անգամ ներքնազգեստով չեք կարողացել ապահովել: Ես գիտեմ՝ բանակի մասին մտածող ՀՀԿ-ականներին պետք է բռնել եւ ստիպել, որ մեկ շաբաթ ուտեն այն, ինչ հիմա իրենցից որպես ժառանգություն դրվում է մեր զինվորի սեղանին: Երեք օր պետք է ձեզ դա կերցնել ու ասել, որ բանակի մասին այլեւս ծպտուն չհանեք: Ձայներդ կտրե՜ք, այն, ինչ արեք եք բանակի հետ, դա ազգային դավաճանություն է՝ նաեւ քրեական իմաստով»:
Փաշինյանի խոսքով՝ զինվորի հացը գողացած որեւէ անձ չի խուսափելու պատասխանատվությունից. «Նրանք հայտնվելու են բանտում»: Ընթերցեք նաեւ քարոզչական պաստառների առնչությամբ ՀՀԿ-ի մեկնաբանությունը, ինչպես նաեւ՝ մեղադրանքների առնչությամբ Արմեն Աշոտյանի պարզաբանումները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ