Քաղաքական ուժեր կան՝ քարոզարշավի մեկնարկից շուտ են նախընտրական պաստառները փակցնում, ուժեր էլ կան՝ «ուժը» կորցրած պաստառները ամիսներով չեն հանում:
Չնայած «Լույս» դաշինքն այլեւս գոյություն չունի, ավելին, այս դաշինքի 2 քաղաքական ուժերը՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունները, այլեւս միասին չեն մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց մինչ օրս մայրաքաղաքի որոշ հատվածներում դեռեւս քաղաքապետի ընտրություններից մնացած «Լույսի» քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի մեծադիր պաստառն է փակցված: Ու չնայած արդեն քաղաքապետ էլ ունենք, բայց Մալաթիա-Սեբաստիայում Արտակ Զեյնալյանը դեռ «Լույսի» թեկնածուն է: Մինչդեռ Զեյնալյանը հիմա պատգամավորի թեկնածու է. «Մենք» դաշինքի ցուցակում 4-րդն է:
Քաղաքապետի ընտրությունները սեպտեմբերի 23-ին էին, սակայն արդեն 2 ամիս է՝ համապատասխան քաղաքական ուժն այս պաստառը չի իջեցնում պատերից: Հետաքրքիր է, թե ով պետք է այդ գործով զբաղվի՝ նախկին «Լույս» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստա՞նը», թե՞ «Հանրապետություն» կուսակցությունը:
Ամեն դեպքում եկել է պաստառները հանելու ժամանակը. փոխեք դրանք:
Լուսանկարը՝ Նելլի Բաբայանի
«Առավոտ» , 24.11.2018