«Առաջին անգամ է, որ ՀՀ-ում ընտրություններն անցնում են նման մթնոլորտում. ոչ մի լարվածություն չկա: Հիշո՞ւմ եք, որ երբեւէ նման բան եղած լինի»,-Թալինում այսօր ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ԱԺ ընտրությունները:
«Այս ընտրությունները պետք է լինեն ամենաարդարն ու ժողովրդականը: Այս ընտրություններում արմատախիլ պետք է անենք «ասողների» ինստիտուտը: Նման ինստիտուտ էլ կա՝ թաղային հեղինակություններ են ասում: Ուրեմն, թաղային հեղինակությունները թող իրենց թաղերում պպզած մնան ու հանկարծ չփորձեն ոտքի կանգնել, որովհետեւ նրանց հետ կպպզացնենք: Որեւէ մեկն իրավունք չունի ՀՀ քաղաքացուն անգամ խնդրել կամ պահանջել, թե ում ընտրի»,-համոզմունք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց ընտրել ցանկությամբ. «Որեւէ մեկին թույլ չտաք ձեզ ասել, թե ում ընտրել: Քաղաքական ուժերը կարող են ձեզ խնդրել իրենց ձայն տալ, բայց ձեր կամքի վրա որեւէ մեկն իրավունք չունի ապօրինի ներգործել: Չի լինելու այնպիսի բան, որ որեւէ մեկն ընտրողին վախեցնի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ