Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կրակ է բացել ուկրաինական ռազմանավերի վրա. Կիևում ցանկանում են ռազմական դրություն հայտարարել

Նոյեմբեր 26,2018 12:22

Ռուս զինվորականները կրակ են բացել ուկրաինական երկու ռազմական մոտորանավի վրա և վերցրել դրանք՝ վիրավորելով մի քանի նավաստիների, հաղորդում է BBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան Կերչի նեղուցում, որը կապում է Սև և Ազովի ծովերը:

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են սադրանքի մեջ: Կիևը պնդում է, որ երկու մոտորանավը և նավաքարշը Օդեսայից գնում էին Մարիուպո՝ Կերչի նեղուցով և նախապես այդ մասին զգուշացրել էին ռուսական կողմին, իսկ Մոսկվայում ասում են, որ ուկրաինական կողմը խախտել է սահմանը:

«Ուկրաինական ռազմանավերը հարկադիր կերպով կանգնեցնելու համար կիրառվել է հրազեն: Արդյունքում Սև ծովում Ռուսաստանի տարածքային ջրերում գրավվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավ: Ուկրաինայի զինված ուժերի երեք վիրավորված զինվորականներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասվում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի գործողությունները գնահատել է որպես ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի խախտում:

«Նման գործողությունները սպառնալիք են Սևծովյան տարածաշրջանի բոլոր պետությունների համար, հետևաբար, պահանջում ենք միջազգային հանրության կողմից հստակ արձագանք»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ուկրաինայում քննարկում են ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը: Այդ հարցը կքննարկվի այսօր Գերագույն ռադայի նիստին:

«Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայի ՌԾՈՒ-ի դեմ՝ զինված ագրեսիա է Ուկրաինայի դեմ, որը համապատասխանում է 1974թ. դեկտեմբերի 14-ին ընդունված  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 3314 (ХХIХ) բանաձևի երրորդ հոդվածի c, d կետերին»,- Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության առաջին քարտուղար Ալեքսանդր Տուրիչինովը:

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել խորհրդարանին ռազմական դրություն մտցնել երկրում:

Վերջին մի քանի ամիսներին աճել է լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ղրիմի շրջանում:

2003թ. Մոսկվայի և Կիևի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ երկու երկրները համատեղ օգտագործում են Կերչի նեղուցը և Ազովի ծովը:

Սակայն վերջերս Ռուսաստանը սկսել է այստեղ ստուգել ուկրաինական նավահանգիստներ գնացող և այնտեղից եկող բոլոր նավերը, ինչը սրել է լարվածությունը Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930