ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրականացնելու է դիտորդական առաքելություն:
ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Անժելա Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը երեկ հանդիպում են ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի քաղաքական վերլուծաբան Բարբարա Դևիսի հետ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման մասին հարցեր:
Նշենք, որ առաքելությունը գնահատելու է ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին:
Դեկտեմբերի 9-ին դիտորդները դիտարկելու են ընտրական տեղամասերի բացումը, քվեարկությունը, քվեաթերթիկների հաշվումը ու արդյունքների ամփոփումը:
Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելու է ընտրությունների հաջորդ օրը: Ընտրական ողջ գործընթացի դիտարկումների վերաբերյալ վերջնական զեկույցը հրապարակվելու է ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց: