«Ոչ թե ծեծուջարդով, սպառնալիքներով, ընտրակաշառքներով, լցոնումներով, այլ քվեով է որոշվելու»,-Թալինում այսօր ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ապագայում ժողովուրդն է որոշելու, թե Խորհրդարանում որ ուժը որ տեղը պետք է զբացեղնի: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ԱԺ ընտրությունները: Դիմելով թալինցիներին՝ Փաշինյանը շեշտեց՝ հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ ՀՀ-ից վերացվել է հեղափոխությունների անհրաժեշտությունը. «Բոլոր այն դեպքերում, երբ դուք որոշեք հեղափոխություն անել, դուք դա կանեք ձեր ընտրաթերթիկի միջոցով: Հեղափոխություն տեղի ունեցավ, որովհետեւ ժողովուրդը զրկված էր քվեարկությամբ իշխանություն ձեւավորելու հնարավորությունից: Ձեր ձայնը գողանում էին, նենգափոխում էին կաշառքներով եւ սպառնալիքներով»:

Pre-election campaign of ‘My Step’ alliance ahead of the snap parliamentary elections in Armenia took place in Talin of Shirak Province, Armenia

Pre-election campaign of ‘My Step’ alliance ahead of the snap parliamentary elections in Armenia took place in Talin of Shirak Province, Armenia
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այսուհետեւ ցանկացած ընտրությունների ժամանակ քաղաքացիների՝ հեղափոխություն անելու իրավունքը պաշտպանված է լինելու. «Թե որքան ես կնմամ ՀՀ վարչապետ, դա կորոշի ժողովուրդը: Որ պահին, որ նա որոշի, որ ես այլեւս չպետք է լինեմ, նույն պահին կդադարեմ լինել վարչապետ: Սա է հեղափոխության ամենամեծ արդյունքը: Իշխանությունը իմը կամ իմ թիմինը չէ, այլ ժողովրդինը, մենք ընդամենն այդ իշխանության տեղապահն ենք՝ ժողովրդի կողմից նշանակված»:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու՝ քաղաքացիներից քվե է ակնկալում. «Ինչո՞ւ եմ հավակնում այդ կարգավիճակին: Որովհետեւ հակառակը կլիներ փախուստ: Պատկերացնո՞ւմ եք՝ ասեի, որ չեմ առաջադրվելու: Դա կնշանակեր ճանապարհի կեսից դավաճանել հեղափոխությանը եւ ժողովրդին: Ամեն դեպքում, ես վարչապետ կլինեմ միայն ժողովրդի որոշման պարագայում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ