Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ելույթ էր ունենում դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիները վանկարկեցին՝ «Արտակ, հեռացիր»: Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ նրանց մի մասը բողոքի գործողություններ է կազմակերպում Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գեւորգյանի դեմ՝ պահանջելով նրա հրաժարականը: Փաշինյանը խնդրին անդրադարձավ հետեւյալ հարցադրմամբ. «Վարչապետն ունի՞ այնքան լծակ, որ որեւէ համայնքապետի ստիպի հրաժարական տալ: Իհարկե, ունի, բայց այլ խնդիր կա: Ի վերջո, կառավարությունը չպետք է հաճախ միջամտի համայնքի խնդիրներին»:
Ապա նա ընդգծեց՝ այն պահին, երբ կլինեն հիմնավոր փաստարկներ, որ հրաժարականի պահանջը համայնքի ընտրողների մեծամասնության տեսակետն է, կգա կառավարության միջամտության ժամանակը. «Մեզ առանց այդ էլ մեղադրում են միակուսակցական համակարգ ստեղծելու մեջ… Ճիշտ կլինի, որպեսզի մեր քայլերը մեր երկրում հավասարակշռված մոտեցումների բերեն»:
Փաշինյանը մարալիկցիներին առաջարկեց՝ եթե խնդիրն այդքան հասունացած է, համայնքի ընտրողների մեծամասնությունը պետք է ասի, որ համայնքապետը պետք է հեռանա. «Կարծում եմ՝ կարիք չկա դռների առաջը փակել: Հավաքեք ընտրողների մեծամասնության ստորագրությունները եւ ուղարկեք: Այդ դեպքում կառավարությունը կոնկրետ իրավիճակի առաջ կկանգնի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ