Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ագրարային ոլորտում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները

Նոյեմբեր 25,2018 14:10
gyux

Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը գյուղա­տն­տե­սությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույնն է  դուք կախ­ված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը  ստեղծում է հա­րըս­տու­թյուն, իսկ գյուղատնտեսությունն ապահովում է ազատություն:

ԺԱՆ  ԺԱԿ  ՌՈՒՍՍՈ

Գյուղատնտեսությունը եղել և մնում է անփոփոխ և անփոխարինելի մարդու կյան­­քում ունեցած կենսական նշանակությամբ: Այն նյութական արտա­դրո­ւ­թյան ռազմավարական ճյուղ է և երկրի համար ունի ինչպես սոցիալ-տնտե­սա­կան, պարենային անվտանգության, այնպես էլ  պատմամշակութային, ժողո­վր­դագրական, բա­ր­ոյահոգեբանական և հատկապես պաշտպանական կարևոր նշանակություն: Են­թա­դրվում էր, որ Հայաստանում 1991թ.-ին իրականացված ագրարային ռեֆորմի շա­րու­նակությունը պետք է լիներ տնտեսվարման ձևերի կատարելագործումը՝ օպտի­մալ չափեր ունեցող ֆերմերային տնտեսությունների և կոոպերատիվների ձևավո­րու­մը, դրա­մավարկային, ապահովագրական, իրավական, խորհրդատվական–տեղեկա­տվա­կան համակարգերի ձևավորումն ու  կատարելագործումը, շուկայական, արտա­դրա­կան և սոցիալական ենթակառուցվածքի զարգացումը , պետական աջակցության հիմ­նա­րար սկզբունքների ու կառուցակարգերի մշակումն ու իրականացումը, ագրարային ոլորտում ժա­մա­նակակից տեխնոլոգիաների ներդրումը, տեխնիկական պարկի վերազինումը, աշ­խա­տանքի և արտադրության կազմակերպման առաջադիմական մեթոդների արմա­տա­վորումը, ագրարային գիտության ու կրթության զարգացումը և այլն: Սակայն իրականում դա տեղի չունեցավ  և Հայաստանում բարեփոխումներն ըստ էության սահմանափակվեցին հիմնականում սեփականաշնորհմամբ և չա­պա­հո­վե­ցին ակնկալվող առաջընթաց:

Ռեֆորմից 27 տարի անց գյուղատնտեսության համա­խառն արդյունքի ծավալների և մի շարք այլ ցուցանիշների գծով զիջում ենք նախառեֆորմյան մակարդակը: Շուրջ 150 հազար հեկտար վարելահող դուրս է մնացել ակտիվ շրջանառությունից և օգտագործվում է որպես  խոտհարք կամ արո­տա­վայր: Մինչդեռ ագրարային ռեֆորմների միջազգային փորձը և պատմությունը ապա­ցուցում են, որ որպես կանոն ռեֆորմներից 5-7 տարի անց արձանագրվում են գյուղա­տնտեսական մթերքների արտադրության ծավալների 40-60 % աճ: Ներ­կա­յումս, Հայաստանում ագրարային ոլորտի զարգացման դանդաղ տեմպերը պայմա­նա­վորված են՝ վարկերի բարձր տոկոսադրույքով և բարձր հարկերով,ժամանակակից տեխնիկայի անբավարարությամբ և աշխատատար գործընթացների մեքենայացման ցածր մակարդակով, նյութատեխնիկական անբավարար բազայով, բնական ռեսուրս­նե­րի /հողի, ջրի/ անարդյունավետ օգտագործմամբ,իրացման  համակարգի անկատա­րու­թյամբ, ապահովագրության բացակայությամբ, ֆերմերային տնտեսությունների փոքր չա­փերով և տնտեսվարման առաջադիմական ձևերի բացակայությամբ, բարձր տեխ­նոլոգիաների և ընդհանրապես գիտական նվաճումների  դանդաղ ներդրմամբ, աշխատանքի և արտադրության կազմակերպման ցածր մշակույթով, ագրարային կրթության և գիտության վրա կատարվող ներդրումների անբավա­րարու­թյամբ, տեղեկատվական և խորհրդատվական սպասարկման ծառայությունների ցածր արդյունավետությամբ, իրավական դաշտի անկատարությամբ, գյուղում շուկայա­կան, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացման ցածր մակար­դա­կով, իրականացվող ծրագրերի ցածր արդյունավետությամբ և այլն:

Այնու­ամենայնիվ ՀՀ ագրարային ոլորտի ձախողումների պատճառը կարծում ենք առաջին հերթին պայմանավորված է ոլորտում իրականացվող ոչ գրագետ քաղաքականությամբ և պետական  աջակցության ոչ բավա­րա­ր մակարդակով: Ոլորտին լուրջ  հարված հասցրեցին նաև ռեֆորմի ընթացքում թույլ տրված մարտա­վա­րական սխալները, կադրային սխալ նշանակումները ու բազմաթիվ կամայական և չարդարացված կառավարչական որոշումները: Արդյունքում մեր երկիրն ունենալով հրաշալի բնություն, նպաստավոր պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար, տաղանդավոր և աշխա­տասեր ժողովուրդ, չի կարողանում ապահովել 2.5-3 մլն բնակչությանը սեփական արտադրության գյուղատնտեսական մթերքներով և Հայաստանում գյուղմթերքներով ինքնաբավության մակարդակը կազմում է ընդամենը 60-65%: Այս տարվա ամռանը առիթ եմ ունեցել հանդիպելու Արաբական Էմիրություններից ժամանած մի գործարար արաբի, ով նպատակ ուներ ներդրումներ կատարել Հայաստանի գյուղատնտեսության մեջ: Նա տարակուսած էր մեր գյուղա­տնտեսության զարգացման ցածր տեմպերից և ահա թե ինչ ասաց այդ առնչությամբ. «Դուք աշխարհում այն եզակի երկրներից եք, որ ունեն երեք ամենակարևոր գործոնները գյուղատնտեսության զարգացման համար՝ երկարատև արև, մաքուր ջրի  հարուստ պաշարներ և բերրի հող, սակայն զարմանալի է,որ չեք կարողանում կերակրել ձեր ժողովրդին սեփական արտադրանքով»:

Սա մեզ կարծում եմ խորհելու լուրջ տեղիք պետք է տա:Եվրոպական զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրների որոշ գիտնականներ այն կարծիքին են ,որ գյուղատնտեսության զարգացումը  հիմնականում պայմանավորված է երեք  հիմնական գործոններով՝ պետական աջակցությամբ, կոոպերացմամբ և գիտատեխնիկական առաջըն­թացով /բարձր տեխնոլոգիաների/ ներդրմամբ: Զարգացած երկրներում մշակված և ներդրված են պետական աջակցության հատուկ մեխանիզմներ, որոնք ապահովում են գյուղատնտեսական արտադրության մրցունակությունը և ֆերմերների նվազագույն եկամուտները:  Դա պայմանավորված է նրանով, որ գյուղատնտեսությունը շուկայա­կան պայմաններում հատուկ դիրք է զբաղեցնում և ունի մի շարք առանձ­նա­հատ­կու­թյուններ, որոնք ճյուղը դարձնում են ցածր արդյունավետ: Հաշվի առնելով ոլորտի բարձր ռիսկային լինելու հանգամանքը, պետությունները գյուղատնտեսությանը ցույց են տալիս համակողմանի աջակցություն: Տնտեսապես զարգացած երկրներում պետական աջակցության ծավալները երկար տարիներ մնում են դեռևս բավական բարձր: Մեկ ֆերմերային տնտեսության հաշվով պետական աջակցությունը կազմում է Եվրոմիությունում՝միջինը 10-11, ԱՄՆ-ում՝ 27-28, Նորվեգիայում՝ 30-33, Ճապո­նիա­յում 12- 14 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանում գյուղատնտեսության ոլորտին բյուջե­տա­յ­ին աջակցությունը կազմում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի 1-1.5% միայն, մինչդեռ զարգացած երկրներում այդ թիվը տատանվում է  40-95 տոկոսի սահմաններում:  Ագրարային համալսարանի աշխատակիցների այս տար­վա գարնանը մարզերում հանդիպումների ընթացքում ֆերմերները գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառ նշում էին մատչելի ֆինանսական ռեսուրսների անբավարարությունը, իրացման համակարգի անկատարությունը, ոռոգման ջրի պակասը, պարարտանյութերի, թունաքիմիկատների սերմերի բարձր գները, հակակարկտային և մասնագիտական խորհրդատվական ծառայությունների անարդյունավետ աշխատանքը,  տեխնիկայի անբավարարությունը և սպասարկման բարձր գները, ապահովագրության բացակայությունը և այլն: Մեր կարծիքով ագրարարային ոլորտի կայուն զարգացումն ապահովելու նպատակով պետության առաջնահերթ խնդիրը  պետք է լինի ոլորտը կարգավորող իրավական   ամբողջական դաշտի ձևավորումը: Ռեֆորմից  27 տարի անց դեռևս չեն ընդունվել մի շարք հիմնարար օրենքներ,որոնք լուրջ դերակատարություն կունենային ոլորտի զարգացման գործում, ինչը խոսում է պետության, այդ կարևոր ճյուղի նկատմամբ ունեցած անտարբերության մասին: Իսկ գյուղկոոպերատիվների մասին օրենքն ընդունվեց ձգձգումներով, ռեֆորմից 23 տարի անց միայն, 2015թ., ինչի պատճառով նաև այսօր Հայաստանում անմխիթար վիճակում է գյուղատնտեսական կոոպերատիվների՝տնտեսվարման այդ առաջադիմական ձևի  ներդրման գործըն­թացը:

Անշուշտ, միայն օրենքի ընդունումը բավարար չէ և անհրաժեշտ է մշակել ու ընդունել կոոպերատիվների ձևավորման ու զարգացման միջոցառումների համալիր ծրագիր, ձևավորել արտոնությունների այնպիսի  համակարգ, որը կշահագրգռի գյուղացիներին կազմակերպել կոոպերատիվներ:  Առաջարկում ենք  ընդունել ՀՀ օրենք «Գյուղատնտեսության զարգացման մասին», որը կհանդիսանա որպես ոլորտը կարգավորող մայր օրենք և կկանոնակարգի ու կսահ­մա­նի ագրարային պետական քաղաքականության նպատակը, խնդիրները, առաջնայնությունները, ոլորտի գերակա ճյուղերը, սկզբունքները և զարգացման հիմնական ուղղությունները, պետական իշխանության մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը պետական ագրարային քաղաքականության մշակման և իրականացման գործում,տարբեր ագրարագյուղացիական միությունների, ասոցիացիաների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը և լիազորությունները պետական ագրարային քաղաքականության մշակման ու իրականացման գործում և այլն: Կարևորում ենք «Ագրարային ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի շուտափույթ ընդունումը, որը կկանոնակարգի ոլորտին պետական աջակցության ուղղությունները, սկզբունքները, առաջնահեր­թու­թյունները, այդ նպատակով ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուրները և այլն:

Ներկայումս գործող քաղաքացիական օրենսգիրքը լիարժեքորեն չի կարգավո­րում վարձակալական հարաբերությունները և «Վարձակալության մասին» ՀՀ օրենքի ըն­դու­նումը կապահովի իրավահավասար պայմաններ վարձակալների և վարձատուների համար: Օրենքը մանրակրկիտ ձևով կկանոնակարգի հողերի և առաջին հերթին (պահուստային) վարձակալությամբ հանձնման կարգը, վարձակալին ներկայացվող պահանջները, վարձակալների ընտրության մեխա­նիզ­մ­ները, կսահմանի վարձավճարի և վարձակալության ժամկետների նվազա­գույն և առավելագույն չափը, վարձակալի կողմից կապիտալ ներդրումների իրականացման դեպքում վարձակալին փոխհատուցումների վճարման մեխանիզմները և թույլ կտա հողը հանձնել առավել արդյունավետ տնտեսվարողներին: Հետռեֆորմյան տարի­ներին այդպես էլ լիարժեքորեն չկայացավ տեղեկատվական–խորհրդատվական ծառայությունը և գրեթե անիմաստ վատնվեցին այդ նպատակով հատկացված բյուջետային միջոցները:

Հաշվի առնելով տեղեկատվական–խորհրդատվական ծա­ռա­յության կարևորությունը, առաջնահերթ կարգով պետք է ընդունել նաև ՀՀ օրենք «Տեղեկատվական-խորհրդատվական ծառայությունների մասին»,  որը կսահմանի ծա­ռա­յության կառուցվածքը, ենթակայությունը, գյուղատնտեսական շուկայի մասնա­կիցներին  անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման մեխանիզմները և կկար­գավորի տեղեկատվական-խորհրդատվական ծառայության փոխհարա­բե­րու­թյուն­ները ագրոարդյունաբերական համալիրի տնտեսվարող սուբյեկտների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Հաշվի առնելով ագրարային համալսարանի գիտական ու մասնագիտական լուրջ ներուժի առկայությունը, ագրարային համալսարանի կողմից արվել է առաջարկություն տեղեկատվական-խորհրդատվական ծառայությունը, ինչպես նաև կադրերի վերապատրաստումը  ներառել ագրարային համալսարանի կառուցվածքում: Տեղեկատվական խորհր­դա­տվական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում շատ կարևոր է հեռուստատեսության դերը՝ գյուղատնտեսության վարման համաշխարհային առաջավոր փորձին, ներքին ու արտաքին շուկաներում և  գյուղատնտեսության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, առկա հիմնախնդիրներին և գիտության նորագույն նվաճումներին պարբերաբար անդրա­դառնալու համար: Տեղեկատվության և խորհրդատվության գործող համակարգը ի վիճակի չէ ներկա հնարավորություններով շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական այլ կազմակերպություններին մատուցել որակյալ ծառայություններ:

Մեր կարծիքով՝ նպատակահարմար կլինի գյուղապե­տա­րանների աշխատակազմի կառուցվածքում սահմանել մասնագետների՝ գյուղատնտեսի, անասնաբուծ-անասնաբուժի, տնտեսագետի և այլն հաստիքներ, ելնելով տվյալ բնակավայրերի մասնագիտացման ուղղությունից, հողատարածությունների չափից, անասնագլխաքանակից և այլն: Ծախսերը կրճատելու նպատակով դա կարելի  է կազմակերպել /տարածաշրջանային սկզ­բուն­քով/ մի քանի իրարից մոտ գտվող գյուղերի համար համատեղ: Նշված մասնագետների պահպանության ծախսերի 50%-ը կարելի է նախատեսել պետական բյուջեից, իսկ 50%-ը՝ գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայու­թյունների դիմաց գանձվող վճարների հաշվին: Գյուղատնտեսության զարգացման ուղղված առաջնահերթ  քայլերից մեկը մեր կարծիքով պետք է լինի ագրարային կրթության ու գիտության զարգացումը, առանց որի մենք չենք կարող ժամանա­կակից, բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված գյուղատնտեսություն ունենալ:

Բոլոր դեպքերում քաղաքակրթությունը ձգտում է առաջ շարժվել տեխնոլոգիական զարգացման ճանապարհով:Ելնելով այդ իրողությունից, անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել գյուղատնտեսական գիտական  կենտրոններին  և ագրարային համալսարանին հատկացվող  ֆինանսական միջոց­ները լաբորատորիաների արդիականացման, առաջավոր փորձի ուսումնասիրության նպատակով տարբեր երկրներ գործուղելու  և գիտական հետազո­տու­թյուններ կա­տարելու համար:Ահա թե ինչ է գրում աշխարհի գյուղատնտեսական ամենազարգացած տեխնոլոգիաներ ունեցող երկրի՝Իսրայելի նախկին վարչապետ Շեմոն Պերեսը. « Հողը,որ մեզ տրվել էր, անապատ էր ու քարեր: Եվ մենք սկսեցինք զարգանալ ուսոմնասիրելով ,թե ինչպես կարելի է գյուղատնտեսությունը զարգացնել առանց ջրի ու առանց հողի:Ի զարմանս ինձ պարզվեց ,որ գյուղատնտեսությունը կարող է գործել հիմնված չլինելով հողի բերրիության, այլ բարձր տեղխնոլոգիտեխնոլոգիաների վրա: Պետք է գնալ գիտության ետևից, գիտությունը սահմաններ, սահմանափակումներ չունի»:

Ըստ էության գիտական կենտրոններին ֆինանսավորվող ներկա ծավալները բավարարում են հիմնականում տնտեսական ծախսերին ու աշխատավարձին: Գտնում ենք  նպատակահարմար բարձր տեխնո­լո­գիաների ոլորտում հետազոտություն իրականացնող ասպիրանտների կամ հայցորդների համար սահմանել ուսման վարձավճարների զեղչեր:Միաժամանակ ճիշտ կլինի թեկնածուական և դոկտորական ատենախոսության թեմաները համաձայնեցնել գյուղնախարարության հետ դրանք բարեփոխումների արդի պահանջներին համա­պատասխանեցնելու համար:Անհրաժեշտ է սերտացնել կապը գիտության, կրթության և արտադրության միջև: Ոլորտի գիտական հիմնարկները պետք է հաճախակի կազմակերպեն հրատապ թեմաներով գիտաժողովներ, քննարկումներ և ներկայացնեն գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող մարմնին առաջարկություններ:Մենք ունենք այնքան ինտելեկտուալ ներուժ,որպեսզի տեխնոլոգիաներ ներմուծող երկրից դառնանք տեխնոլոգիաներ արտահանող երկիր: Այսօր հայ գյուղացու համար լուրջ խնդիր է արտադրանքի իրացումը: Այդ հարցը կարող է լուծվել պետական գնումների արդյունավետ կազմակերպման, մեծածախ շուկաների և իրացնող կոոպերատիվների ստեղծման,արտահանման խթանման, պետական միջոցներով արտաքին և ներքին շուկաների հետազոտությունների իրականացման ու գյուղատնտեսական կազմակերպություններին անվճար տեղեկա­տվությունների տրամադրման  միջոցով և այլն: Միաժամանակ անհրաժեշտ է արտադրող-իրացնող գործընկերային հարաբերություններում արմատավորել գործընկերային նոր մշակույթ:

Անմխիթար վիճակում է գտնվում գյուղատնտե­սու­թյան տեխնիկայով ապահովվածության վիճակը: Ներկայումս մեքենաների և տրակ­տորների գերակշռող մասը խորհրդային արտադրության են,որոնց տարիքը 30-40 է և 3-4 անգամ գերազանցում են շահագործման գործարանային ժամկետները: Տեխնիկայի անբավարարության ու մաշվածության պատճառով գյուղատնտեսական մեքենայական  աշխատանքները իրականացվում են ցածր որակով, խախտվում են ագրոտեխնիկական ժամկետները, իսկ բերքահավաքն իրականացվում է զգալի կորուստներով: Մեխանիզատորների կողմից գյուղացիների նկատմամբ ցուցաբերվում են կամայական վերաբերմունք մատուցվող ծառայությունների գների հարցում: Մեր կարծիքով նպատակահարմար է ստեղծել տարածաշրջանային /մի քանի գյուղի համար/ մասնագիտացված մեքենատրակտորային կազմա­կեր­պու­թյուններ (կայաններ), որոնք կունենան բաց կամ փակ բաժնետի­րական ընկերու­թյունների կարգավիճակ և որոնց հիմնադիր կապիտալը կարող է ձևավորվել ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ պետության մասնակցությամբ:

Մեքենա­տրակտորային կայանների գործառույթները կլինեն՝գյուղատնտեսական մեքենա­յա­կան աշ­խա­տանքների իրականացումը,գյուղատնտեսական տեխնիկայի տեխնի­կական սպասարկումն ու վերանորոգումը,խորհրդատվական օգնություն՝նոր գյուղա­տնտեսական տեխնիկայի օգտագործման ու տեխնոլոգիաների ներդրման հարցում և այլն: Միաժամանակ անհրաժեշտ է կազմակերպել գյուղատնտեսական փոքրա­ծավալ մեքենաների և գյուղատնտեսական գործիքների հայրենական արտա­դրու­թյուն, որի համար հանրապետությունում առկա է մտավոր-գիտական բավարար ներուժ: Քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի սահմանում ներկայումս Հա­յաս­տանում գործող շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակը, ուստի նպատակահարմար ենք գտնում ընդունել ՀՀ օրենք «Գյուղացիական տնտեսությունների մասին» կամ լրացումներ կատարել քաղաքացիական օրենսգրքում, որը կսահմանի գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակը և ձևավորման ու գործունեության սկզբունքները: Առաջարկում ենք հողի հարկից ազատել այն գյուղացիական տնտեսություններին և կոոպերատիվներին, որոնք տվյալ տարում իրենց ակտիվների արժեքի առնվազն 50 տոկոսի չափով կատարում են ներդրումներ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ավելացնելով կանոնադրական կապիտալը:

Գյուղատնտեսական կազմակերպություններին մատչելի ֆինանսական ռեսուրսներով ապահովելու նպատակով ազատել շահութահարկից այն առևտրային բանկերին, որոնք իրենց ակտիվների արժեքի 50 տոկոսից ավելին ուղղել են ագրարային ոլորտի, պետության կողմից գերակա համարվող ճյուղերի կազմակերպություններին բարձր տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար ցածր տոկոսադրույքով՝ /մինչև 5 տոկոս/ վարկավորմանը: Նպատակահարմար ենք համարում առաջիկա 3-5 տարիներին պետական պահուստային ֆոնդի վարելահողերի, խոտհարքների և  արոտների վարձավճարը կոոպերատիվների և գյուղացիական տնտեսությունների  համար սահմանել համե­մա­տաբար ցածր կամ տրամադրել անվճար:Մենք շատ անփույթ ենք օգտագործում գյուղատնտեսության թերևս ամենակարևոր ռեսուրսը՝ ջուրը, որի շուրջ 70 տոկոսը վատնվում է շարքից դուրս եկած ոռոգման համակարգի և կիրառվող հնացած տեխնոլոգիաների պատճառով: Ելքը մեր կարծիքով համատարած փոքր ջրամբարների կառուցումն է, /որն ունի նաև բնապահպանական կարևոր նշանակություն/ ոռոգման համակարգերի արդիականացումն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և համակարգում կարգ ու կանոնի հաստատումը: Գյուղացին լուրջ վնասներ է կրում կարկտահարության պատճառով:Հակակարկտային ծառայությունը այդպես էլ չկայացավ հանրապետությունում և ապահովագրության բացակայության պայմաններում գյուղացին մնացել է հուսահատ ու անօգնական վիճակում:Այս հարցում ժամանակակից  տեխնոլոգիաների պայմաններում կարծում եմ կարելի է այնուամենայնիվ արդյունավետ լուծում գտնել:

Անհրաժեշտ է բարձրացնել պետական իշխանության մարմինների պատասխանատվությունը ագրարային քաղաքականության մշակման և իրականացման գործում: Այդ գործում հանրային վերահսկո­ղություն, հրապարա­կայնություն և թափանցիկություն ապահովելու նպատակով լավ կլինի տարբեր ագրարագյուղացիական միություններին «Ասոցիացիաներին» և հասարակական կազմակերպություններին մասնակից դարձնել ագրարային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացին: Կարծում ենք հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետարաններն ավելի մոտ են կանգնած գյուղացիական տնտեսություններին, ավելի արդյունավետ կլինի, եթե գյուղնախարարության որոշ գործառույթներ՝ ասենք տեղեկատվական և խորհրդատվական ծառայության գործունեության համակարգումը,նպատակային ծրագրերի իրականացու­մը, սուբսի­դիա­ների տրամադրումն իրականացվի մարզպետարանների միջոցով:Այդ տեսակետից կարծում ենք արդյունավետ կարող է լինել նաև գյուղնախարարության և տարածքային կառավարման նախարարությունների միավորումը: Միջազգային փոր­ձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ պետությունը գյուղատնտեսությանը ցույց է տալիս համակողմանի աջակցություն, նպաստում է ոլորտի զարգացմանը, այդ երկրներում որպես կանոն լուծված են պարենային անվտանգության խնդիրները:

Մենք պետք դեմքով շրջվենք դեպի գյուղը, վերականգնենք երբեմնի ուշադրությունը և ընդգծված հարգանքը հայ գյուղացու  նկատմամբ՝ որպես բարիք ստեղծող ու արարող մարդու: Ազգովի պետք է լավ իմանանք, որ հայոց պետականության ակունքներում հայ գյուղացին է կանգնած և մեր երկրի կայունությունն, անկախությունն ու անվտանգությունը մեծապես պայմանավորված են հենց նրանով:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի

Ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930