«Ներքին» կտրոնը ինչո՞ւ է տրվում ՀԴՄ-ով չանցած կտրոնի փոխարեն
Վարչական դատարանում «ԾԻՐԱՆ» մարկետ-ընկերությունը հաղթել էր ՀՀ կառավարությանն առնընթեր պետեկամուտների կոմիտեին, ըստ էության, անվավեր էր ճանաչվել ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության ակտը: Այլանուն մարկետները կանգնում են նույն դատական գործընթացների առաջ, որոնք առնչվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքին, «Հարկային մարմնի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգին», որոնց կիրառման ժամանակ կոռուպցիոն ստվերներն անխուսափելի են:
Գլխավոր հարկային տեսուչներից մեկը ուսումնասիրման օրը՝ ժամը 11:36-ին, ընկերությանը պատկանող գործող խանութից կատարել էր հսկիչ գնում 2.381 ՀՀ դրամ արժեքով: Գնվել է տոպրակ «Ծիրան» պոլիէթիլենային, մեծ՝ 20 դրամով, մանդարին վրացական՝ 0,905 կգ՝ 317 դրամ, գազար՝ 0,875 կգ՝ 219 դրամ, կարտոֆիլ՝ 1.655 կգ՝ 248 դրամ, նարինջ՝ 1,235 կգ՝ 667 դրամ, լոլիկ՝ 0,75 կգ՝ 450 դրամ, 1 կապ կանաչի տեսականի՝ 230 դրամ, մեկ կապ սամիթ՝ 230 դրամ, որոնց դիմաց վճարումը կատարվել է կանխիկ դրամով: Ըստ արձանագրության, գանձապահը գումարը չէր մուտքագրել ՀԴՄ-ով և չէր տրամադրել համապատասխան գումարի ՀԴՄ կտրոնը: Ուսումնասիրությունն անցկացնող հարկայինի աշխատողը ներկայացրել էր ծառայողական վկայականը և ուսումնասիրության հանձնարարագիրը ծանոթացման: Նկատենք, միայն երկու րոպեի ընթացքում, այսինքն, ժամը 11:38-ին ՀԴՄ-ից դուրս էր բերվել հաշվետվություն՝ 26.714,96 ՀՀ դրամ գումարով, որում ներառված չէր կատարված վճարման գումարը:
Այս գործով, կոմիտեի հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրության համաձայն՝ գլխավոր հարկային տեսուչներից մեկն էլ ժամը 11:45-ին ընկերությանը պատկանող Հր. Քոչարի- 2 ա հասցեում գործող խանութից էր կատարել հսկիչ գնում՝ 3.673,38 ՀՀ դրամ արժեքով, գնվել էր 0,654 կգ բրոկոլի` 1.039,86 դրամի, մանդարին վրացական՝ 1,208 կգ՝ 833,52 դրամ, ճուտ 2 հատ՝ 1.800 դրամ, որոնց դիմաց վճարումը կատարվել է կանխիկ դրամով: Կազմված արձանագրության համաձայն, գանձապահը գումարը չէր մուտքագրել ՀԴՄ-ով, հետեւաբար, և ՀԴՄ կտրոն էլ չէր տրամադրել:
Նույն օրը մեկ այլ գլխավոր հարկային տեսուչի կողմից ժամը 11:27-ին Շինարարներում գործող ընկերության խանութից էր կատարվել հսկիչ գնում՝ 4.985 ՀՀ դրամ արժեքով: Գնվել էր պոլիէթիլենային մեծ տոպրակ` 1 հատ՝ 20 դրամ, 0,974 կգ նարինջ՝ 468 դրամ, 0,678 կգ թուրինջ մեծ՝ 576 դրամ, 0,64 կգ մանդարին մեծ՝ 480 դրամ արժեքով, 0,826 կգ խնձոր գոլդեն բարձր կարգ՝ 620 դրամ, 1 հատ արևածաղկի բոված սերմ «Մարտինա»՝ 280 դրամ, մեկ հատ տոպրակ պոլիէթիլենային միջին՝ 10 դրամի, 1 հատ լավաշ Եղվարդի դիետիկ կտրտված՝ 440 դրամ, 0,084 կգ դդմի կորիզներ՝ 276 դրամ, 0,304 կգ չիր սալորի առանց կորիզի՝ 745 դրամ, 3 հատ Կիտ- Կատ՝ 570 դրամ, 1 կապ կոտեմ՝ 190 դրամ, 1 կապ համեմ՝ 160 դրամ, 1 կապ կանաչ սոխ՝ 150 դրամ, որոնց դիմաց վճարումը կատարվել էր կանխիկ դրամով: Գանձապահը գումարը չէր մուտքագրել ՀԴՄ-ով, չէր տրամադրել համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն, սակայն տրամադրել էր ներքին կտրոն, որում արտացոլված են նշված ապրանքների անվանումները, քանակները, գումարները և տպման ամսաթիվն ու ժամը և այլ տվյալներ:
ՊԵԿ-ի գնահատմամբ, տեղի էր ունեցել ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, ինչին հետեւել էր Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով՝ 2.778.739 տուգանքը:
Դիտարկենք, թե նշյալ օրենքով ու կարգով ինչ է սահմանված: Արդյոք հարկայինը ի՞նչ հիմքով էր մտել ՍՊ-ի տարածք: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի թիվ 2 «Հարկային մարմնի կողմից հսկիչ գնումների անցկացման կարգի» 1.1-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանվում է հարկային օրենuդրությամբ նախատեuված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկման, գնահատման, հuկիչ գնումների իրականացման կարգը: Հuկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման` գնահատման նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հuկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուuումնաuիրությունը: Ըստ որում՝ տարբեր հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների վերահաշվարկը կատարելու նպատակով ֆինանսական տարվա մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար նախատեսված է առնվազն մեկ հսկիչ գնում:
Հսկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները՝`անվանում, գտնվելու վայր, հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները, հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց տվյալները: Այս ամենը պետք է պարտադիր վավերացված լինի հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով:
Ըստ վարչական գործի, հարկայինի պետի հանձնարարագրի համաձայն՝ Տեսչության ոչ արտադրական ոլորտային հսկողության բաժնի գլխավոր, ավագ հարկային տեսուչների, թվով տասնմեկ, հանձնարարվել է նշյալ ընկերությունում ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասությունների սահմաններում կատարել հարկային պարտավորությունների հաշվարկման նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, ՀՀ-ում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրություն (հսկիչ գնում) մինչև 10 աշխատանքային օր տևողությամբ: Տեսչության պետի հրամանով հանձնարարագրով իրականացվող հսկիչ գնման ուսումնասիրության աշխատանքներին ներգրավվել են Տեղեկատվության և վերլուծության բաժնի չորս գլխավոր հարկային տեսուչներ:
Հայցվոր մարկետի առարկություններից մեկի համաձայն՝ ՊԵԿ-ի հանձնարարագրում, որպես ստուգման իրականացման վայր, նշված են ք. Երևան, Շինարարների 15 15, 15 157, Սարկավագի 141/5, Մ. Խորենացի 47, Հր.Քոչար 2ա հասցեները, սակայն վարչական մարմնի ոչ մի ներկայացուցիչ նշված հասցեներում սույն հանձնարարագրի շրջանակներում որևէ ստուգում չի իրականացրել, եւ որ Վարչական մարմինը ստուգման ժամանակ որևէ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքի վրա, որ հարկայինի տեսուչերի կողմից արձանագրության մեջ նշված հսկիչ-գնում կատարած աշխատակիցներից 3-ը ընդգրկված վիճահարույց հանձնարարագրում և որևէ իրավունք չունեին այդ հանձնարարագրի շրջանակներում մասնակցել հսկիչ գման գործընթացին: Մեկ այլ ուշագրավ առարկություն էլ է արել հայցվորն այս գործով. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս դեպքում նախ խոսքը վերաբերում է ստուգումներին, իսկ հսկիչ գնումը ստուգում չէ, ապա նաև անհրաժեշտ է, որ տեղի ունենա ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի փոխարինում, ընդ որում՝ միայն ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով, այլ ոչ թե այդ աշխատակիցների թվի ավելացում, և որ այդ մասին տնտեսվարող սուբյեկտը պետք է ծանուցվի սահմանված կարգով: Ընկերությունը ոչ հսկիչ գնում կատարելուց առաջ և ոչ էլ հսկիչ գնում կատարելուց հետո այդ մասին չի ծանուցվել: Ընդ որում, այդ փաստն արձանագրված է նաև արձանագրությամբ, որով հստակ նշված է, որ տեսուչները ներկայացրել են ծառայողական վկայականներ և հանձնարարագիր, իսկ որեւէ խոսք անգամ չկա այդ հրամանի մասին: Վարչական մարմինը ոչ մի ուշադրություն չի դարձրել նաև ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից տեղում կազմված արձանագրությունների մեջ արված գրառումներին, որով նրանք իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ արձանագրությունների մեջ առկա փաստերի հետ, պնդելով, որ իրենց կողմից տրամադրվել են համապատասխան կտրոնները»: Դատական գործընթացի ժամանակ, սակայն, այդպես էլ չբարձրաձայնվեց. ի վերջո, ներքին կտրոնը ի՞նչ կարգավիճակ ունի, արդյոք այն կարո՞ղ էր փոխարինել ՀԴՄ կտրոնին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» , 24.11.2018