Վանաձորում բաց դիտահորերը գլխացավանք են դարձել ոչ միայն վարորդների, այլեւ հետիոտների համար: Ասֆալտապատման խնդրից հետո, քաղաքում կարեւոր խնդիրներից հեկը դիտահորերի կափարիչների բացակայություն է:
Վարորդները դժգոհում են, որ կափարիչների բացակայության պատճառով եղել են դեպքեր, երբ մեքենան ընկել է դիտահորը. «Քաղաքում շատ կան բաց դիտահորեր, հատկապես երեկոյան ժամերին վախենալով ես մեքենա վարում, քանի որ կան փողոցներ լուսավորված չեն, վախենում ես, որ կընկնես մեջը: Ընկերներիցս մեկը մոտ մի 3 ամիս առաջ ընկել էր, Փառք Աստծո, շատ վնաս չէր եղել»,- ասում է վարորդ Արմենը:
Բաց դիտահորերի կարելի է հանդիպել քաղաքի թե՛ ծայրամասային, եւ թե՛ կենտրոնական փողոցներում: Նախկինում վանաձորցիները բաց դիտահորերում ծառի ճյուղեր էին տեղադրում, հիմա արդեն դիտահորերի միջ կամ դրանցից մի փոքր հեռու քարեր են տեղադրում, փորձելով այդ կերպ երթեւեկությունը դարձնել հնարավորինս անվտանգ:
«Արդեն երկար ժամանակ է բաց դիտահորեր կան՝ Մոսկովյան փողոցում, Երեւանյան խճուղի հասցեում, Խնձորուտ թաղամասում: Երկու օր առաջ էլ Բաղրամյան փողոցում եմ հանդիպել, որը նաեւ միջպետական ճանապարհ է: Շատ վտանգավոր է, խնդրում ենք պատկան մարմիններին, խնդրին ուշադրություն դարձնել»,- ասում է Էդգար Խաչատրյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ