«Առավոտ» օրաթերթի հերթական համարներից մեկում անդրադարձել էինք Վանաձորում գործող թիվ 15, 33 եւ 40 մանկապարտեզներում արձանագրված խախտումներին:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Կարինե Ղուկասյանն ու Արմեն Եղիազարյանը նշված մանկապարտեզներում իրականացրել էին ստուգումներ՝ կապված մրցույթների կազմակերպման եւ գնումների գործընթացների հետ: Դրա արդյունքում հայտնաբերել էին բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես այն, որ մանկապարտեզներին սնունդ մատակարարող «Էս ընդ է» ՍՊԸ-ն եւ «Աննա Սաքանյան» Ա/Ձ-ն ի սկզբանե կնքել էին 10.մլն 237.000 դրամի սննդի մատակարարման պայմանագիր՝ ներառյալ ավելացրած արժեքի հարկը: Սակայն, մրցույթը շահելուց հետո փոխել են հարկատեսակը, մատակարարումն իրականացնելով շրջանառության հարկով: Դրա արդյունքում այս ընկերությունների շահույթը նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1.700.000 դրամ:
Քանի որ նշված մանկապարտեզները գտնվում են համայնքային ենթակայության տակ, խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Վանաձորի քաղաքապետարանից: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ խնդրի մասին կիսով չափ է տեղյակ, այժմ որոշում են կայացրել մանկապարտեզներում աուդիտ նշանակել. «Երբ որ մենք կունենանք մեր ներքին աուդիտի տվյալները, ըստ այդմ կկայացնենք համապատասխան որոշում՝ մեր հետ է առընչվում, հարկային դաշտի, թե՞ այլ սուբյեկտայնությունների»:
Ասլանյանն ասաց, որ գնումների գործընթացն իրականացվում է առանց քաղաքապետարանի միջնորդության: Իսկ աուդիտի արդյունքները պարզ դառնալու դեպքում նոր միայն կխոսեն հետագա քայլերի մասին: Նա նշեց, որ անհրաժեշտության դեպքում գուցե դիմեն նաեւ այլ մարմինների. «Գնումներն իրականացվում է ուղիղ տնտեսվարող սուբյեկտի եւ մեր ՀՈԱԿ-ների միջեւ, այսինքն քաղաքապետարանը գնումների գործընթացը սննդի մասով չի կազմակերպում: Մանկապարտեզն առանձին մրցույթ է հայտարարում եւ առանձին պայմանագրեր է կնքում տնտեսվարողների հետ: Հետեւաբար այդտեղ կան հարկային խնդիրներ: Մենք կուսումնասիրենք, արդյունքների մասին հրապարակավ կներկայացնենք, եւ եթե պետք լինի, կդիմենք նաեւ այլ մարմինների»:
ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» , 24.11.2018