ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՅԲ-ի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի դիտարկումներներին եւ որոշ հարցերի վերաբերյալ իր նկատառումներն ու անհամաձայնությունը հայտնել:
«Քանի որ տիկին Կոշեցյանի խոսքում հղում էր կատարվում համաձայնագրին, ասեմ, որ իսկապես հոկտեմբերի 1-ի դրությամբ կնքեցինք համաձայնագիր, որտեղ որտեղ կան կետեր, որոնք բառացիորեն մեջբերում եմ, քանի որ, որ հասարակությունն իրավունք ունի ամբողջությամբ դրանց ծանոթանալու:
Այդտեղ նշված է, որ 1.3 եւ 1.4 կետերում նշված հաշվետվությունները, հարկային հաշիվը եւ տրման անդորրագրերը ԿԳ նախարարությանը ներկայացնելու պահից կողմերը միմյանց նկատմամբ որեւէ ֆինանսական եւ կամ գույքային որեւէ բնույթի պարտավորություն չունեն, բացի նրանցից, որոնք կարող են ի հայտ գալ հետագա ուսումնասիրությունների ընթացքում… Կողմերը պայմանավորվում են, որ վերոնշյալ ուսումնասիրությունները կարող են իրականացվել սույն համաձայնագրի ստորագրման պահից մինչեւ նոյեմբերի 30-ը:
Այստեղ կարեւորն այն է, որ իրականում կային մի շարք փոխանցված գումարներ, բայց դրանք հաշվագրված չէին, ու բավականին մեծ գումար կար, որ պետք է հիմնադրամը ծրագրի իրականացման շրջանակներում հետ վերադարձներ: Իսկ նոր համաձայնագրի կնքումն անընդհատ երկարում էր այն պատճառով, որ ասում էին` պետք է իրենք իրենց միջազգային գործընկերների կողմից ստանային հաշիվ-ապրանքագրերը, որպեսզի կարողանային ծախսագրումն իրականացնել: Երբ տեսանք, որ կա հաշիվ-ապրանքագիր եւ դրա հավաստումը, նշեցինք, որ այդ մասով պարտք ու պահանջ չկա, եւ կարեւոր կետ ավելացրինք` բացառությամբ այն հնարավոր պարտք ու պահանջներից, որոնք կարող են ի հայտ գալ հետագա ուսումնասիրությունների ընթացքում: Հիմնադրամի կողմից այն ժամանակ շատ ճիշտ հարց բարձրացվեց, որ եթե նման ձեւակերպում ենք ունենում, դա նշանակում է, որ նախարարությունն անընդհատ կարող է գնալ-գալ, ուսումնասիրություններ իրականացնել , դրա համար էլ ժամկետ ֆիքսեցինք, որ այդ ուսումնասիրությունները հնարավոր է իրականացնել մինչեւ նոյեմբերի 30-ը»,- Aravot.am-ին ասաց ԿԳ նախարարի տեղակալը:
Մանրամասները` տեսանյութում:
Տիկին Անափիոսյանը նշեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է մի քանի ուղղությամբ եւ այժմ էլ դեռ շարունակվում է: «Տիկին Կոշեցյանի խոսքում մի հատված կար, որտեղ նշվում էր, թե համաձայնագրում ասում ենք, որ բոլոր ծախսերը եղել են նպատակային: Նման դրույթ համաձայնագրում չկա, եւ երբ հարց էր բարձրացվում, թե ինչ ուսումնասիրություն պետք է արվի, մենք բացատրեցինք, որ հենց ծախսերի նպատակայնությունը հասկանալու համար է այն իրականացվում: Շուրջ 2,5 մլրդ գումար է հարկատուների գրպանից ծախսվել, եւ մենք խնդիր ունենք շատ հարցեր հասկանալու, քանի որ ծրագիրը մրցույթով չի իրականացվել, լսումների ժամանակ բավականին կոշտ քննադատություններ կային, քիչ ներգրավվածություն կար հանրության կողմից, միայն նախարարություն գալով եւ ծրագրերին ծանոթանալով, մասնակիցների հետ զրուցելով էինք կարողանում հատվածական տեղեկատվություն ստանալ: Նույնիսկ այսօր էլ դեռ կան նյութեր, որ հիմնադրամն ամբողջությամբ չի տրամադրել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Մանրամասները` տեսանյութում:
ԿԳ փոխնախարարն ասաց, որ նախարարի հրամանով ուսումնասիրություններ իրականացնելու համար ստեղծվել է համակարգող խումբ, որն ինքն է համակարգում, այնտեղ ընդգրկված են կրթության երկու փորձագետ ,ԿԳ նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետը: Ունեն նաեւ առարկայական ծրագրերի մասնագետների խումբ` 7 առարկաների գծով. ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, հայոց լեզու, հայ գրականություն եւ պատմություն: Մի փորձագիտական խումբ էլ զբաղվում է քննական կենտրոնի աշխատանքներով, ԿԳՆ ներկայացուցիչն ուսումնասիրում է միջազգայնացման բաղադրիչը, իսկ իրենց ֆինանսատնտեսական վարչության աշխատակիցները` ընթացակարգերը, գնումները, ԿԳՆ աուդիտի վարչության աշխատակիցներն աջակցում են ֆինանսատնտեսական վարչության աշխատակիցների աշխատանքին:
«Մենք փորձել ենք ուսումնասիրել, թե ինչ է մշակվել ծրագրի շրջանակներում: 2014-ի նոյեմբերից ամեն տարի կնքվել է պայմանագիր, եղել է տարի, որ ի լրումն դրա՝ նոր պայմանագիր է կնքվել, եւ նոր ֆինանսական հատկացումներ են կատարվել: Ըստ պայմանագրի՝ մի կետ կա, որտեղ որ ասվում է, որ եթե որեւէ ձեւով մենք պայմանագիրը դադարեցնում ենք, ապա ցանկացած արդյունք, որը որ մշակվել է պայմանագրի շրջանակներում, պետք է տրվի ԿԳ նախարարությանը: Ու այժմ մենք փորձում ենք հիմնադրամից վերցնել եւ ուսումնասիրել բոլոր այն նյութերը, որոնք մշակվել են ծրագրի շրջանակներում:
Մեր պետական բյուջեից՝ հարկատուների գումարներից, հատկացվել է գումար, եւ մշակվել են առարկայական ծրագրերը: Կա պնդում եւ դրա հավաստումը, որ իրենք համապատասխանում են բրիտանական A մակարդակին: Արարատյան բակալավրիատի առարկայական ծրագրերի առումով շատ մեծ տոկոսային առումով համընկնում կա:
Պատասխանելով տիկին Կոշեցյանի այն հարցին, թե ո՞րն է եղել մեր մեթոդաբանությունը՝ ուսումնասիրություններ իրականացնելիս, ասեմ, որ այն մասնագետները, որոնք ընտրվել են եւ փորձում են իրենց փորձագիտական կարծիքն արտահայտել, առարկայական ծրագրերը մշակած նույն մասնագետները չեն, հիմնականում համալսարանական դասախոսներ են, կամ ոլորտում բավականին հայտնի մարդիկ, ինչպես օրինակ , հայոց լեզվի համար ուսումնասիրությունն իրականացնում է Դավիթ Գյուրջինյանը:
Մյուս բաղադրիչը, որ Արարատյան բակալավրիատի ծրագրի շրջանակում ուսումնասիրել ենք, դա քննական կենտրոնն է, որի ձեռքբերումների մասին հիմնադրամի կողմից ամենաքիչն է խոսվում: Ի դեպ, միջազգային ճանաչումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ճանաչում են քննությունների արդյունքները: Եվ որպեսզի քննությունների արդյունքները ճանաչեն, պետք է գիտելիքների ստուգման ձեւը ճանաչեն եւ հավաստեն, որ այդ գիտելիքը այսինչ մեթոդով է ստուգվել, արդար, ճիշտ ձեւով: Այսինքն, բավականին աշխատանք է տարվել, ինչը մնայուն արժեք է: Եթե չեմ սխալվում, ստեղծվել է նաեւ հարցաշարերի բանկ, որը հնարավոր կլինի ինչ-որ մի ժամանակ օգտագործել տարբեր քննությունների անցկացման նպատակով: Անձամբ ինձ համար մեծ կարեւորություն է այն, որ մենք կարող ենք Հայաստանի Հանրապետությունում, ի դեմս այդ մասնագետների, որոնք այլեւս չեն աշխատում հիմնադրամում, գիտելքի ստուգման նոր համակարգ ներդնել»,-ասում է Արեւիկ Անափիոսյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Մեր զրույցի ժամանակ միջազգային ճանաչմանն էլ անդրադարձ եղավ: Փոխնախարարը հայտնեց, որ փորձել են հասկանալ` արդյո՞ք դա ինքնանպատակ է. «Միջազգային ճանաչումը պետք է 2 նպատակ հետապնդի, մեկը, որ կարողանանք օտարերկրյա ուսանողներ ներգրավել մեր կրթական համակարգում, երկրորդն էլ , որ մեր շրջանավարտները կարողանան կրթություն ստանալ արտերկրում: Որքանով հետեւել եմ մեր գործընկերների հայտարարություններին, միշտ կարեւորվել է այն, որ սա հայալեզու միջազգային ծրագիր է, ինչը նշանակում է, որ միջազգային ճանաչման առաջին նպատակը բացառում ենք, այսինքն` օտարերկյա ուսանողները Հայաստան չեն գա սովորելու Արարատյան բակալավրիատի ծրագրով: Ինչ վերաբերում է երկրորդ նպատակին, մեր գործընկերներն ասում են, որ միտված ենք լավ կրթություն ունենալ Հայաստանում, եւ սա ամենեւին չի կարող խթանել կամ նպաստել միգրացիային: Ստացվում է` երկու նպատակները դրված չեն եղել միջազգային ճանաչման հիմքում: Եվ եթե միջազգային ճանաչումը փորձենք կարեւորել այն բովանդակությունից, որը դրված է, արդարացի չի լինի»:
Մանրամասները` տեսանյութում:
Փոխնախարարի ձեւակերպմամբ՝ ծրագրի ամենախնդրահարույց բաղադրիչը ներդրումն է: Եվ ի սկզբանե խնդիր է դրված եղել, որ ստեղծվի միջավայր, որտեղ սովորելու համար աշակերտը պետք է որոշակի շեմ հաղթահարի, մինչդեռ 1-9-րդ դասարաններում ունեցած մեր կրթությունը դեռեւս այնքան որակյալ չէ, որպեսզի քննությունների բարդ շեմը հաղթահարվի: Անափիոսյանի խոսքերով՝ «Եթե երեխան կարողացել է հաղթահարել, ուրեմն այստեղ 2 բացատրություն կա`կամ երեխան սոցիալապես ապահով է եւ կարողացել է զուգահեռ կրկնուսույցների միջոցով իր գիտելիքը բարձրացնել, կամ պարզապես տաղանդավոր է»: Իսկ տաղանդավոր երեխան, զրուցակցի պնդմամբ, առանց պետության աջակցության էլ այդ հարցը կլուծի, իսկ ներդրման առումով, իր մտահոգությունն այն է, որ դա նախ հնարավորություն է փոքր թվով շահառուների համար, եւ մտահոգիչ է, որ նույն դպրոցում կարող է լինել աշակերտ, որը փորձելով ընդունվել այս ավագ դասարանները, չի կարողանա հաղթահարել շեմը եւ հոգեբանական լուրջ տրավմա կունենա, որ խելացիների մաս չի կազմում: Ուսուցիչների դեպքում էլ անարդարության պահ կա. փոխնախարարը փաստում է, որ փաստորեն նույն դպրոցում ունենում ենք բարձր վարձատրվող ուսուցիչներ, որոնք աշխատելու էին Արարատյան բակալավրիատի շրջանակներում եւ ցածր վարձատրվող: «Դա եւս հոգեբանական խնդիր եւ ոչ այնքան առողջ մթնոլորտ է դպրոցում ստեղծում»,-ընդգծում է փոխնախարարը եւ հավելում, որ նախարարությունը պատրաստվում է առաջիկայում ներդնել մի ծրագիր, որի պարագայում որոշակի մասնագիտական եւ մեթոդաբանական քննություն հանձնելուց հետո ուսուցիչը կկարողանա բարձրացնել իր աշխատավարձը:
Մանրամասները` տեսանյութում:
Aravot.am-ի հետ զրույցում Արեւիկ Անափիոսյանը որակից էլ խոսեց. «Որակի մասի մասով ասեմ, որ շատ կարեւոր կոմպոնենտ են ուսուցիչները եւ կրթական նյութերը: Մենք պայմանագրերի հավելվածներում ունենք նշված, որ ծրագրի շրջանակներում մշակվել են նաեւ կրթական նյութեր, որոնք պետք է տրամադրվեն ԿԳ նախարարությանը: Իմ գործընկերները խոսել են վերապատրաստված ուսուցիչների հետ, ես էլ եմ առիթ ունեցել հանդիպելու, կարծում եմ, որ բավականին լավ ծրագիր է այդ մասով իրականացվել: Ուսուցիչների վերապատրաստման համակարգը մենք ամբողջությամբ ուզում ենք փոխել եւ նմանատիպ մի մեխանիզմ ենք առաջարկում դպրոցներում:
Բավականին մեծ գումար է ծախսվել, հասկանում ենք, որ այդ որակի վերապատրաստումներ հնարավոր է անել միայն բավականին մեծ ներդրումների միջոցով, ուղղակի այդտեղ նաեւ սոցիալական արդարության հարցն է բարձրանում`որպես պետություն արդյոք իրավունք ունե՞նք որակյալ վերապատրաստում տրամադրել միայն 100-120 ուսուցչի, ունենալով շուրջ 36000 ուսուցիչ: Կարծում եմ, որ ԿԳ նախարարությունը որպես քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմին, այդ իրավունքը չունի: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել բոլոր ուսուցիչների համար վերապատրաստման նման համակարգ ստեղծել…
Ունենք ծրագիր` մեկը ԵՄ ֆինանսավորմամբ, մյուսը ՀԲ-ի վարկային ծրագիրն է, որոնց շրջանակում ամբողջությամբ վերանայվում են առարկայական ծրագրերը: Երբ պետք հուշագիրը ստորագրեինք, նպատակ կար հասկանալու` արդյոք կարո՞ղ ենք այս առարկայական ծրագրերը, որոնք Արարատյան բակալավրիատի ծրագրի շրջանակում մշակվել են, վերցվեն եւ ամբողջությամբ ներդրվեն բոլոր դպրոցներում: Երբ ուսումնասիրություններն ավարտվեն, այդ հարցին եւս կփորձենք ինչ-որ ձեւով պատասխանել:
Մեր հիմնական ուղերձն այն է, որ փորձենք չաղավաղել մեր ձեռքբերումները, պայմանավորվածությունները, չփորձենք թաքուն պահել , թե ինչ է տեղի ունեցել: Պետք է ազնիվ լինենք հանրության առաջ, ասենք, թե ինչի համար է օգտագործվել հարկատուների 2,5 մլրդ գումարը, ի՞նչ կարող ենք անել, որ ստեղծված ռեսուրսն օգտագործենք բոլորի համար, մանավանդ ԿԳ նախարարությունը շարժվում է մատչելիության, հասանելիության եւ սոցիալական արդարության սկզբունքներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ