Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն եւ կառավարությունը մեր անձնական բարեկեցությունը բարձրացնելու միջոց չեն

Նոյեմբեր 26,2018 11:00

Aravot.am-ի զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Արեգ Թադեւոսյանը

Երկար տարիներ քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդիկ որոշեցին արտահերթ ընտրությունների շեմին միավորվել մեկ կուսակցության մեջ եւ քաղաքականությամբ զբաղվել: Ինչո՞ւ:

– Կուսակցության հիմքում կանգնած էին քաղաքացիական շարժումների հիմնադիր անդամներ, հասարակական դաշտի լիդերներ եւ ոլորտային փորձագետներ, որոնք այս բազում տարիների իրենց փորձի արդյունքում ձեւավորել են իրենց տեսիլքը մեր երկրի ապագայի վերաբերյալ: Հեղափոխական գործընթացը վերացրեց այդ տեսիլքի ճանապարհին եղած հիմնական խոչընդոտը՝ կոռումպացված եւ ճահճացված ռեժիմը, որը խոչնդոտում էր որեւէ զարգացման գործընթաց, եւ այժմ ժամանակն է զբաղվել մեր երազանքների երկրի կառուցման աշխատանքներով: Մեր թիմն ունի իր ծրագիրը եւ սկզբունքները այս գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու համար եւ պատրաստ է վերցնել լիարժեք պատասխանատվություն մեր երկրի ապագան կառուցելու գործում: Իրականում այստեղ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ բանալի բառն է, քանի որ իմ թիմակիցները կայացած մարդիկ են, որոնք կարիք չունեն նայելու Ազգային ժողովին եւ կառավարությանը՝ որպես իրենց անձնական բարեկեցությունը բարձրացնելու միջոց, այլ այս գործընթացին նայում են միայն որպես եւս մի պատասխանատվության ոլորտ, ծանր պատասխանատվության ոլորտ, բայց մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությանը… Պետք է միասին կառուցենք այնպիսի մի երկիր, որը հիմնված է արդարության, համերաշխության, իրար նկատմամբ պատասխանատվության եւ մարդկային այլ բարձր արժեքների վրա, որտեղ քաղաքացին ունակ եւ շահագրգիռ է մասնակցել իր համայնքի եւ երկրի կառավարմանը եւ որտեղ մարդիկ հասկանում են, որ պետությունը հոգում է իրենց համար եւ իրենք էլ պատրաստ են հոգալ այդ պետության համար…

Հասարակական «խոշոր տրամաչափի» գործիչների`քաղաքականությամբ զբաղվելու մղումը ի՞նչ կտա քաղաքական դաշտին, ի՞նչ կտանի հասարակական դաշտից:

– Հասարակական դաշտի գործիչները հասնում են իրենց «տրամաչափի» խոշորացման բարձր աստիճանին, երբ իրենց լոկալ համայնքային ծրագրերին զուգահեռաբար մասնակցում են նաև համապետական եւ համաշխարհային մակարդակում առավել ծանր եւ հրատապ խնդիրների լուծման ոլորտներին: Հասարակական դաշտի զարգացման որեւէ լուրջ գործընթաց պահանջում է քաղաքական ոլորտի աջակցություն եւ քաղաքականությունների եւ ծրագրերի դաշտում ռազմավարական լուծումների մշակման, հաստատման եւ իրականացման հնարավորություն:

Այսպիսով՝ ՔՈ ՍԴԿ-ն, քաղաքական գործընթացներում ներգրավելով հասարակական ոլորտի փորձագետներին, հարստացնում է քաղաքականությունը արհեստավարժ մասնագետներով, որոնք զուգահեռաբար մասնակցում են թե հասարակական և թե քաղաքական դաշտերում զարգացման գործընթացներին:

– Քաղաքական ուժերը պայքարի են մտնում խորհրդարանում երկրորդ`ընդդիմության պատվավոր հորիզոնականի համար: «Քաղաքացու որոշումն» ի՞նչ ակնկալիքներով է մասնակցում այս ընտրություններին:

– Թե Ազգային ժողովը, թե կառավարությունը հանդիսանում են գործիքավորումը՝ մեր ստանձնած պատասխանատվությունների իրացման համար: Այս ընտրությունների արդյունքում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, մուտք գործելով ԱԺ և մասնակցելով կառավարության ձևավորմանը, ակնկալիքներ է ունենալու նախ և առաջ իր իսկ ընտրված թեկնածուներից՝ խստագույնս հետևելու կուսակցության օրակարգին և ոլորտային ծրագրերի իրականացմանը: Այս ծրագրերը ձևավորվել են բարձրակարգ ոլորտային մասնագետների կողմից՝ հիմնվելով հանրության կարիքների և հոգսերի մանրազննին վերլուծությունների վրա:

Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր ունեցած դիրքորոշումից և ընտրությունից, գտնվում է և գտնվելու է մեր հոգածության կիզակետում: ՔՈ ՍԴԿ-ն մշակելու և կիրառելու է ուղիղ ժողովրդավարական մեխանիզմներ՝ իրենց իսկ վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին քաղաքացու լիարժեք մասնակցությունն ապահովելու համար:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930