Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ես թողել գնացել, դու մեկ է՝ հաղթող ես, առանց այդ էլ լավ չէիր աշխատում՝ որպես վարչապետ». Աշոտյանը՝ Փաշինյանին

Նոյեմբեր 26,2018 15:09

«Մի կողմից՝ իշխանությունները գուժում են մեր քաղաքական վախճանը, մյուս կողմից իրենց ամբողջ քաղաքական ռեսուրսն այս օրերին դրել են բացառապես մեր դեմ պայքարելու համար: Եթե մենք այլեւս քաղաքական մրցակից չենք, գոյություն չունենք, ինչո՞ւ եք պայքարում մեր ուրվականների դեմ, հարգելի իշխանավորներ: Այդտեղ կա մեծ պարադոք, ու այդ պարադոքսի պատասխանը Նիկոլ Փաշինյանը լավ գիտի»,- այսօր քարոզչական մեկնարկին հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Արմեն Աշոտյանը:

Նա ասաց, որ պատահական չէ, որ քարոզարշավն իրենք մեկնարկել են նախընտրական ծրագիրը ներկայացնելով, իրենք սկսել են բովանդակությունից, իսկ «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը դեռ չեն տեսել. «Ես տեսել եմ դրամահավաք երեկ, մի գաղտնիք բացեմ՝ հիմնական ծախսերը պլանավորվում եւ ծախսվում են ընտրարշավից առաջ՝ գովազդային վահանակներ, հեռուստաընկերությունների հետ կնքված պայմանագրեր: Գումարը ծախսվում է ավելի շուտ: Իրենք ընտրարշավի համար ունեն շատ փող, փողը մեր քաղաքական առավելությունը չէ, առավել եւս՝ մեր քաղաքական մենաշնորհն ու կռվանը չէ»:

Խոսելով քարոզարշավի մասին, հարցին՝ չե՞ք պատրաստվում դուրս գալ փողոց ու դասական քարոզարշավ անել, Աշոտյանը պատասխանեց՝ քանի որ իրավիճակը ՀՀ-ում դասական չէ, քարոզարշավը չի կարող դասական լինել: Ըստ նրա՝ դասական չէ, որ կառավարության ղեկավարը քարոզարշավի համար երկիրը թողնում է առաջին փոխվարչապետի հույսին՝ երկու շաբաթով: Նա ասաց, որ «Իմ քայլի» հաղթանակին ոչ ոք չի կասկածում, բայց, թողնելով ՀԱՊԿ-ի գագաթաժողովը, պետական կարեւոր գործերը, վարչապետը գնացել է քարոզարշավ անելու: Իսկ ՀՀԿ-ն, Աշոտյանի խոսքով, մեծ միտինգներ չի անելու, դռնեդուռ է ընկնելու. «Առաջ իրենք էին դռնդուռ ընկնում, հիմա մենք ենք, մենք չենք ամաչում: Մենք մարդկանց դռները թակելու ենք, խոսելու ենք: Մարդիկ ուզում են ուշադրության արժանանալ նաեւ մեր կողմից: Մի՛ ակնկալեք մեզանից մեծ հանդիպումների ձեւաչափով տեսանյութեր: Այդպիսին չի լինելու մեր քարոզարշավը: Մենք, իմաստավորելով մեր քաղաքական անցյալը, այլեւս մարդկանց կողքին պետք է լինենք, շատ ավելի ուշադիր պետք է լինենք մարդկանց հոգսերի հանդեպ, ոչ թե մարդկանց հավաքական ներկայությունը օգտագործենք՝ քարոզչական տեսանյութերի համար»:

ՀՀԿ-ին քննադատում են, թե այնքան են ամաչում իրենց կուսակցությունից, որ իրենց քարոզչական բուկլետների, պաստառների վրա ՀՀԿ չեն գրել: Աշոտյանը հակադարձեց՝ չենք խորշում, սեւով սպիտակի վրա գրել ենք՝ «Ընտրիր Հանրապետականին»: Նա ասաց, որ հպարտանում են, որ մնացել են ՀՀԿ-ում, որ այդ կուսակցությունը գոյություն ունի, որ այն չի կրկնելու նախորդ բոլոր իշխանությունների ճակատագիրը, երբ իշխանությունը կորցնելուց հետո հօդս էին ցնդում, հեռանում, չքվում: Հետո Աշոտյանն ասաց, որ եթե նույնիսկ իր բուկլետների վրա չգրի Արմեն Աշոտյան, բոլորն իրեն ճանաչում են ու գիտեն՝ իրեն ձայն տալով՝ ձայն են տալու ՀՀԿ-ին, իր դեմքն արդեն բրենդ է:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բոլոր քաղաքական ուժերը առաջին դեմքով են քարոզարշավի մեկնարկը տվել, որտե՞ղ է Վիգեն Սարգսյանը: Աշոտյանը պատասխանեց, որ «Երկիր մեդիայի» հյուրն է, դրա համար չի եկել:

Խոսելով Փաշինյանի՝ վարչական ռեսուրսը չարաշահելու մասին, Աշոտյանն ասաց, որ երբ նա գնացել էր Գեղարքունիքի մարզ, իրեն արձագանքեցին, թե ոչ մի բան չեն հասկանում: Հրապարակեցին միջազգային չափանիշները, Վարուժան Հոկտանյանը նույնպես արձագանքեց, Փաշինյանը գնաց արձակուրդ. «Մեր քննադատությունը տեղին է, նա դա հասկացել է, միջզգային չափանիշները տեսել է, եւ հասկացել է, որ եթե ուզում է անել քարոզարշավ մինչեւ ժամը 6-ը, չի կարող դա անել վարչապետ եղած կարգավիճակով: Նա ինչո՞ւ է թողել երկրի հոգսերը երկու շաբաթով, տնտեսական սպառնալիքների, ՀԱՊԿ-ում հասունացած պրոբլեմների դեպքում: Այդ ամենը կարեւոր չէ՞, ավելի կարեւոր է «Իմ քայլը» ստանա ոչ թե 72 տոկոս, այլ 86 տոկո՞ս, ո՞ւր է վարչապետի մտածողությունը, ինչո՞ւ ես թողել գնացել, դու մեկ է, հաղթող ես, առանց այդ էլ լավ չէիր աշխատում՝ որպես վարչապետ: Նիկոլ Փաշինյանը, արձակուրդ գնալով՝ ընդունել է, որ մեր դիտողությունները, քննադատությունը տեղին էր, ընդգծել է, որ իր համար «Իմ քայլը» դաշինքի քաղաքական շահերն ավելի կարեւոր են, քան ՀՀ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930