Այսօր ՀՀԿ պատգամավորներ եւ առաջադրված թեկնածուներ Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանն ասուլիս տվեցին՝ մեկնարկելով քարոզարշավը: Աշոտյանը կոչ արեց դուրս գալ սեւ ու սպիտակից. «Մենք շատ ավելի գունեղ ենք, վառ ենք»:
Aravot.am-ը հարցրեց՝ Արարատ Միրզոյանն ասում է, որ ձեր գաղջը երեւում է նաեւ ձեր այդ սեւ ու սպիտակ պաստառներից, իսկ ֆեյսբուքյան օգտատերերը հարցնում են՝ ձեր պաստառները սգո սերվիսո՞ւմ եք պատվիրել: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Իսկ այդ սգո սերվիսի պարագաներն ովքե՞ր են առաջինն օգտագործել, կհիշե՞ք, ովքե՞ր են հեղափոխության ժամանակ սգո պարագաներ օգտագործել, իշխանության ներկայացուցիչնե՞րը չեն արել, մե՞նք ենք այդ միտքն առաջինը հղացել՝ որպես պայծառ, դարակազմիկ եւ աշխարհացունց միտք, չէ՛: Արարատ Միրզոյանը լավ կանի զբաղվի կոռուպցիայի դեմ պայքարով, իր քարոզարշավով եւ այն ծանր բեռով, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկա 2 շաբաթների ընթացքում թողել է իր վրա՝ որպես առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի: Դեկտեմբերի 6-ը կարեւոր օր է, Արարատ Միրզոյանը անելիք ունի»:
Իսկ Աշոտյանը պատասխանեց՝ զարմանալի է, որ Միրզոյանը գաղջը գույն է դիտում, նոր իշխանությունների մոտ գունային ընկալումների խնդիր կա առհասարակ. «Մարդ պետք է այնպիսի PR անի, որ դեռես քարոզարշավը չսկսած՝ երկրիդ վարչապետը, առաջին փոխվարչապետը իրենց սպասարկող քաղաքական թիմը սեւեռվի դիզայնի վրա, շնորհակալ եմ, քեզ Փաշինյան Նիկոլ, մեր ծրագրին գովք արիր բոլ-բոլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ