Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Կրկին վստահության քվե ենք ակնկալում»

Նոյեմբեր 25,2018 18:03

Մեկնարկել է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի ներկայացումը եւ դրամահավաքը: Նախ փոքրիկ ֆիլմ ցուցադրվեց անցած ուղու եւ «թավշյա» հեղափոխության վերաբերյալ: Կադրեր կային նաեւ Սերժ Սարգսյան- Փաշինյան չստացված հանդիպումից, վարչապետ ընտրվելուց, դրանից հետո հրապարակի արձագանքից:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ֆիլմից հետո դժվար է խոսելը, նաեւ հավելեց, որ իրենց կուսակցությունը միշտ հանգանակություններ է արել եւ ցույց է տվել բոլոր մուտքերը, որ ստացել է: Ասաց, որ գումարը կարող է տրամադրվել՝ թե դաշինքի, թե նախընտրելի թեկնածուի անունով:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ երկու տասնամյակից ավել ՀՀ-ում կար մի համակարգ, որտեղ իշխանությունը չէր պատկանում ժողովրդին, դրա համար էլ տեղի ունեցավ հեղափոխությունը; «Կոռուպցիան ներքեւի օղակներից մինչեւ վերեւինը խաղի հիմնական կանոնն էր, չկար սոցիալական եւ իրավական արդարություն, դրա համար էլ տեղի ունեցով հեղափոխությունը»,-ասաց նա:

Նրա ձեւակերպմամբ, հեղափոխությունից հետո իշխանության եկած հեղափոխական թիմը փորձել է շտկել բոլոր չարիքները, որոնք առկա էին նախկին իշխանության օրոք. «Ազատ եւ արժանապատիվ Հայաստանի գոյությունն այլեւս իրականություն է»: Նա ասաց, որ «Իմ քայլը» դաշինքը կրկին դիմում է ժողովրդին՝ ակնկալելով աջակցություն գալիք ընտրություններին:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանգանակությունը շատ կարեւոր է իրենց ուժի համար: Նրա խոսքով, եթե իրենց պետք է հազար դրամ, ավելի ճիշտ է գտնել հազար հոգու, որոնցից յուրաքանչյուրը կտա մեկական դրամ, քան գտնել մեկին, որը մեկ աղբյուրից կտա այդ հազար դրամը: «Բազմաթիվ աղբյուրներից ստացած հանգանակությունը մեծացնում է պատասխանատվությունը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքական իրենց թիմը՝ հեղափոխական հարթակը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն՝ առանց բացառության: Ասաց նաեւ, որ կրկին վստահության քվե են ակնկալում՝ ՀՀ կառավարման ղեկը առաջիկա հինգ տարիներին ստանձնելու համար:

Նա ասաց, որ ՀՀ-ն պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերական երկրի: Ինչ վերաբերվում է երկրի կարիքներին, նրա խոսքերով, դրանք անվտանգությունն են եւ Արցախի հարցի կարգավորումը՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով, աղքատության հաղթահարումը տնտեսական զարգացման միջոցով բոլորի համար հավասար պայմաններով:

Նրա խոսքով, փոփոխությունների հիմքում պետք է դրվի աշխատանքի խրախուսումը եւ անհատական ջանքը: Փաշինյանն ասաց, որ միկրոբիզնեսը կազատվի հարկային արտոնություններից. «Ուզում ենք, որ մարդիկ կարողանան ճեղքել հուսահատությունը եւ հավատան իրենց ուժերին, արժանապատիվ աշխատելով վաստակելու հնարավորություն ունենան»: Տեխնոլոգիական ոլորտի համար եւս 13 տոկոսով կիջեցվի եկամտահարկը, որպեսզի քաջալերվի բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատատեղերի ստեղծումը: Վարչապետի պաշտոնակատարը ասաց, որ կքաջալերվեն ստարտափերը:

Նա խոստացավ, որ առաջիկայում այնպիսի ներդրումային ծրագրեր կլինեն, որոնք կփոխեն ՀՀ տնտեսական կերպարը:

Արտաքին քաղաքականությանն էլ անդրադարձ եղավ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց. «Մենք չենք պատրաստվում արտաքին քաղաքականության ոլորտում ռեւերանսներ իրականացնել» Ասաց, որ շեշտադրվելու է ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքի ուժեղացումը, առանձնահատուկ հարաբերությունների խորացումը Իրանի, Վրաստանի հետ, ԵՄ երկրների, Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ հարաբերությունները եւս կսերտանան, սակայն այդ ամենը չի լինի մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին:

Ասաց, որ ՀՀ-ն կմնա ՀԱՊԿ անդամ, իսկ այն հարցերը, որոնք գոյացել են վերջին տարիներին, կոնկրետը պատասխաններ կստանան: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինր ձեւակերպված է իրենց կարգախոսում՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»:

Ասաց, որ խնդիր են դրել առաջիկա հինգ տարիներին կրճատել ծայրահեղ աղքատությունը: Իսկ ամենակարեւոր խնդիրը, ըստ Փաշինյանի, մտածողության փոփոխությունն է, հոռետեսության կանխավարկածից ձերբազատումը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930