Այսօր ՀՀԿ-ի քարոզչական մեկնարկին հրավիրած ասուլիսում Aravot.am-ը ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Աշոտյանին հարցրեց՝ դուք ասում եք, որ ընդունում եք ձեր նախկին սխալները, ձեզ կոչ են անում, ասում են՝ եթե իսկապես ընդունել եք եւ ուզում եք այրել կամուրջները անցյալի հետ, տվեք 5 թալանչիների, 5 կեղեքիչի անուններ, որով ցույց կտաք, որ իսկապես չեք կիսում նրանց արածները եւ այրել եք կամուրջները:
Աշոտյանը պատասխանեց. «Մենք ո՞ր դարում ենք ապրում, ո՞ր պետության մեջ, թե՞ ապրում ենք միջնադարյան Ֆրանսիայում, որտեղ կաթոլիկները հուգենոտների անուններ էին ման գալիս, տանջում էին, որ 5 անուն տային, այդ 5-ին տանեին վառեին վհուկների պես: Լավ էլի, էս ի՞նչ տրամաբանություն է, ի՞նչ հոգեբանություն է, սա՞ Է նոր Հայաստանը, ժողովրդավարությունը, 5 հոգու անո՞ւն պետք է ես տամ, կամ մեկը հելնի իմ անունը տա մի երկրում, որտեղ պարտավոր ենք Սահմանադրություն հարգել, օրենքներ հարգել: Այդ տեղեկատվական հետիշխանական էյֆորիկ տրոցկիզմը թարգել է պետք: Վատ է, որ նման մտածելակերպով մարդիկ կան, վատ է, որ իշխանությունն այդպիսի ծրագիր է ներդրել, այդպիսի չիպ է ներդրել հասարակության մեջ, իր PR արշավներով հակակոռուպցիոն, այնպիսի չիպ է դրել, որ մարդիկ արյուն են ուզում, միջնադարի նման սպասում են, թե ում են տանջելու, ում գլուխն են կտրելու, որ մի հատ հու-հա, հու-հա անեն: Սա՞ ենք մենք ուզում, ինկվիզիցիա՞ ենք ուզում: Սարսափելի է, եթե ՀՀ հասարակության տեսանելի հատվածը այդպես մտածի, մեղավորը հասարակությունը չէ այս դեպքում, իշխանություններն են թելադրել նման պարզունակ ծրագիր, չիպ մեր հասարակության մեջ՝ իրենց վհուկների որսով: Այն, ինչ ասացիք, գալիս է ապացուցելու,որ տերմինների մեջ ես ճիշտ եմ՝ կոռուպցիայի դեմ պայքար չկա, կա վհուկների որս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ