«Կուզենայի մեկ քննադատության անդրադառնալ: Երբ ասում եմ, որ մենք կատարել ենք ժողովրդի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները, մեզ մեղադրում են, թե՝ «ընտրական օրենսգիրքը չփոխեցիք»: Բայց մեր թիմն այդ հարցում էլ լիարժեք կատարել է իր պարտավորությունը: ԸՕ նախագիծը պատրաստել ենք, երկու անգամ մտցրել ԱԺ, բայց վերջին պահին երեք հոգի մի կողմից է փախել, երկու հոգի՝ այն կողմից…»,-Թալինում այսօր ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ԱԺ ընտրությունները:
«Մեզ ասում են՝ բա գնայիք՝ հարկադրանքով ընդունել տայիք նոր Ընտրական օրենսգիրքը… Ինչո՞ւ չարեցինք այդպես, որովհետեւ ՀՀԿ-ի ուզածը հենց դա էր: Եթե մենք այդ ճանապարհով գնայինք, խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ կլիներ: Ինչո՞ւ, որովհետեւ նրանք լացուկոծով գնալու էին միջազգային հանրության մոտ եւ ասելու, թե նախկինում ունեինք Ընտրական օրենսգիրքը, որն ընդունված էր միջազգային հանրության կողմից եւ իբր՝ նաեւ քաղաքական ուժերի կողմից, բայց հիմա մեզ «զաստավիտով» ԸՕ ընդունել տվեցին…Նրանք անընդհատ մեզ սադրանքի էին ենթարկում, որպեսզի մենք նրանց ստիպեինք ԱԺ-ում քվեարկել նոր ԸՕ ընդունման օգտին, որպեսզի ողջ ընտրական գործընթացը լեգիտիմությունից դուրս լիներ: Բայց մենք կռահեցինք նրանց այդ մտադրությունը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք երաշխավորում են, որ ընտրությունների արդյունքները որոշելու են քաղաքացիները, եւ ակնկալում են վերջիններիս քվեն, որպեսզի հեղափոխություն կատարած քաղաքական թիմով իրականացնեն նաեւ տնտեսական հեղափոխություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ