«Մենք գնում ենք լինելու երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում»,- Երևանի Նոր Նորք վարչական շրջանից մեկնարկած քարոզարշավին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
Նա հավաստիացրեց՝ «Լուսավոր Հայաստանը» միակ ուժն է, որ ունի պետականաշինության փորձ և չունի որևէ կապ ռեժիմի հետ: Գորգիսյանը շեշտեց՝ խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ: Այնուհետև հիշեցրեց. «Մենք միակ ուժն ենք, որ խորհրդարանում դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելուն»:
Իրենց ուժի և ՔՊ-ի՝ առանց դաշինքի հանդես գալու պատճառների մասին խոսելով՝ Գևորգ Գորգիսյանն ասաց. «Դաշինքներն ինքնանպատակ չպիտի լինեն: Մենք այն ժամանակ հզոր ռեժիմի դեմ համախմբված էինք պայքարում՝ գտնելով նմանություններ մեր մեջ, անտեսելով տարաձայնությունները: Հիմա ռեժիմն այլևս չկա, ունենք նոր իրողություններ, երբ պիտի կառուցել: Կառուցման փուլում ամեն մի թիմ տարբեր մոտեցումներ ունի: Չեմ կարող ասել, որ կան լուրջ տարաձայնություններ, ուղղակի գտանք, որ այս փուլում ամեն քաղաքական ուժ պետք է ինքը հասկանա, թե ինչ տեղ ունի քաղաքական դաշտում, ինչ առաքելություն: Այս տեսանկյունից, անշուշտ, ցանկացած քաղաքական պրոցես մարտահրավեր է»:
Գևորգ Գորգիսյանն ասաց՝ Լուսավոր Հայաստանն ինչպես եղել, հիմա էլ մնում է քաղաքացիների շահերի պաշտպանն ու ներկայացուցիչը քաղաքականության մեջ. «Մենք գնում ենք խորհրդարան՝ լինելու փոխզսպող երկրորդ ուժը, որ պաշտպանենք այն արժեքները, որի համար տեղի է ունեցել հեղափոխությունը, որ որևէ կերպ թույլ չտանք՝ տեղի ունենա չբալանսավորված, չհակակշռված կառավարում երկրում»:
Հարցին՝ ինչպե՞ս կարող են Նիկոլ Փաշինյանի նախկին դաշնակիցները նրան ընդդիմություն լինել, Գևորգ Գորգիսյանն այսպես պատասխանեց. «Մեր դաշինքի հիմնական ուժը նրանում է, որ մենք կարողանում ենք միմյանց փոխզսպել ու հակակշռել, և դա մեր մեր ուժի հաջողության գրավականն է: Հիմա դա պիտի աշխատի ՀՀ մասշտաբով, և ԱԺ-ն պիտի դառնա քաղաքական բանավեճերի ամբիոն, որտեղ քննարկման հիմնական թեման ազգային և պետական շահն է, այլ ոչ թե ինչ-որ մարդկանց ու խմբերի շահերը, ինչպես դա մինչ այժմ եղել է»:
Հիշեցմանը՝ ժամանակին ԵԼՔ-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր էր դնում, այդ ծրագիրն ուժի մե՞ջ է, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Նախորդ կառավարության դեպքում մենք հստակ տեսնում էինք, որ ԵԱՏՄ-ից ՀՀ-ն որևէ շահ չունի ու չի քաղում: Նոր կառավարությունը պնդում է, որ կարող է ի շահ Հայաստանի օգտագործել միջազգային բոլոր կազմակերպություններին անդամակցությունը: Կարծում ենք՝ ճիշտ է խորացնել ՀՀ-ի փոխհարաբերությունները ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի հետ»:
Դիտարկմանը՝ Լուսավոր Հայաստանին քաղաքացիները հիշում են որպես մի ուժ, որը հեղափոխությանը չմիացավ, նույնիսկ դատապարտող հարցազրույցներ էին տալիս քաղաքական այդ ուժի ներկայացուցիչները և հարցին՝ ինչո՞ւ այժմ պիտի ՀՀ քաղաքացին ձայն տա այս ուժին, այն էլ հետհեղափոխական շրջանում, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Սրանք հեղափոխության հետ կապ չունեցող ընտրություններ են, որում պիտի կառուցենք: Մենք հեղափոխությանը դեմ չենք եղել, հիմա կառուցելու ժամանակն է, մենք միակ ուժն ենք, որը երբեք ռեժիմի մաս չի եղել, կոռուպցիոն սխեմաների մասնակցություն չի ունեցել, և հիմա կառուցելու ժամանակն է ու մենք ունենք այդ գիտելիքները, փորձը, թիմը, որը պարտավոր ենք ներդնել պետականաշինության գործում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ