Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տնտեսությունում կան արհեստական մենաշնորհներ»

Նոյեմբեր 26,2018 16:00

«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուներ՝ ՀՅԴ-ի ցուցակում ընդգրկված, տնտեսագետ Սուրեն Պարսյանը եւ «Իմ քայլը» դաշինքից՝ տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը:

Հաղորդման հյուրերի հետ քննարկելու ենք տնտեսությունում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված թեկնածուների առաջարկները, Հարկային օրենսգրքում նախատեսվող որոշ փոփոխությունները, ինչպե՞ս է ազդելու եկամտահարկի համահարթ համակարգը քաղաքացու եկամուտների եւ տնտեսության վրա:

Նելլի Բաբայան.- Խնդրում եմ ձեր գնահատականը կառավարության՝ այս ամիսներին տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

Սուրեն Պարսյան.- 2018 թվականի հունիս ամսին այս կառավարությունը կազմեց եւ ԱԺ ներկայացրեց իր գործունեության ծրագիրը, որտեղ չկան որեւիցե քանակական ցուցանիշներ, որպեսզի կարողանանք գնահատական տալ այս կառավարության գործունեությանը: Եվ այս տրամաբանությունը շարունակվում է նաեւ հիմա: Ըստ էության, այս կառավարությունն իներցիայով շարունակում է նախորդ կառավարության գործունեությունը, սակայն տնտեսական ցուցանիշներն ավելի են վատթարանում: Մասնավորապես՝ 10 ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշերը կես տոկոսով նվազեց՝ կազմելով 6 տոկոս: Կարեն Կարապետյանի կառավարությունը փոխանցեց 9.7 տոկոսի չափով: Հուլիսին բարձրացում եղավ, այնուհետեւ ամսեամիս նվազում է տեղի ունենում: Իսկ նվազման պատճառները կամ ոլորտները մի քանիսն են: Առաջին՝ գյուղատնտեսությունն է, որի անկումն ամիսն ամսվա վրա բավականին մեծանում է, ներկայումս անկումը կազմում է 8.1 տոկոս: Բացի այս, աճի տեմպը նվազել է 10 ամսվա կտրվածքով՝ շինարարության, ծառայությունների ոլորտներում: Մտահոգիչ է նաեւ գնաճը, չնայած դեռ սահմանում ենք, բայց այն ամեն ամիս ավելանում է՝ կազմելով 2.7 տոկոս: Տնտեսական աճի որակի տեսանկյունից նախորդ կառավարությունից չի տարբերվում: Այդ աճը ներառական չէ, եւ այդ 6 տոկոս աճը չի բաշխվել հասարակության լայն շերտերի միջեւ, եւ հասարակության մեծ մասը չի զգացել տնտեսական այդ ակտիվությունը: Մենք 2017-ին վերլուծություն էինք արել մանրածախ առեւտրի ոլորտում, պարզվել էր, որ մանրածախ առեւտուրն աճել էր 5.5 տոկոսով, սակայն այդ աճը հիմնականում սուպերմարկետներն էին ապահովել, դրան զուգահեռ բազմաթիվ փոքր ու միջին խանութներ, կրպակներ դադարեցրել էին իրենց գործունեությունը: Այս գործընթացը հիմա էլ է տեղի ունենում մանրածախ ոլորտում եւ որոշակի արտադրության ճյուղերում եւս: Գնում է գերկենտրոնացում՝ փոքր ու միջին բիզնեսը դադարեցնում է գործունեությունը, խոշորները լրացնում են նրանց մասնաբաժինը: Մենք խնդիր ունենք ազգային եկամտի վերաբաշխման, քանի որ մի հասարակությունում, որտեղ 1/3-ն աղքատ է, սա հիմնական հարցերից մեկն է:

Ն. Բ.- Տնտեսագետները մշտապես պնդում են, որ Ազգային վիճակագրական կոմիտեն դադարել է «թվանկարչությամբ» զբաղվել, եթե նախկինում ասենք՝ գյուղապետերն ու մարզպետները կառավարությանն անհրաժեշտ ուռճացված թվեր էին ներկայացնում, հիմա այդպես չէ, եւ իրական ցուցանիշներ են ներկայացնում, մինչդեռ գյուղատնտեսության ոլորտն, ըստ տնտեսագետների, դժվար է հաշվառել:

Ս. Պ.– Այնքան էլ համամիտ չեմ, 2016-ին գյուղոլորտում գրանցվել էր 4 տոկոս անկում, 2017-ին՝ չնչին աճ, 2018-ին շարունակվում են 2016-2017-ի գործընթացները: Անկումը կապված է դրամավարկային քաղաքականության հետ, ԿԲ-ն պահեց դրամի կուրսը, չփոխեց, երբ մեր տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրների արժույթներն արժեզրկվեցին: Եվ սրա հետեւանքով մեր վերամշակող արդյունաբերությունը արտահանման շուկաները կորցրեց:

Բաբկեն Թունյան.- 2018-ին կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրը, այո, թվային թիրախներ չկային, սա հասկանալի է, որովհետեւ անցումային եւ ժամանակավոր կառավարություն էր: Նման կարճ եւ ոչ ստանդարտ իրավիճակում, երբ մարդիկ չգիտեն՝ իրականում ինչ ունեն, որեւէ թիրախ ներկայացնելն անիրատեսական էր: Այսինքն՝ եթե դու այսօրվա թվերին չես հավատում, իրական պատկերը չգիտես, չես կարող ասել՝ վաղն ինչ կունենաս: Հաջորդ ծրագրում, կարծում եմ, թիրախները կլինեն: Տնտեսական ցուցանիշների մասին, այո, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է, երբ նայում ենք սեպտեմբերը նախորդ սեպտեմբերի նկատմամբ, սեպտեմբերին անկում է գրանցվել 0.2 տոկոս: Բայց հոկտեմբերին 3 տոկոս աճ է գրանցվել: Տարին կփակվի երեւի 5-6 տոկոս տնտեսական աճով: Բայց այս թիվը թեկուզ եթե լիներ 2-3 տոկոս, սրա վրա կենտրոնանալ չի կարելի, քանի որ քաղաքական փոփոխության հետեւանքով կարող էր անգամ տնտեսական անկում գրանցվել, ինչը տեղի չունեցավ: Կառավարությունը խնդիր էր դրել ոչ թե կարճ ժամանակահատվածում թռիչքային աճ ապահովել, այլ հիմնականում տնտեսությունը ցնցումներից զերծ պահելու համար հիմնական խնդիրն էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Գնաճ ունենք, այո, բայց 2.7 տոկոս գնաճը թույլատրելի միջին ցուցանիշն է: Ինչ վերաբերում է, որ տնտեսական աճը ներառական չէ, այո, ներառական չէ ու չի էլ եղել երբեք եւ միանգամից հիմա չի կարող լինել, ու սա երկարատեւ աշխատանքի արդյունք է: Գյուղատնտեսության ցուցանիշներ նկարելու մասին որպեսզի ասեմ, պետք է բավարար տվյալ տեղեկություն ունենամ, ես դա չունեմ: Ամեն դեպքում, եթե գյուղատնտեսության անկումը պայմանավորում ենք այդ նկարչությամբ… եթե վիճակագրական կոմիտեի նախագահը չի փոխվել, հակասություն է լինում:

Ն. Բ.- Իշխանություն է փոխվել, ինչն ավելի կարեւոր է:

Բ. Թ.– Հնարավոր է… կոմիտեն տվյալները հավաքում է մարզպետերից, նրանք էլ՝ գյուղապետերից, հնարավոր է ասել են՝ մեզ ճիշտ տվյալներ ներկայացրեք, սա չեմ բացառում: Բայց գյուղոլորտի անկման իրական պատճառը հասկանալու համար ոլորտից տեղյակ մարդը պետք է խոսի, գուցե եղանակային պայմաններն են ազդել: Դրամավարկային քաղաքականությամբ ես չէի պայմանավորի, որովհետեւ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է, բայց արտահանումն աճել է վերջին տարում:

Ս. Պ.– Վերջին տարիներին, բայց դրանից առաջ ունեցել ենք նվազում, հատկապես վերամշակվող գյուղմթերքի, հատկապես կոնյակի ծավալների անկում ունեցանք 2014-2015-ի ընթացքում, արդյունքում խաղողագործությունը շատ տուժեց:

Ն. Բ.- Կառավարության ղեկավարը հայտարարում է, որ տնտեսության առողջացման համար կարեւոր խնդիրը լուծված է՝ այլեւս մենաշնորհներ չկան:

Ս. Պ.– Այդպես չէ: Ասենք՝ եթե որեւէ մեկը որոշի բենզին կամ դիզելային վառելիք ներմուծել, մանրածախ ցանցում իրացման խնդիր է ունենալու, գնորդ չեն ունենալու: Երկու խոշոր ներկրողներ՝ «Ֆլեշն» ու «Սի-փի-էս»-ը, 2-3-րդ բենզալցակայանների հետ ունեն պայմանագրեր բավականին խիստ պայմաններով: ՏՄՊՊՀ-ն 2012-ին որոշում ունի «Սի-փի-էս»-ին տուգանելու, որովհետեւ պարտադրանք կար իրենց բենզալցակայանները հանձնեին «Սի-փի-էս»-ին վարձակալությամբ՝ 4 տոկոս վարձավճարով: Այսինքն՝ պարտադրանք կար շուկայում: Սա արհեստական մենաշնորհ է: Սա չտեսնել ու գնահատել, որ ամեն ինչ նորմալ է, սխալ է: Եթե գնահատենք, որ հարկային-մաքսային վարչարարությունը, որ բարելավել ենք, թուլացրել ենք, համաձայն եմ, այո, շուկայում նոր խաղացողներ եկան, բայց եկեք անցյալը չվարկաբեկենք, ներկան էլ չգերագնահատենք: Մեր տնտեսական գորընթացներում հեղափոխական բաներ չեն եղել: Հարկային-մաքսային վարչարարության բարելավմամբ գնահատել, որ տնտեսությունում կենտրոնացումը վերացել է, սխալ է:

Բ. Թ.– Եթե մենք խոսում ենք շուկայում մեկ խաղաղոցի մասին, չկա արհեստական մենաշնորհ: Այլ հարց է, թե մարդիկ ինչ հասարակական ընկալում ունեն եւ ինչն են համարում մենաշնորհ: Օրինակ՝ շաքարի շուկայում կան մեծ թվով խաղացողներ, մեկը բերում է տեխնիկական, մյուսը՝ սպիտակ, այլ տիպի շաքար, ՍԱՍ սուպերմարկետում կա շաքար, որն ուրիշ մարդիկ են ներկրում: Ընկալումն այն է, որ շուկայի կառուցվածքը չի փոխվել, բայց եթե հետ ենք գնում մի քանի տարի առաջ, ասենք՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ խոսվում էր մենաշնորհների դեմ պայքարի մասին, այն ժամանակ ասացին, որ մենաշնորհներ Հայաստանում չկան, կան ընկալումներ, պետության ֆունկցիան այն է, որ այնպես անի, որ այդ մենաշնորհներն իրենց դիրքը չչարաշահեն: Այսօր ոչ թե մենաշնորհներ չկան, այլ չկան այդ մենաշնորհներին նպաստող պայմաններ: Այսօր որեւէ մեկը չի կարող որեւէ մեկին խանգարել որեւէ գործունեությամբ զբաղվել, որեւէ մեկը չի կարող «տեռոր» անել, չի կարող մաքսային ընթացակարգերի միջոցով անհավասար պայմաններ ստեղծել: Շուկայի կառուցվածքի կտրուկ փոփոխության համար ժամանակ է պետք: Որպեսզի, ասենք՝ շաքարի շուկայում հայտնվի նոր խաղացող, դրա համար օբյեկտիվորեն մեծ դժվարություններ կան… այդ մարդը (նկատի ունի Սամվել Ալեքսանյանին-Ն. Բ.) արդեն ունի մեծ սպառման ցանց, ունի գործարան: Վերջերս հայտարարվեց՝ Սեւանում շաքարի գործարան է կառուցվում: Սա առջին քայլերից մեկն է, բայց շուտ է ասել , որ այս շուկայում իրական փոփոխություն կա:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» , 24.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930