Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

«Ում հետ խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբներ չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ». Աշոտյանի ու Արփինե Հովհաննիսյանի քարոզչական մեկնարկը

Նոյեմբեր 26,2018 14:55

Այսօր ՀՀԿ-ի թեկնածուները՝ Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը, քարոզարշավի մեկնարկին ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը:

Աշոտյանն ասաց, որ այսօր իրենց քաղաքական թիվ մեկ մրցակիցը Արցախի հետ կապված գնահատական տվեց, որը զարհուրելի կարող էր թվալ անգամ վեց ամիս առաջ: Նա նկատի ուներ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, որ այս հաղթանակն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտինը: Աշոտյանն ասաց, որ իրենք կանխատեսում են քաղաքական սպառնալի հետեւանքը, որը գործող իշխանությունների՝ երկրի հանդեպ անլուրջ վերաբերմունքի պատճառով կարող է լինել:

Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ համոզված է՝ վերջին ամիսներին տեղի են ունենում քայլեր, որոնք անհանգստանալու առիթ պետք է տան. «Ի՞նչ ենք տեսնում վերջին ամիսների զարգացումների ընթացքում, մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված ՀՀԿ-ին»: Ըստ նրա՝ եթե լավն է, չեն ասում, որ ՀՀԿ-ի արածն է, եթե վատն է, սեւացնում են, ծայրահեղացնում. «Ապագայի մասին շենշող խոստումներ են՝ լավ եք ապրելու, աշխատավարձեր, թոշակներ են բարձրացնելու: Խոստումներ կան, որոնք տրվել են ու արդեն իսկ արձանագրված է, որ չեն կատարելու՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակ եւ այլն: Պոպուլիզմ չգնահատեք: Կարելի՞ էր ինչ-որ պահի հայտարարել, որ այն ժամանակ, երբ քննադատել ենք, ճիշտ չենք արել»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դիտորդի կարգավիճակում չեն ուզում լինել, ամբողջությամբ գիտակցել են իրենց քաղաքական ուղին, թերությունները եւ պատասխանատու են:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է ձեր քարոզչական թերթիկը սեւ ու սպիտակ: Աշոտյանը պատասխանեց, որ այդտեղ գաղափար կա դրված. «Հայաստանին այս 6-7 ամիսների ընթացքում պարտադրվել է սեւ ու սպիտակ իրականություն: Ամեն ինչ կամ լավ է, կամ վատ է: Ինչ երեկ է՝ վատ էր, ինչ այսօր է՝ լավ է: Իրենք լավն են, մենք՝ վատը, իրենք հրեշտակներն են, մենք՝ դեմոնները: ՀՀ-ին պարտադրված խաղի կանոնը սեւ ու սպիտակ է, բայց անգամ այս իրականության մեջ, որ մեզ պարտադրվել է, մենք կարող ենք թելադրել սեփական օրակարգը: Այն բոլոր մտահոգությունները, որոնք կան, մենք կարող ենք պարտադրել իշխանություններին»:

Քարոզչական բուկլետի ներսում եռագույնի գույներով լուծումներ են: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրենց պատրաստակամությունն է պաշտպանել ազգայինը:

Լրագրողները հարցրին՝ դուք ասում եք, որ ՀՀ-ում կան մտահոգ քաղաքացիներ, որոնք կարող են ձայն տալ ՀՀԿ-ին, որքա՞ն քվե եք ակնկալում ստանալ: Աշոտյանը պատասխանեց, որ դեռեւս պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ իշխանությանը սպասարկող քաղաքական ուժերը եւ մեդիա դաշտը սկսել են գուժել, որ ՀՀԿ-ն ստանալու է 0 ձայն «Հիշո՞ւմ եք, վարչապետը  ԱԺ ամբիոնից ասաց՝ 0 ձայն եք ստանալու: Դա նախեւառաջ անարգանք է ՀՀ քաղաքացիների հանդեպ: Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք տասնյակ հազարավոր ձայներ: Եթե անգամ, դիցուք, մենք չանցնենք ԱԺ, այդ տասնյակ հազարավոր մարդիկ ՀՀ անձնագիրը կրող քաղաքացիներ են: Կեղծ դեմոկրատական իշխանությունները ի սկզբանե այդ մարդկանց հանում են իրականությունից: Մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց: Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատեղամասում, մարդիկ, ում հետ խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբներ չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ: Չենք գալու, որովհետեւ վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք ուզում մեր տուն մարդ այցելի ու հարցնի՝ ինչու ես գնացել Աշոտյանի շտաբ: Բայց Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է մեծ անակնկալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Ոչ թե պետք է վախենան այլ ավելի շատ ամաչեն ինչպես և Գերմանիայում ֆաշիստներին համակրողները պետք է ամաչեն: Վախենալու բան չկա, այսօրվա իշխանությունների շարքերում չկան մանվել գրիգորյաններ կամ սերժ սարգսյաններ: Ու ուղղակի մի խոսեք ժողովրդավարության մասին էլի: Նախ ձեր ֆաշիստական լիդերի նկարը հանեք ձեր գրասենյակներից հետո նոր խոսեք դեմոկրացիայի մասին: Այո շատ մարդիկ կլինեն որ ձեզ կքվեարկեն, ու դա լավ է: Այդպիսով կիմանանք թե դեռ ինչքան աղբ է մնացել մեր երկրում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930